ԼՂՀ օմբուդսմենը դարձել է Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ

Օրվա լուր | | October 2, 2009 14:28

Ձախից` Յուրի Հայրապետյան, Արմեն Հարությունյան

Ձախից` Յուրի Հայրապետյան, Արմեն Հարությունյան

ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը դարձել է Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի (ԵՕԻ) անդամ. այս մասին այսօր հայտարարեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը համատեղ մամուլի ասուլիսում:

«Սա լավագույն միջոցն է՝ միջազգային հանրությանը իրազեկելու ԼՂՀ-ում ընթացող ժողովրդավարական գործընթացների մասին»,-ասաց Հայրապետյանը:

Օմբուդսմենների Եվրոպական ինստիտուտի հատուկ պատվիրակությունն այս տարվա հուլիսին ԼՂՀ է այցելել` ծանոթանալու ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակին և ԼՂՀ օմբուդսմենի գործունեությանը: Դրանից հետո միայն թույլատրվել է ԼՂՀ-ի անդամակցությունը կառույցին:

ԼՂՀ օմբուդսմենին ԵՕԻ լիարժեք անդամի կարգավիճակ է շնորհվել օգոստոսի 31-ին, սակայն «փաստաթուղթը մենք միայն վերջերս ենք ստացել»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ վաղը ՀՀ և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանները մասնակցելու են Իտալիայում կայանալիք ԵՕԻ ամենամյա համագումարին:

ԼՂՀ  պաշտպանի ինստիտուտը ստեղծվել է 2008-ի օգոստոսին, և ըստ Հայրապետյանի` 1 տարուց մի փոքր ավել ժամանակահատվածում հաջողվել է ձեռք բերել քաղաքացիների վստահությունը: Հայրապետյանն ասում է, որ քաղաքացիների բողոքը հիմնականում վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին. կենսաթոշակային խնդիրների, բնակարանային և աշխատանքային իրավունքի խախտում, կան նաև բողոքներ ոստիկանությունից:

Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտը հիմնադրվել է 1988-ին` Ավստրիայում: Հայաստանն անդամակցում է ԵՕԻ-ին 2005-ից: Այս կառույցի անդամ է նաև Ադրբեջանի օմբուդսմենը, ով անհաջող փորձ է արել` խոչընդոտելու ԼՂՀ օմբուդսմենի անդամակցությանը կառույցին:

«Սա միջազգային գրանցում ունեցող, բայց ոչ պետական կառույց է,- ասաց Հարությունյանը,- Կառույցը մարդու իրավունքները վեր է դասում քաղաքականությունից»:


Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply