«Արմավիան» ու «Զվարթնոցը» վերջապես պայմանավորվեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 13, 2012 18:51
Այսօր` մարտի 13-ին կայացած հանդիպմանը, «Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ներկայացուցիչները համաձայնության են եկել, ըստ որի ավիաընկերությունը հետայսու եւս կշարունակի չվերթներ իրականացնել Երեւանի միջազգային օդանավակայանից: Այդ մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Նա նաեւ նշել է, թե հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որով կազմվելու է օդանավակայանի առջեւ ընկերության պարտավորությունները մարելու ժամանակացույցը:
Նշենք, որ «Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի հարաբերությունները սրվել էին ընթացիկ ամսվա սկզբին: Մարտի 6-ին «Արմավիան» անժամկետ գործադուլ էր հայտարարել` դա պատճառաբանելով օդանավակայանի գնային քաղաքականությամբ:
Իր հերթին, «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարել էր, որ ըստ «Ռոսավիացիա» կազմակերպությունից ստացված հեռագրի, «Արմավիա» ընկերությանը կուտակված պարտքի պատճառով արգելված է Ռուսաստան չվերթներ իրականացնել եւ ներխուժել նրա օդային տարածք: Ընկերությունը բացասական է գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից շահարկումները եւ անհիմն ու սուտ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է նման իրադրության մեջ: Հենց նույն օրը կայացած բանակցությունների արդյունքում «Արմավիայի» չվերթները վերականգնվել են:






Facebook
Tweet This
Email This Post
