Արա Բաբլոյան. Ես այլեւս «Գարանտ Լիմենսի» սեփականատերը չեմ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 12, 2012 23:27

«Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունը հիմնել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը: Այդ մասին այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Ա. Բաբլոյանը: Նրա խոսքով` «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունը ստեղծել է 1997 թ., երբ այլեւս նախարար չէր, ու դեռ պատգամավոր չէր:

Ա. Բաբլոյանի տեղեկացմամբ` «Գարանտ լիմենսը» միակ ապահովագրական ընկերությունն է Հայաստանում, որն ունի 41 բաժնետեր, այնինչ մյուսների բաժնետերերի թիվը չի անցնում երեքից: «Լինելով պատգամավոր, ես չեմ զբաղվում նրա կառավարմամբ, նույնիսկ չեմ հանդիսանում նրա բաժնետեր, քանի որ օրենքը դա պահանջում է»,- ասաց Ա. Բաբլոյանը:

Նշենք, որ «Գարանտ լիմենսի» ամենախոշոր բաժնետերը տվյալ պահին Ա. Բաբլոյանի կինն է` Մանուշակ Երիցյանը, ով նաեւ «Արբես» բժշկական կենտրոնի տնօրենն է (այս հաստատությունը գործում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի կազմում): Մ. Երիցյանին պատկանում է «Գարանտ լիմենսի» բաժնետոմսերի 25.29 %-ը: Բացի այդ` «Գարանտ լիմենսի» խորհրդի նախագահը Արման Բաբլոյանն է, ով հավանաբար Ա. Բաբլոյանի որդին է:

Նշենք, որ «Գարանտ լիմենսի» գործունեության հիմնական ուղղվածությունը բժշկական ապահովագրությունն է` 2011 թ. արդյունքներով այս կազմակերպությունը հանդիսանում է բժշկական ապահովագրության առաջատարը (հավաքագրված ապահովագրական վճարների ծավալը 455 մլն դրամ է):

Սակայն կառավարության կողմից սոցիալական փաթեթի ներդրումից հետո ապահովագրության այս դասում մրցակցությունն ուժեղացել է: Հիշեցնենք, որ 132 հազ. դրամ արժողությամբ սոցփաթեթում 52 հազ. դրամը պարտադիր պետք է լինի բժշկական ապահովագրություն: Վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ Ա. Բաբլոյանը, լինելով ԱԺ հանձնաժողովի նախագահ, մարզպետներին ստիպում է տվյալ մարզում բժշկական ապահովագրության բոլոր պոլիսները պատվիրել «Գարանտ լիմենսին»: Ինքը` Ա. Բաբլոյանը այսօր կտրականապես հերքեց, թե մարզպետների վրա ճնշում է բանեցրել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

NEWS.am

Դիտվել է 1463 անգամ:
Print Friendly

Leave a Reply