Այս տարի կոնյակի արտադրությունը կտուժի թե որակապես, թե քանակապես

ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 2, 2009 14:08

Այս տարի մոտ 50 տոկոսով  Հայաստանում կկրճատվի կոնյակի արտադրությունը. Մեր երկրում մթերվող խաղողի 90 տոկոսից կոնյակ են ստանում, մնացած 10 տոկոսն է միայն գնում գինու արտադրությանը:

«Այս տարի ճգնաժամն ազդել է նաև խաղողի շուկայի վրա. մթերող կազմակերպությունն արտադրման փուլում ֆինանսական խնդիրներ է ունենում,-այսօր գյուղմթերքի իրացման մասին խոսելով՝ասաց  «Մառան» ընկերության տնօրեն, «Գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանը,-Հետևաբար տրամաբանական է, որ չենք կարող ապահովել անցած տարվա կոնյակի թե արտադրության, թե արտահանման չափաբաժինը, դրսի շուկայում մեր տեղը կգրավի որակով վատ ապրանք և հետո չենք կարող վերականգնել մեր նախկին դիրքը: Վերկանագնումը կլինի մոտ 25 տոկոսով»,-:

Ըստ Հարությունյանի` այսօր խաղողի մթերում են սկսել 15 ընկերություններ. այս գործընթացը կավարտվի հոկտեմբերի 20-ին:

«Ֆինանսական խնդիրներին էլ գումարվում է կլիմայապես անբարենպաստ տարին (ոչ բերքի առատության առումով). ջերմություն չկար, հետևաբար խաղողի մեջ շաքարի բաժինը քիչ է, որն էլ էապես կազդի արտադրվող գինու և կոնյակի որակի վրա»:

Այս տարի գյուղացու աշխատանքը, ինչպես Հարությունյանն է ասում, ջուրը չի թափվի. խաղողը կմթերեն գրեթե ամբողջությամբ, բայց խնդիր է ծագելու գումարը ժամանակին վճարելու. այստեղ չկա պետության աջակցությունը:

«Մենք դեռևս անցած տարի օգոստոսի 27-ին գիտեինք, որ այս տարվա համար մեծ կորուստներ ենք ունենալու, պետությունը պետք է օգներ մթերողներին` տրամադրելով արտոնյալ վարկեր, որպեսզի նույն գնով(1 կգ՝ 110-130 դրամ), ժամանակին ու ամբողջությամբ վճարեն գյուղացուն»,-ասում է Հարությունյանը:

ԱԺ գյուղատնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Միշա Ստեփանյանն էլ նշում է, որ այսօրվա տվյալներով՝  արդեն մթերվել է 36 000 տոննա խաղող:

«Պետությունն ամեն ինչ անում է, որ գյուղացուն օգնի մթերքի իրացման հարցերում. մարզերում ստեղծվել են պետական կառույցեր, որոնք խորհրդատվություն են տրամադրում գյուղացուն, ինչպես վարի իր տնտեսությունը, որ եկամուտ ստանա»,-ասաց Ստեփանյանը՝ առանց իրատեսական լուծումների:

Խոսելով կարտոֆիլի առատ բերքի մասին, որը Հայաստանում չի իրացվում,Ստեփանյանն ասաց, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավորություն կտա ոչ միայն իրացնել այսօր Հայաստանում չիրացվող կարտոֆիլի առատ քանակությունը, այլև մեծացնել կարտոֆիլի ցանքատարածքները. Վրաստանը հիմա Հայաստանից կարտոֆիլ չի ներկրում, քանի որ սկսել է այն ներկրել Ադրբեջանից:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply