Աղջիկներին պոռնկության մեջ ներգրավելու համար մեղադրվող իրավապաշտպանի որդու դատը շարունակվում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 12, 2012 22:28


Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց իրավապշտպան Գոհար Գալստյանի որդու` Արման Միքայելյանի գործով դատական նիստը, որի ընթացքում շուրջ մեկ ժամ 1-ին պաշտպան Վաղինակ Աթոյանը ներկայացրեց պաշտպանական ճառը:

Panorama.am-ը հետևել էր այս գործին և տեղեկացրել, որ Միքայելյանը մեղադրվում է էջմիածնեցի «սպորտսմեն», թրաֆիքինգի ու բռնաբարության համար մեղադրվող Համլետ Դավթյանին օժանդակելու համար:

Արման Միքայելյանի նկատմամբ մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի 38-րդ (Օժանդակելը) և 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (Մարդու թրաֆիքինգը երկու կամ ավելի անձանց նկատմամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) նախատեսված հատկանիշներով: Միքայելյանի գործով մեղադրական եզրակացության համաձայն, «Միքայելյանը 2010-ի ամռանից որոշակի վարձատրության դիմաց, որպես թիկնապահ ծառայություն մատուցելով Համլետ Դավթյանին, ամենօրյա հսկողություն է սահմանել վերջինիս կողմից խաբեությամբ պոռնկության շահագործման նպատակով հավաքագրված և շահագործված Ի. Խ.-ի, Ն. Հ.-ի և Ի. Կ.-ի (աղջիկներ են) նկատմամբ»: Արմանի հարազատները սակայն, համաձայն չեն այս մեղադրանքի հետ:

Այսօր էլ, փաստաբան Աթոյանը հիմնավորել է, որ Միքայելյանին Քրեական օրենսգրքի 38-132 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ ենթակետերով և ՔՕ 266-րդ (թմրամիջոցներ ձեռք բերելը, իրացնելը) հոդվածի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը անհիմն է և դատարանից պահանջեց, որ գործը կարճվի:

Այսօր Միքայելյանի երկրորդ պաշտպան Թամարա Պողոսյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին միջնորդել է մի քանի օրով հետաձգել նիստը, որպեսզի ավելի խորությամբ կարողանա պատրաստել իր կողմից ներկայացվելիք պաշտպանական ճառը: Դատավոր Մնացականյանը բավարարել է տիկին Պողոսյանի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակել մարտի 19-ին ժամը 11:30-ին:

Նշենք, որ նախորդ նիստում մեղադրող դատախազ Անդրանիկ Հակոբյանը դատարանում արդեն կարդացել է մեղադրական ճառը, որով առաջարկել է Արման Միքայելյանի նկատմամբ պատիժ սահմանել 9 տարի ազատազրկման ձևով:

Panorama.am

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply