Այսօր հայտնի գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 12, 2012 16:53

Այսօր հայտնի հայ գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է: Փանոս Պողոսի Թերլեմեզյանը ծնվել է 1865թ. մարտի 11-ին Վանում: 1881-86թթ. սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում:

Սուլթան Համիդի բռնությունների դեմ ակտիվորեն պայքարելու համար հետապնդվել է, հեռակա դատվել և պատժից խուսափելու համար մեկնել է Թիֆլիս: 1895-97-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում: 1897-ին թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել է և աքսորվել Իրան, որտեղից մեկնել է Փարիզ:

1899-1904-ին սովորել է ժյուլիան ակադեմիայում: Ուսման տարիներին ստեղծել է «Բանվորուհին ջրհորի մոտ» պատկերը (1903): 1904-ին վերադառնալով Հայաստան՝ Թերլեմեզյանը ստեղծագործական բեղմնավոր շրջան է ապրել: «Սանահինի վանքի գավիթը» (1904) Մյունխենի համաեվրոպական ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: 1908-ին մեկնել է Փարիզ, ուր բազմաթիվ այլ գործերի հետ ստեղծել է Ա. Շիրվանզադեի դիմանկարը (1908): 1910-12-ին ապրել է Կ. Պոլսում, մտերմացել Կոմիտասի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ե. Օտյանի և ուրիշների հետ:

1913-14-ին Վանում նկարել է բնապատկերներ (պահպանվել է «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց», 1915, կտավը): Որպես ղեկավար մասնակցել է Վանի ինքնապաշտպանության կռիվներին: 1915-ին արևմտահայության զանգվածների հետ գաղթել է Անդրկովկաս: 1916-ին Թիֆլիսում կազմակերպել է Հայ արվեստագետների միությունը (նախագահ՝ Ե. Թադևոսյան), իսկ 1917-ին Ռոստովում՝ Հայ արվեստագետների միության մասնաճյուղը:

1919-22-ին եղել է Կ. Պոլսում, Իտալիայում, Ֆրանսիայամ, ստեղծել բնանկարներ: 1923-ին մեկնել է Ամերիկա, մի քանի տարբերակով նկարել «Նիագարայի ջրվեժը» (1923), Ֆրեզնոյի (1925), Կալիֆոռնիայի (1926), Խաղաղ օվկիանոսի ափերի տեսարաններ, ինչպես նաև Հ. Աբելյանի, Հ. Ջարիֆյանի և ուրիշ մտավորականների դիմանկարներ: 1924-ին Ամերիկայում կտակ է ձևակերպել՝ իր մահից հետո դրամական և նյութական ողջ ունեցվածքը նվիրելով Հայաստանի թանգարանին:

1928-ին վերադարձել է Սովետական Հայաստան, նվիրվել հայ սովետական արվեստի կազմավորմանն ու զարգացմանը: Նույն թվականին Երևանում կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը: Թերլեմեզըանն ընդունվել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի (ԱԽՌՌ) շարքերը: 1928-31-ին ստեղծագործական շրջագայություններ է կատարել դեպի Գորիս, Ղափան, Տաթև, Ձորագես, Ալավերդի, նկարել արդի թեմաներով պատկերներ, բնանկարներ («Տաթևի վանքը», «Դավանի պղնձաձուլարանը», «Գորիսի ընդհանուր տեսարանը», «Արյունոտ ժայռը Տաթևում», բոլորը՝ 1929, «Զորագետը», 1930, «Զորագէսը», «Ալավերդին»՝ զանազան տարբերակներով, 1931, «Հաղպատի լեռը», 1931) և դիմանկարներ:

Այդ շրջանում և հետագայում կատարված Հ. Աճառյանի, Ա. Իսահակյանի, Ռ. Մելիքյանի, Ա. Վշտունու, Ա. Բակունցի, Ե. Լալայանի դիմանկարները հայ իրականության մեջ ռեալիստական դիմանկարի ավանդույթների հետագա զարգացման արտահայտություններ են:
1932-40-ին ստեղծված Երևանի («Արարատը առավոտյան», «Արագածը ձմռանը», «Աշնանային օր», «Երևանը գարնանը», բոլորը՝ 1933, «Աշունը հին Երևանում», 1935, «Հին և նոր Երևանը ձյունի տակ», 1937) և Սևանի («Սևանի ափերը», 1937, «Սևանի կղզին», 1937) շրջակայքը պատկերող աշխատանքներին բնորոշ է քնարական ջերմությունը՝ նուրբ երանգավորումն ու երփնագրի թարմությունը: Սովետական Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը:

Tert.am

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply