2012-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախատեսում է 25 տոկոսով ավելացնել պղնձի խտանյութի արտադրությունը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | մարտի 12, 2012 16:41

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ ՀակոբյանըNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է 2011-2012 թթ արտադրության ծավալների մասին: Ընկերությունում մտադիր են հանքանյութի վերամշակման ծավալները հասցնել տարեկան մինչեւ 25 մլն տոննայի` ներկայիս 15-17 տոննայի դիմաց: Համապատասխան նախագծի շուրջ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել:

Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Քաջարանի հանքը, որը Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի խոշորագույն հանքն է: Կոմբինատի բաժնետերերն են գերմանական «Cronimet Mining» (60%), «Երեւանի մաքուր երկաթի գործարանը (15%), «Armenian Molybdenum Production» ընկերությունը եւ «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը (12,5-ական տոկոս):

Ինչպիսին է եղել արդյունահանման եւ վերամշակման ծավալները 2011 թվականին:

2011 թվականի ընթացքում մենք վերամշակել ենք 15 մլն տոննա հանքանյութ: 2012-ին նախատեսում ենք 17 մլն տոննա: 2011 թվականին մենք արտադրել ենք շուրջ 90 հազար տոննա բղնձի խտանյութ` միջինը 26,5 տոկոս պարունակությամբ եւ 9100 տոննա մոլիբդենային խտանյութ` 49 տոկոս պարունակությամբ: Այս տարի մենք պատրաստվում ենք արտադրել մոտ 120 հազար տոննա պղնձի խտանյութ եւ ավելի քան 10 հազար տոննա մոլիբդենային խտանյութ:

Մոլիբդենային խտանյութը վերամշակվում է Հայաստանում. 60 տոկոսը «Մաքուր երկաթի գործարանում», իսկ 40 տոկոսը` «Armenian Molybdenum production» ընկերությունում:

Ինչ վերաբերում է պղնձի խտանյութին, այս տարի մենք նախատեսում ենք մոտավորապես կրկնապատկել ավելացնել դրա մատակարարումները Ալավերդիի ACP ընկերության պղնձաձուլական գործարան: Համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է եւ ամսական մենք այնտեղ կմատակարարենք 3500 տոննա խտանյութ:

Հնացած խտանյութ արտահանվու՞մ է Բուլղարիա, Պիդրոպեի Aurubis գործարան:

Կան ուղղություններ, մենք դրանց հետ աշխատանքներ ենք տանում:

Աշխատանքներ տարվու՞մ են հանքավայրի ընդարձակման ուղղությամբ:

Մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել հանքի վերամշակման ծավալները` տարեկան մինչեւ 25 միլիոն տոննա: Համապատասխան նախագիծը կկազմի Vallex Group կոնցեռնի «Լեռնա-մետալուրգիական ինստիտուտ» ՓԲԸ-ն: Դա բավականին մեծ ծավալ է, եւ եթե աշխատանքները հաջողությամբ ավարտվեն, մենք մոտ երեք անգամ կավելացնենք հանքի մշակման խորհրդային ծավալները:
Նման ծավալները կապված են նաեւ հանքի ընդարձակման հետ: Դրա հարավային հատվածում մենք արդեն փորման եւ նախապատրաստական ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում: Աշխատանքներ են տարվում նաեւ հյուսիսային հատվածում: 2012-ին մենք նախատեսում ենք մոտ 5 հազար մետր փորել:

Իսկ գործարանն ունի՞ ծրագիր` փորման հետ զուգահեռ այլ հազվագյուտ մետաղների ստացման վերաբերյալ:

Մեր ձեռքի տակ եղած տեխնոլոգիաներով դա հազիվ թե հաջողվի, քանի որ դրանց խտանյութը քիչ է: Այդ նույն ծախսերը կարող ենք ուղղել մեր հիմնական հումքի որակի բարձրացմանը:

Եվս մեկ արտադրող վերջերս հայտարարեց զտման արտադրություն բացելու ծրագրերի մասին նույն տարածաշրջանում, որտեղ դուք եք աշխատում: Հնարավո՞ր է, որ ԶՊՄԿ-ն ապագայում վերադառնա մաքուր պղնձի ձուլման նախագծում:

Ժամանակին, եթե հիշում եմ, մենք մեծ աշխատանք ենք արել: Ֆինլանդիայում մենք անթափոն տեխնոլոգիաների փորձնական մին-գործարան էինք կառուցել եւ ցանկանում էինք տեղայնացնել Հայաստանում արտադրական ծավալներով: Մենք լուրջ քննարկումներ իրականացրեցինք, բարձր մակարդակի մասնագետներ հրավիրեցինք, որ նրանք ուսումնասիրեն նախագիծն ու հայտնեն իրենց կարծիքը: Ներկայումս նախագիծը հետաձգվել է, երկրում բավական քանակությամբ խտանյութ չի արտադրվում նման գործարանի համար: Իսկ արտերկրից խտանյութի ներմուծումը լուրջ բարդությունների հետ է կապված: Սակայն, հաշվի առնելով, որ արտադրության ծավալներն ավելացնելու մտադրություն ունենք թե մենք, թե մեր գործընկեր ACP-ն, այդ դեպքում ժամանակի ընթացքում կարող են կոնկրետ քայլեր ձեռնարկվել:

Ժամանակին ձեր ձեռնարկություն էին այցելել Polska Miedz ընկերության մասնագետները, որոնք նշել էին, որ պղնձի վերամշակումը կարելի է իրականացնել հյուսիսային Իրանից խտանյութի ներմուծմամբ: Որքանո՞վ է հեռանկարային նման տարբերակը:

Նման գործարանները հումքի նվազագույն չափաբաժնի կարիք ունեն, ուստի մի շարք դեպքերում մշակում են եւ արտերկրի արտադրանքը: Այլ հարց, որ կարելի է վերականգնել նախկին արտադրությունը, օրինակ` Ալավերդիի գործարանը (ներկայումս այնտեղ մաքուր պղինձ  է արտադրվում): Բնականաբար, նման նախագիծը կարող է կրկին գործարկվել հին գործարանի հիմքի վրա, որտեղ մասնագետներ եւ հումք կա: Երբ սկսվի Թեղուտի հանքավայրի շահագործումը, այն ժամանակ էլ, կարծում եմ, ինքստինքյան մեր երկրում պղնձի ավելի խորը մշակման  հարցը կծագի: Այդ հիմքի վրա կարելի է գործարկել արդյունաբերության մյուս ուղղությունները:

Որքա՞ն կլինի արտադրության մեջ նեդրումների ծավալը 2012թ.:

Երբ մենք սեփականաշնորհեցինք գործարանը 2004թ. վերջին, բաժնետերերը կառավարության հետ պայմանագիր կնքեցին 197 մլն դոլարի ներդրումների մասին: Այս պահի դրությամբ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 450 մլն, դրանից մաքուր արտադրականը` 300 մլն դոլար (սոցիալական ծրագրերը մեզ համար եւս ներդրումներ են, ուղղակի մենք ճիշտ չենք համարում դրանց մասին հիշատակել): Այն ժամանակ նախատեսվում էր առաջին փուլում վերամշակել 12,8 մլն տոննա հանքանյութ տարեկան: Այժմ մենք անցել ենք 15 մլն-ի եզրագիծը եւ ձգտում ենք աստիճանաբար ավելացնել ծավալները:

Բնականաբար ծրագիրը կապված է հանքավայրի ընդլայնման հետ, ինչի մասին արդեն նշեցի: Այդ կապակցությամբ կան համայնքի տարածքային խնդիրներ, որոնք պետք է լուծել ճիշտ կերպով, որ մարդկանց մոտ արդարացի վրդովմունք չառաջանա:

Լուծումներ գտե՞լ եք:

Իմ կողմից առաջարկ է արվել, որը արժանացել է բաժնետերերի հավանությանը, Կապանում բազմահարկ շենք կառուցելու մասին, այն դեպքում եթե բնակիչները ցանկանան տեղափոխվել բնակարաններ: Եթե կցանկանան ապրել սեփական տներում, նոր տեղում, հողատարածքներով, ինչպիսին ունեցել են նախկինում, մենք դրա համար էլ միջոցներ կհատկացնենք: Գյուղում կան շատ գրանցվածներ, բայց իրականում այնտեղ 10-12 ընտանիք է ապրում: Առանց նրանց խնդիրների լուծման մենք որեւէ քայլ չենք ձեռնարկի: Կարծում եմ` լավ պայմաններ ենք առաջարկում բնակիչներին, բայց եթե մարդիկ չհամաձայնեն, մենք հետագա քայլեր չենք ձեռնարկի:

Զրուցեց Արամ Գարեգինյանը

Դիտվել է 1755 անգամ:

Leave a Reply