Ադրբեջանում վախեցած են աշխարհասփյուռ հայության հզորությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 13:07

Ադրբեջանում այնքան են վախեցած աշխարհասփյուռ հայության հզորությունից, որ Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին Հայաստանի արած պաշտոնական հայտարարության հետ կապված մեկ շաբաթ մտածելուց հետո ադրբեջանցի «գերուղեղները» հորինել են, թե Բաքուն «տապալել» է մրցույթում Հայաստանին հաղթանակ ապահովելու հայության «ծրագիրը», ինչի համար էլ Երեւանը հրաժարվել է մասնակցությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ադրբեջանական gunxeber.com-ը գրել է, թե «թեեւ ամբողջ աշխարհի ուժային կենտրոնները եւ հայկական լոբբին այդ նպատակին հասնելու համար լուրջ նախապատրաստական աշխատանք են անցկացրել», սակայն, Ադրբեջանի իշխանությունների կողմից փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում եւ աշխարհի տարբեր կետերում կազմակերպված ֆաշիստական բովանդակությամբ հակահայկական ակցիաներից հետո «աշխարհի հզորագույն ուժերը» հասկացնել են տվել Հայաստանին, որ «հաղթանակ ապահովել Բաքվում անհնարին կլինի»: Ադրբեջանական այդ հորինվածքի համաձայն` դրանով Ադրբեջանը «հերթական հաղթանակն» է տարել, քանի որ «Բաքվի Եվրատեսիլում Հայաստանի հաղթանակը մեծ ամոթ կլիներ ադրբեջանցիների համար»:

Պետք է Բաքվին շնորհակալ լինել համաշխարհային հայության հզորության այդ թեկուզ ոչ ամենաինտելեկտուալ PR-ի համար: Ինչպես երեւում է Բաքվի այդ հիսթերիկ արձագանքից, «Եվրատեսիլ»-ից Հայաստանի հրաժարվելը խիստ հիվանդագին է ընդունվել Ադրբեջանում: Այստեղ եղած մի քանի «պայծառ» ուղեղներ վերջապես հասկացել են, որ Բաքվի «Եվրատեսիլ»-ից Հայաստանի հրաժարվելու իրական պատճառն իրենց նախագահի արած` «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին համաշխարհային հայությունն է» ֆաշիստական հայտարարությունն է, որը պարզապես ցնցել է Բաքու մեկնել պատրաստվող մշակույթի եւ շոու բիզնեսի աշխարհը: Նրանք նաեւ «հայտնագործել» են, որ Հայաստանը «չի մտնում» համաշխարհային հայության մեջ… եւ իրենց «հանճարեղ» նախագահը, պարզվում է` նկատի է ունեցել հայկական սփյուռքին: Տեղին է ասել` երեխան շատ բութ է, չէ` անուղղելի բութ է:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply