Պասանաուրի-Գուդաուրի և Կոբի-Լարսի հատվածներում երթևեկությունը մասամբ արգելված է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 12, 2012 10:37ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Մադինա, Մաքենիս-Ախպրաձոր, Արագածոտնի մարզում` Ջրամբար, Սարալանջ, Նիգավան գյուղերի ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 12-ի ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է որոշակի սահմանափակումներով:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: