Աբխազիայում խորհրդարանական ընտրություններ են. պայքարում են 9 հայ թեկնածուներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 13:53

Աբխազիայում այսօր առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 08.00-ից, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, քաղաքացիներն ընտրում են հինգերորդ գումարման պատգամավորներին:

Հանրապետությունում բացվել են 174 ընտրատեղամասեր: Ըստ Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Բատալ Տաբագուայի` 35 տեղի համար պայքարելու է 148 թեկնածու, այդ թվում` 16 կին: Հավակնորդներից 125-ն աբխազներ են, 9-ը` հայեր, 8-ը` ռուսներ, 2-ական հույն ու վրացի, մեկական օս և կաբարդինցի:

Չորրորդ գումարման խորհրդարանից 21 պատգամավոր կրկին է առաջադրել իր թեկնածությունը, այդ թվում` խոսնակ Նուգզար Աշուբան և երկու փոխնախագահները` Սերգեյ Մաթոսյանն ու Իրինա Ագրբան:

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 149. 622 մարդ:

Տեղամասերում տեսախցիկներ են տեղադրված, որոնց միջոցով հնարավոր է հետևել քվեարկության գործընթացին:

Միապալատ խորհրդարանի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Քաղաքական կուսակցություններին թույլատրվում է առաջադրել մեկական թեկնածուի, սական ոչ ավելի, քան ընտրատարածքների 1/3-ում:

Պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով: Ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրողների 25%-ից ավելին: Թեկնածուները պետք է ստանան կեսից ավելի ձայներ:

Ընտրությունների ընթացքին հետևում են դիտորդներ Ռուսաստանից, Մերձդնեստրից, Մոլդովայից, Հարավային Օսիայից, Լեռնային Ղարաբաղից, Լատվիայից, Վենեսուելայից, Հունգարիայից, Նիկարագուայից, Տուվալուից: Այն կլուսաբանեն Ռուսստանից, Լեհաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իռլանդիայից ժամանած լրագրողները:

Tert.am

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply