ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 18:57

image_fromdatabasephp«Հայ Յեղափոխական դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցություններն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դեմ են արտահայտվել հայ-թուրքական նախաստորագրված արջանագրությունների որոշ դրույթների` մասնավորապես «ընդհանուր սահմանի» փոխադարձ ճանաչմանը, քանի որ նման ճանաչմամբ Հայաստանին պարտադրվում է ճանաչել նախկինում կնքված հակաօրինական եւ հակահայկական պայմանագրերը։

Ազգային ժողովի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են արտահայտվել նաև պատմական փաստաթղթերի եւ արխիվների ուսումնասիրության նպատակով միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը, քանի որ սրանով կվիճարկվեն Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով ծրագրված եւ իրականացված Հայոց ցեղասպանությունն ու հայրենազրկումը եւ բազմաթիվ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից կատարվածը որպես մարդկության դեմ գործված հանցագործություն դատապարտելու փաստը։

«Միաժամանակ հաստատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են խոչընդոտել ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ հռչակված սահմանների եւ տարածքային ամբողջականության ամրագրմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությամբ կողմերը ևս մեկ անգամ շեշտել են, որ իրենք կողմ են  Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու դրանց հետագա բնականոն զարգացմանը՝ նախեւառաջ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակմանը:

«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն  կոչ են արել համայն հայությանը՝ համախմբվել այս կարեւորագույն քաղաքական ու պատմական նշանակություն ունեցող խնդրի շուրջ եւ այդպիսով նպաստել հայոց պետականության հիմնարար սկզբունքների ու համազգային նպատակների իրագործմանը՝ ապահովելով հայրենիքի հզորացումը։

Հայտարարության ներքո ստորագրել են «Դաշնակցություն» խմբակցության անունից՝ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը։

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply