Այսօր ԱԺ-ում ներկաների առնվազն 70 տոկոսը դեմ արտահայտվեց արձանագրություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 18:40

d5a1d5a6d5a3d5a1d5b5d5abd5b6-d5aad5b8d5b2d5b8d5be«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ոչ թե նախապայմաններ են, այլ հստակ ձևակերպված պայմաններ: «Այս փաստաթղթերը կստորագրվեն և կներկայացվեն խորհրդարանների վավերացմանը», – փաստաթղթից մի հատված մեջբերեց Ալավերդյանը:

Նա ասաց նաև, որ եթե բոլոր խմբակցություններն էլ կողմ են առանց նախապայմանների սահմանի բացմանը, ապա իրենք առաջարկում են ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ կնշվի այդ մասին և կստորագրեն բոլոր խմբակցությունները:

Պատմաբան Աշոտ Մելքոնյանը, ով ևս դեմ էր արձանագրություններին, առաջարկեց գոնե մի կետ ավելացնել փաստաթղթում, որտեղ կասվի, որ եթե փաստաթղթի որևէ կետ խախտվի, ապա ամբողջ փաստաթուղթը չեղյալ կհամարվի: «Հակառակ դեպքում Թուրքիան որևէ պատճառով դարձյալ կփակի սահմանը, իսկ նրա ձեռքում կլինի այս փաստաթուղթը, որով Հայաստանը ճանաչում է ներկայիս սահմանները»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ինքը դեմ է արձանագրություններին:

Խորհրդարանական լսումներին մասնակցող Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ևս դեմ արտահայտվեց  արձանագրություններին: Նրան հետաքրքում էր, թե ինչու են իրենք հավաքվել ու ինչ են քննարկելու, եթե փաստաթղթում փոփոխություններ անելու ու այն խմբագրելու հնարավորություն չի լինելու:

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը բողոքեց լրատվամիջոցների արձագանքից ու միակողմանի տեղեկատվություն տարածելուց: «ԳԱԱ-ն գաղտնի քննարկեց և հայտարարություն տարածեց, և լրատվամիջոցները միայն նշեցին, որ ԳԱԱ-ն կողմ է արտահայտվել արձանագրություններին: Նույնը եղավ Հանրային խորհրդի դեպքում. հանձնաժողովների նիստերը չլուսաբանեցին, դեմ կարծիքները ցույց չտվեցին, իսկ վերջում հայտարարեցին, որ Հանրային Խորհուրդն էլ է կողմ»,-ասաց Մանուկյանը՝ ավելացրնելով, որ նույն կերպ Գարեգին Բ-ի կողմ լինելը լուսաբանվել է, իսկ Արամ Ա-ի դեմ լինելը` ոչ:

Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի մեղադրանքին, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ուռճացրած փաստեր է հրապարակում Սփյուռքի արձագանքի մասին, Մանուկյանը հիշեցրեց, որ Լոս Անջելեսում 10 հազարանոց հանրահավաք է եղել, ցույց է եղել նաև Իրանում, որտեղից նոր է վերադարձել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել է նաև Գալուստ Սահակյանը:

Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն  ասաց, որ ինքը ներկա է եղել Խորհրդի գրեթե բոլոր հանձնաժողովների նիստերին ու վերահաստատեց ինչպես Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության, այնպես էլ Հանրային խորհրդի դիրքորոշումը. իրենք կողմ են:

Նախաստորագրված արձանագրություններին դեմ է արտահայտվել նաև «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Դիտվել է 1323 անգամ:
Print Friendly

Leave a Reply