Հայ-թուրքական արձանագրությունները բացահայտում են 2012 թվի նախագահական քարոզարշավը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 1, 2009 18:14

QaxaqakanՎերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական տարբեր ուժերի հայտարարությունները հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ստեղծում են պարադոքսներ, որոնց վերլուծությունը բացահայտում է քաղաքական ուժերի իշխանությունը վերցնելու հավակնությունները:Պարադոքս առաջին: Հայ-թուրքական երկխոսությունը սկսելու նախաձեռնությունը նախագահ Սարգսյանինն է, ով ղեկավարում է մի պահպանողական կուսակցություն` Հանրապետականը, որն իր գաղափարախոսությունից ելնելով` պետք է Դաշնակցության պես դեմ լիներ այդ երկխոսությանը: Եթե Սերժ Սարգսյանի համար Հանրապետականը մի ուժ է, որը նրան պետք էր նախագահ դառնալու համար, ապա հանրապետականների հիմնադիրները ծայրահեղ ազգայնականներ են, իրենց հռչակում են նժդեհյան գաղափարախոսության կրողներ, սակայն ոչ միայն ձայն չեն հանում հայ-թուրքական հարաբերությունների դեմ, այլ- լիբերալ մոտեցում են ցուցաբերում ու ողջունում հայ-թուրքական հարաբերությունների փաստաթղթերը:

Պարադոքս երկրորդ: Սարգսյանի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ լինելով լիբերալ, հակասում է իր ղեկավարած կուսակցության պահպանողականությանը, եւ թվում է, թե համահունչ պետք լիներ լիբերալ համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարներին: Առաջին նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության խնդիր չէր դարձնում, ի տարբերություն իր հաջորդի` Քոչարյանի եւ ձգտում էր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու սահմանները բացել:

Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականությունով, Սարգսյանը կատարում է այն, ինչ խոստանում էր ներկայիս Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը եւ դրանով փաստորեն թուլացնում ընդդիմությունն ու նոսրացնում նրա շարքերը:

Սեպտեմբերի 18-ին հրավիրած հանրահավաքում Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, քննադատության ենթարկեց նախագահ Սարգսյանին` ասելով, թե. «Թուրքիան հմտորեն խաբել է Սարգսյանին, եւ Հայաստանը Թուրքիայի հետ խնդրի լուծման հարցում դատապարտված է «կրավորական դերակատարության»: Սակայն, դեռեւս 2008թ. սեպտեմբերին սկիզբ առած ֆուտբոլային դիվանագիտությունից անմիջապես հետո, Տեր-Պետրոսյանը փափկացնելով իշխանությունների քննադատությունը` ողջունեց Թուրքիայի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախագահ Սարգսյանի կուրսը:

Կարելի է պնդել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա քննադատությունը ոչ թե գաղափարական է եւ սկզբունքային, այլ քաղաքական կոնյունկտուրա, որ իր համախոհների շարքերը չնվազեն: Նպատակն է` պահպանել քաղբանտարկյալների ազատումից հետո թուլացած ընդդիմադիր կեցվածքը, որն առանց այն էլ կրկնակի է թուլացել վերջերս ներքաղաքական դաշտում շատացած ընդդիմադիր ուժերի (ՀՅԴ, Օսկանյանի թիմ) հետ մրցակցության պայմաններում: Այսպիսով, այս պարադոքսը Լեւոն-Տեր Պետրոսյանի դավանած գաղափարների եւ քաղաքական շահերի հակասությունն է:

Երրորդ պարադոքսը Վերջին շրջանում Վարդան Օսկանյանի հայտարարությունների ու իր արտգործնախարար եղած ժամանակահատվածի քաղաքական հայացքների միջեւ է: Մի քանի օր առաջ հայաստանյան հանրությունն ուղղակի ցնցվեց Օսկանյանի այն հայտարարությամբ, թե, ստորագրվելիք հայ-թուրքական արձանագրությունները ոչ մի լավ բանի չեն բերելու, եւ, թե նույնիսկ Տեր-Պետրոսյանը երբեք չէր համաձայնի այդպիսի պայմանագրի կնքմանը: Օսկանյանը շուրջ 8 տարի եղել է տեր-պետրոսյանական համակարգի քննադատությամբ իշխանության եկած ուժերի մեջ: Եվ հիմա, քննադատելով ներկա իշխանություններին ու ռեւերանսներ անելով Տեր-Պետրոսյանին, փորձում է սիրաշահել ընդդիմադիր զանգվածին եւ դրանով նոր ընդդիմություն դառնալու հայտ է ներկայացնում:

Այլ կերպ ասած` Օսկանյանի ընդդիմադիր կեցվածքը կարող է երկու նպատակ հետապնդել.

1-ին` պատրաստվելով առաջիկա նախագահական քարոզարշավին, հասարակության կողմից աջակցություն է փնտրում հայության համար այնպիսի զգայուն խնդիրների մասին խոսելով, ինչպիսին է Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը, եւ 2-րդ` միեւնույն ժամանակ փորձում է մեղմացնել իր դեմ ավելի հին ընդդիմության` ՀԱԿ-ի քննադատությունը եւ գրավել նրա էլեկտորատին:

Պարադոքս չորրորդ. Չնայած նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական արձանագրությունները փոփոխման ենթակա չեն, ՀՅԴ-ն շարունակում է պնդել, որ այնտեղ որոշ կետեր պետք է փոփոխվեն: Քանի որ, իրավական առումով, դա անհնար է, հետեւաբար ՀՅԴ-ի արշավի նպատակն է վերականգնել հասարակության մեջ իր ազգային հեղինակության կերպարը:

ՀՅԴ-ի քարոզչությունը, կարող է ունենալ նաեւ քաղաքական հավակնություններ, որի մասին է վկայում դաշնակցական Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե հնարավոր է` պահանջեն նախագահ Սարգսյանի հրաժարականը:

Հայտնի է, որ այս պահանջը մինչեւ վերջերս Տեր-Պետրոսյանի ընդդիմության մենաշնորհն էր: Այժմ դաշնակցությունը շրջանառության մեջ դնելով հրաժարականի խնդիրը, անուղղակիորեն կյանք է տալիս ՀԱԿ-ի այդ ավանդական պահանջին ու դրանով ակտիվացնում հրաժարական պահանջող լեւոնականների պասիվացած զանգվածը:

Բոլորովին վերջերս ընդդիմության շարքերը համալրած ՀՅԴ-ի դիրքորոշումները համընկնում են ՀԱԿ-ի քաղաքականությանը, որի տրամադրության տակ գտնվող ընդդիմադիր մամուլը վերջին շրջանում, գրեթե, չեզոք դիրք է պահպանում Դաշնակցության նկատմամբ եւ, նույնիսկ, երբեմն-երբեմն ողջունում ՀՅԴ-ի կազմակերպած նստացույցն ու հացադուլը: 2 թեւերում էլ արդեն ակնարկում են համագործակցության մասին, մասնավորապես, ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հայտարարեց, թե կհամագործակցեն Դաշնակցության հետ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Այս պարագայում աշխատում է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքը, եւ ծնվում է հերթական պարադոքսը:

Չէ որ Տեր-Պետրոսյանն էր, որ 1994թ. դեկտեմբերին արգելեց Դաշնակցության գործունեությունը, բռնագրավեց նրա բոլոր միջոցները եւ բազմաթիվ դաշնակցականների բանտերը լցրեց, որոնց մեջ` այսօրվա նրա լիդերներ Վահան Հովհաննիսյանին, Արմեն Ռուստամյանին, Հրանտ Մարգարյանին, Գեղամ Մանուկյանին: Տեր-Պետրոսյանին գահընկեց անելուց հետո, նրանք ազատվեցին եւ կուսակցության մեջ կարիերա արեցին հենց իրենց քաղաքական կալանավոր լինելու հանգամանքով:

Դաշնակցությունը մինչ վերջերս ամեն առիթներով քարկոծել է Տեր-Պետրոսյանին:

Ուստի` համագործակցության մասին ակնարկելն անգամ հարցականի տակ է դնում ՀՅԴ-ի իմիջը: Այսպիսով, թեեւ քիչ հավանական է ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցությունը, այնուամենայնիվ, մեկ անգամ եւս նշենք, որ այդ 2 ուժերի քաղաքական շահերն սկսում են համընկնել:

Կարելի է եզրակացնել, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քննարկումները, փաստորեն, մտել են ներքաղաքական շահերի ոլորտ` մի կողմ թողնելով Հայաստանի շահերը եւ մասնագիտական քննարկումները: Այս պրոցեսում քաղաքական անուղղակի դաշինքներն ու ձեւավորվող քաղաքական ալյանսները վկայում են ներքաղաքական դաշտում նոր վերադասավորումների մասին:

Այստեղ ՀԱԿ-ի հնարավոր ալյանսները քիչ են, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ նրա դաշնակից «Ժառանգությունը» իր շարքերը «մաքրում է» լեւոնականներից ու թեքվում դեպի համագործակցություն Դաշնակցության հետ, որի վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռքբերվել:

Ընդդիմադիր մյուս հոսանքներում` Օսկանյանի եւ Դաշնակցության միջեւ, հակառակը` իրական են մեծ ալյանսի ձեւավորման շանսերը: Երկուսն էլ երկրորդ նախագահ Քոչարյանի համակարգի հետ սերտ համագործակցած ուժեր են: Իսկ ընդհանուր մրցակցի եւ «քաղաքական թշնամու»` ՀԱԿ-ի գոյությունը, կրկնակի համագործակցության իմպուլս կհաղորդի նրանց: Այդ համագործակցությունը ենթադրվում է, որ կհամախմբի նաեւ այլ ուժեր` Սամվել Բաբայանին եւ իշխանության ներսից Քոչարյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստանը», որոնց ստվերային ներշնչողը կլինի ինքը` Ռոբերտ Քոչարյանը:

Այսպիսով, կարելի է պնդել, որ 2012թ. նախագահական ընտրությունների քարոզարշավն այլեւս սկսված է:

Դիտվել է 2408 անգամ:
Print Friendly

Leave a Reply