Ապաշնորհ աշխատանք. մրցումներում հայ մրցավարներ չեն լինում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | October 1, 2009 17:59
Մրցավար Սամվել Հարությունյանը, ով այս անգամ անգործության էր մատնվել:
Օրերս Շվեդիայում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից 7-ական մարզիկներ հանդես եկան ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարերում, ազատոճային 1 մարզուհի էլ`գեղեցիկ սեռի ըմբիշների պայքարում, սակայն չունեինք մեր երկիրը ներկայացնող ոչ մի մրցավար: Դա նշանակում է, որ մրցագորգի շուրջը կատարվող իրադարձություններին հետեւող սրտացավ մասնագետ չենք ունեցել, այսինքն` մեր ըմբիշներին թողել ենք բախտի քմահաճույքին: Մինչդեռ, գաղտնիք չէ, որ խոշորամասշտաբ ստուգատեսներում նաեւ ոչ մաքուր անդրկուլիսյան խաղեր են գնում:
Մինչեւ վերջին պահն ակնկալվում էր, որ առաջնությունն սպասարկողների թվում կլինի երեւանցի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը, ով Հայաստանում միակ բարձրակարգ մրցավարն է եւ նախկինում վարել է Եվրոպայի, աշխարհի առաջնության, օլիմպիական խաղերի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշների հանդիպումներ: Եվ ակամա մտորելու առիթ է առաջանում` արդյոք մրցավայրում մրցավար չունենալու պատճառո՞վ չէր, որ ազատ ոճի մեր բոլոր ըմբիշներն էլ աշխարհի առաջնությունում ձախողվեցին, իսկ հունահռոնեական ոճի ըմբիշները տիրացան միայն մեկ արծաթե պարգեւի: Այն բաժին հասավ 55 կգ քաշային Ռոման Ամոյանին:
Հարությունյանը «Անկախին» հայտնեց, որ վերջին պահին կամայական վերաբերմունք է դրսեւորել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանատու աշխատողներից մեկը, եւ նրա անունը հանվել է առաջնությունն սպասարկելու թեկնածու մրցավարների ցուցակից: Թերեւս, այսպիսի վիճակ չլիներ, եթե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը սկզբունքայնություն դրսեւորեր: Ամեն դեպքում, սա միայն մեկ գնահատական ունի` ապաշնորհ աշխատանք:
Ներկայացուցչական մարզական ստուգատեսներում Հայաստանից մրցավարներ ունենալու կարեւոր խնդրին անլուրջ վերաբերմունք է դրսեւորվում նաեւ հենակետային համարվող մեր մյուս մարզաձեւերում: Դրանով է բացատրվում, որ Երեւանում վերջերս անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն սպասարկող մրցավարների թվում չկար Հայաստանի ներկայացուցիչ: «Պեկին 2008»-ի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում էլ Հայաստանը մրցավար չուներ: Իսկ նույն օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր մեր երկրի հետ կապ չունեցող, արտասահմանում բնակվող` Լիբանանից ԱՄՆ տեղափոխված մեր հայրենակիցներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
