Առանց կնոջ կիսատ է անգամ իշխանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 10, 2012 16:00

Աստված ստեղծեց Եվային, որպեսզի Ադամն իրեն միայնակ չզգա, սակայն հայաստանյան մերօրյա ադամները շարունակում են միայնակ մնալ` թեկուզ եվաների կողքին:

Որպես տիպիկ օրինակ` կարելի է նշել իշխանության բարձրագույն կառավարման օղակներում կանանց ներգրավվածության վիճակագրությունը: Կանայք այդ օղակներում այնքան քիչ են, որ նրանց թիվը կորչում է տղամարդկանց գերակշռության համայնապատկերում: Նայենք Ազգային Ժողովում կին-տղամարդ ներգրավվածության հարաբերակցությանը. Ազգային Ժողովի 131 պատգամավորներից միայն 11-ն են կին, այսինքն` ընդհանուր թվի 8.4 տոկոսը:

«Այս ամենը մի անուն ունի` արական քաղաքական մշակույթի ժամանակներում ենք ապրում, ու որքան էլ մեր երկիրը հայտարարենք ժողովրդավարական, իրավական ու սոցիալական` իր համապատասխան ինստիտուտներով, միևնույն է, երկիրը կառավարվում է արևելյան տիպի կլանային մշակույթով ու ավանդույթներով` արական կարծրատիպային քարացած մշակույթով: Լավ իմաստով չեմ ասում արական, այլ` վատ: Եվ այս միջավայրում առհասարակ իրական քաղաքականությամբ զբաղվելը դժվար է, որովհետև խաղի այլ կանոններ են գործում»,- ասում է ԱԺ կին պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանը:

Քաղաքական մշակույթն ու ավանդույթները, կարծրատիպերը, ներկուսակցական դեմոկրատիան խաթարող հանգամանքներ են իրական քաղաքականության և այնտեղ հանդես եկող կանանց համար: Նաև պետք է նշենք կնոջ սոցիալական դերի մասին. մայր, կին լինելու հանգամանքները խանգարում են նրան նույն ազատությամբ ու գրաֆիկով զբաղվել քաղաքականությամբ, ինչպես տղամարդիկ: Իսկ մեր կուսակցությունների մեծ մասը, ինչպես նշում է Լիլիթ Գալստյանը, իրական կուսակցությունների գաղափարախոսության վրա չի կառուցված:

«Դրանք հարուստների կլուբներ են` ըստ շահերի և իշխանությունում տեղ ունենալու համար մղվող պայքարի: Այս միջավայրում, որտեղ խաղի կանոնները հիմնված են նյութի ու նյութականի վրա, կանայք մրցունակ չեն: Եթե կուսակցությունները կլուբ են և փակ կլուբ, եթե արական քաղաքական մշակույթն է գերակայում, ապա այնտեղ գերադասում են «տղերքով այդ հարցերը լուծել»,- նշեց պատգամավոր կինը:

Երբ նայենք, թե կուսակցություններն ինչ հարաբերակցությամբ են ներկայացված Ազգային Ժողովում, պատկերն այսպիսինն է. ՀՀԿ- 63 պատգամավորից միայն 2 կին պատգամավոր` Հերմինե Նաղդալյան և Կարինե Աճեմյան, ԲՀԿ- 26 պատգամավորից միայն 2 կին` Գոհար Ենոքյան և Նաիրա Զոհրաբյան, ՕԵԿ- 8 պատգամավորից միայն 1 կին` Հեղինե Բիշարյան` խմբակցության ղեկավար, ՀՅԴ- 16 պատգամավորից 3 կին` Լիլիթ Գալստյան, Ռուզաննա Առաքելյան և Ալվարդ Պետրոսյան, «Ժառանգություն» – 7 պատգամավորից 3 կին` Զարուհի Փոստանջյան, Լարիսա Ալավերդյան և Անահիտ Բախշյան: Խմբակցություններում և խմբերում չընդգրկված 11 պատգամավորների թվում  ոչ մի կին պատգամավոր չկա: Ազգային Ժողովում գործում են 12 մշտական հանձնաժողովներ, որոնցից միայն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է կին` Նաիրա Զոհրաբյանը, իսկ հանձնաժողովի փոխնախագահների մեջ կին չկա: Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի ու նրա երկու տեղակալների թվում էլ կին չկա: Աշխատակազմն ունի 14 ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներ, որոնցից միայն երկուսի` տեղեկատվական և անձնակազմի կառավարման վարչությունների պետերն են կանայք:

Այս առումով Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Այսօր իրականում մեր ժողովրդի կանանց պոտենցիալը չի օգտագործվում մի շատ պարզ պատճառով. կնոջ ստատուսը նախկինում բոլորովին այլ է եղել, և տղամարդիկ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կինը կարող է իրենց զուգահեռ քայլել: Եվ խոչընդոտները բազմաթիվ և բազմաձև են: Քաղաքականության մեջ խաղի կանոնները լրիվ այլ են, տղամարդկանց մեջ պայքարը լրիվ այլ բնույթ է կրում, և երբ կինն է մտնում այդ պայքարի մեջ, նա շատ խոցելի է դառնում և պետք է շատ ամուր ջղեր ու կամք ունենաս, որպեսզի կարողանաս ապացուցել իր լիդերության իրավունքը»:

Պետք է նշել, որ երբ նայում ես երկրի շահի տեսանկյունից, կանանց ներուժը երկրի հարստությունն է: Որովհետև Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների մոտ 65 տոկոսը կանայք են: Կա նաև միջազգային վիճակագրության փորձը, որով բոլոր խորհրդարաններում, որտեղ կանայք 30 տոկոսից ավելի են ներկայացված, ընդունվող օրենքները, համակողմանիության իմաստով, ավելի շահեկան են: Ավելի շրջահայաց են լինում այդ օրենքները, որովհետև կնոջ հայացքը ներառում է մոր հայացք, կնոջ հայացք, կրթության ու աշխարհընկալման մի այլ հայացք է բերում, որն անպայման օրենսդրական դաշտում պետք է օգտակար լինի:

Կանանց ներկայացվածության տեսանկյունից մի հայացք էլ նետենք գործադիր իշխանությունների վրա: Այսպիսով` ՀՀ կառավարությունում 18 նախարարներից միայն 2-ն են կին ` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 61 փոխնախարարներից կանայք միայն 5-ն են ` աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը: Կառավարությանն առընթեր 7 մարմիններից և ոչ մեկի ղեկավարը կին չէ: Առընթեր մարմինների ղեկավարների տեղակալների շարքում էլ են կանայք բացակայում: Հայաստանի 10 մարզերի մարզպետերից ոչ ոք կին չէ, 24 փոխմարզպետներից միայն Արմավիրն ունի 1 կին փոխմարզպետ` Լարիսա Մուրադյանը: Կառավարության աշխատակազմում և ոչ մեկը կին չէ: Իսկ աշխատակազմի կառուցվածքային 19 ստորաբաժանումներից միայն 7-ն են կանայք ղեկավարում:

Հենց այս պատկերն էր պատճառը, որ «ՀՀ ընտրական օրենսգրքում» կատարվեցին փոփոխություններ, և ԱԺ-ն գնաց ընտրություններում քաղաքական ուժերի և կուսակցությունների ներկայացրած համամասնական ցուցակների քվոտավորման: Ըստ նոր փոփոխությունների` «կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 եւ այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»:

«Ես կգերադասեի, որ ստեղծվեր մի իրավիճակ, որ ոչ թե քվոտաներով կանայք ներկա լինեին ԱԺ-ում, այլ նրանց կարևորությունն այնքան գնահատվեր, որ ընդհանրապես այդ քվոտաների կարիքը չզգացվեր»,- այս կապակցությամբ ասաց Լյուդմիլա Սարգսյանը:  Նա համոզված է, որ այն կանայք, որոնք կարողանում են իրենց խոհանոցից դուրս գալ և պայքարել իրենց իրավունքների համար, դա նրանց  հաջողվում է: Հուսանք, որ մարտի 8-ը քաղաքական որոշումներ կայացնողների համար նոր մտորումների առիթ կդառնա, և հաջորդ խորհրդարանում և կառավարությունում կանայք անհամեմատ ավելի շատ կլինեն:

 

Դիտվել է 1563 անգամ:
Print Friendly

Leave a Reply