Զապել թագուհի

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 14, 2012 7:02

Կանայք հայոց պատմության մեջ կարևոր դեր են ունեցել: Հայ կանայք մայրեր էին, իրենց եղբայրների և ամուսինների կողքին մարտնչող զինվորներ, բարեգործ ու գթասիրտ գործիչներ:

Հիշենք Էրատո թագուհուն, որ մ.թ.ա. I դարում ամուսնու` Տիգրան Դ արքայի մահից հետո միայնակ կազմակերպեց հայոց ընդդիմությունը Հռոմի դեմ: Հիշենք Ավարայրը, երբ «Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի» զենք վերցրին ոսոխի դեմ, հիշենք բարեգութ ու որբախնամ Խոսրովանույշ թագուհուն` Աշոտ Գ Ողորմած  Բագրատունի արքայի կնոջը, որ կառուցեց Հաղպատն ու Սանահինը, հիշենք Կյուրիկյան արքայադուստրեր Մարիամին, Ռուսուքանին, Բորինային, որոնք բեղմնավոր գործունեությամբ ճարտարապետական հրաշագեղ կոթողներ ստեղծեցին Լոռիում, հիշենք Կյուրիկյան Նանե թագուհուն, որ Սանահինի հրաշք կամրջի շինարարն էր XII դարում, հիշենք Այծեմնիկին, որ Անիի պաշտպաններին խրախուսում էր իր անձնական օրինակով ու  խիզախությամբ, հիշենք Կիլիկիո հայոց թագուհի Կեռնանին, որ բազմազավակ մայր էր և մշակույթի հովանավոր, վերջապես, հիշենք Կիլիկիո Զապել թագուհուն, որ աչքի ընկավ ոչ միայն իր բարեգթությամբ, այլև ժամանակի քաղաքական անցուդարձի կիզակետում էր:

Զապել թագուհին Կիլիկիայի հայկական թագավորության հզորագույն գահակալի` Լևոն Բ Մեծագործի դուստրն էր: Լևոն Բ ճկուն դիվանագիտությամբ ու հզոր մարտավարությամբ հասավ նրան, որ Կիլիկիայի հայոց իշխանապետությունը օտարների կողմից ճանաչվեց որպես թագավորություն, և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում օծվեց հայոց թագավոր:  Եվ քանի որ հայոց արքան արու զավակ չուներ, գահը պիտի ժառանգեին նրա դուստրերը` Զապելը կամ Ալիսը:

Կիլիկիայի թագավորության միջազգային դիրքերն ամրապնդելու նպատակով Լևոն Բ-ն դիմեց ժամանակին տարածված միջդինաստիական ամուսնություններին: 1217 թ. Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ-ն աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր երկամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` ութնամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի միջև պայմանագիրը մնում է թղթի վրա:

Լևոնն իր առջև նպատակ էր դրել ոչ միայն ամրապնդել Կիլիկիայի թագավորության դիրքերը, այլև ուզում էր իր տերությանը կցել հարևան Անտիոքի դքսությունը: Այդ նպատակով նա Անտիոքի դքսության գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին նշանեց իր մանկահասակ դստեր` Զապելի հետ և Ռուբեն-Ռայմոնդին հռչակեց հայոց գահի ժառանգորդ: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը թուլակամ և վախկոտ մարդ էր, և իր կյանքի մայրամուտին հայոց արքան լուծարեց նրա պսակը Զապելի հետ, Ռուբեն-Ռայմոնդին զրկեց ժառանգության իրավունքից, բանտարկեց և հայոց գահի ժառանգորդ նշանակեց Զապելին:

1219 թ. մայիսի 2-ին մահանում է Կիլիկիո ահեղ տիրակալը, և նույն օրն իսկ մանկահասակ Զապելը հռչակվում է հայոց թագուհի:

Զապելը, ով ծնվել է 1215 թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում, փաստորեն, արդեն չորս տարեկանում հասցրել էր երկու անգամ ամուսնանալ և ամուսնալուծվել:

Լևոն Բ-ի մահից առաջ Զապել թագուհու հովանավոր և խնամակալ էր նշանակել Կիլիկիայի հայկական թագավորության ամենաազդեցիկ իշխանին` պայլ Կոստանդին Հեթումյանին: Սակայն գահակալման հարցը Կիլիկիայում բաց է մնում, և հայոց իշխանները Կոստանդին պայլի գլխավորությամբ 1222 թ. Զապելին ամուսնացնում են Անտիոքի դուքս Բոհեմուդի 17-ամյա որդու` Ֆիլիպի հետ, որը մորական կողմից հայ էր և Ռուբինյան: Ֆիլիպը հռչակվում է հայոց թագավոր: Սրանով Կոստանդին պայլը շարունակում է Լևոն Բ Մեծագործի քաղաքականությունը, այն է` Կիլիկիայի հայոց թագավորությանը կցել Անտիոքի դքսությունը:

Թվում է` ամեն ինչ ընթանում է բնական հունով, սակայն Ֆիլիպը այդպես էլ չկարողացավ մերվել հայ ազնվականության հետ: Նա իր հետ հայոց արքունիք բերեց օտար, լատինական սովորություններ: Նա չէր հարմարվում հայկական բարքերին, քամահրանքով էր վերաբերվում հայոց ազնվականությանը, իշխաններին: Անգամ  փորձեց արգելել հայերենը հայոց արքունիքում: Մի խոսքով, Կոստանդին պայլը և հայոց իշխանները սխալվեցին իրենց հաշվարկներում: 1224 թ. Ֆիլիպ թագավորը գահընկեց արվեց հայոց ավագանու կողմից, բանտարկվեց և քիչ անց սպանվեց բանտում: Գահակալության հարցը Կիլիկիայի հայոց թագավորության մեջ դարձյալ բաց մնաց:

Երկու տարի անց Կոստանդին պայլը, հայոց իշխանների համաձայնությամբ, Զապել թագուհուն ամուսնացնում է իր մանկահասակ որդու (Զապելի հասակակիցն է)` Հեթումի հետ, և 1226 թ. հունիսի 14-ին Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում հայոց Կոստանդին կաթողիկոսը կատարում է Հեթումի և Զապելի պսակի և Հեթումի գահակալման արարողությունը: Ժամանակակիցների հավաստմամբ` Հեթումի և Զապելի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ, առատությամբ: Գահ բարձրանալով` Հեթում Ա (1226-1270) հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը:

Փաստորեն, միայն չորրորդ անգամ Զապելի ամուսնությունը հաջող եղավ: Հեթում Ա-ի երկարատև գահակալությունը վայրիվերումներով լի էր Կիլիկիայի հայկական թագավորության համար: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով  վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից:

Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով: Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն եզակի հանգամանքը, որ Հեթում Ա-ի  դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:

1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց  դարձրեց:

Զապելը, պատմիչների հավաստմամբ, առաքինաջան և ողջախոհ թագուհի էր: Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով: Նա նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Զապել թագուհին մահացավ վաղ տարիքում` 1252 թ. հունվարի 22-ին, մայրաքաղաք Սիսում: Նրա մահը սգում էր ողջ հայոց աշխարհը: Թաղման թափորը Կոստանդին կաթողիկոսի առաջնորդությամբ Սսի արքայական պալատից շարժվեց դեպի  Դրազարկի վանք, ուր ամփոփվեց թագուհու աճյունը:

Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ  է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 


Դիտվել է 4470 անգամ:
Print Friendly

Leave a Reply