Հայաստանում գիտությունը` պարապ վախտի խաղալիք, գիտնականներն էլ` «քյասիբ ու անճար»
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | March 13, 2012 11:00Կար ժամանակ, երբ գիտնական ասելով պատկերացնում էին միայն տղամարդկանց: Այդ ժամանակները վաղուց անցյալում են, և այսօր գիտությունում հավասարապես իրենց ներդրումն ու խոսքն ունեն թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: ՅՈՒՆԵՍԿՕ–ի տվյալներով` 2007-ին Հայաստանում 4114 գիտնականների 44,7 տոկոսը կանայք են (Կին գիտնականների և ընդհանրապես գիտնականների թիվը Հայաստանում նվազում է: 2002-ին Հայաստանում կար 4927 գիտնական, որոնց 47 տոկոսը կանայք էին):
30-ամյա Լուսինե Գասպարյանն արդեն 8 տարի գիտությամբ է զբաղվում: Տեխնիկական գիտությունների թեկնածուն ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում գիտաշխատող է: Ստանում է 47 հազար դրամ աշխատավարձ, որից 10 հազարը հավելավճարն է գիտական աստիճանի համար:
Լուսինեն գիտական ոլորտ է մտել` գիտակցելով, որ ստանալու է ցածր աշխատավարձ, վստահեցնում է, որ ժամանակը հետ բերելու դեպքում էլի նույն ընտրությունը կկատարեր. «Գիտության բնագավառում աշխատող երիտասարդը, հատկապես տղան այդ գումարով չի կարող ընտանիք պահել, անգամ իրեն չի կարող պահել: Այդ պատճառով էլ շատերը, չնայած կարողություններին, խուսափում են գիտությունից: Բայց դա չի նշանակում, որ պետք է գիտությունից հեռանանք: Հույս ունենք, որ ապագայում լավ կլինի»:
Նրա խոսքով` այլ ոլորտում անգամ շատ բարձր աշխատավարձով աշխատանքին չի համաձայնի, եթե պետք է գիտությունը թողնի. «Ես չեմ պատկերացնում ինձ առանց իմ մասնագիտության, ես ինձ կայացած եմ համարում այս բնագավառում աշխատելով, ինձ ավելի վստահ եմ զգում»:
Լուսինեի մայրը քիմիկոս է, ինչն էլ կանխորոշել է նրա սերը դեպի քիմիան: Իսկ արդեն մագիստրատուրայում ուսանելու տարիներին հետազոտությունները, պրպտումները նրան այնքան են գրավել, որ գիտության ոլորտից հեռանալ էլ չի ուզում. «Սիրում եմ ուսումնասիրել, պրպտել, անհասկանալին հասկանալի դարձնել: Երբ արդյունքի ես հասնում, դա այնպիսի զգացողություն է, որ ոչ մի բանի հետ չես փոխի»:
Գիտափորձերի արդյունքում Լուսինեն տեխնիկական ապակիների 2 նոր բաղադրություն է ստացել` բարձր հաղորդականությամբ և դյուրահալ ապակիներ, որոնք կայուն են ագրեսիվ միջավայրի նկատմամբ և լայն կիրառություն ունեն միկրոէլեկտրոնիկայում, մարտկոցներում: Գյուտն արտոնագրել է Հայաստանում, բայց ոչ միջազգային ասպարեզում. դա գումարի հետ է կապված: Լուսինեի բացահայտումը, որ կարող էր կիրառություն գտնել արտադրությունում` երկկողմանի օգուտ տալով, անուշադրության է մատնված. չկա կապող օղակը, որ կապ ստեղծի գիտնականի և մասնավոր հատվածի միջև, ապահովի գիտնականի աշխատանքի արդյունքի կիրառելիությունը:
Լուսինեն նշում է, որ եթե աշխատավարձերը բարձրացվեն, անպայման գիտնականի աշխատանքի որակը կբարձրանա. «Մարդը ոգևորվում է, երբ իր աշխատանքը գնահատվում է, որ կարողանում է իր իսկ մասնագիտությամբ իրեն ու ընտանիքը պահել, կեցությունն ապահովել: Այսօրվա դրությամբ և՛ աշխատավարձն է ցածր, և՛ պայմաններն են դժվար, դրա համար էլ հիասթափությունը մեծ է, շատերը, չնայած մեծ պոտենցիալ ունեն, հեռանում են գիտությունից»:
Գիտության պատշաճ ֆինանսավորումը կլուծի նաև գիտնականի կերպարի ընկալման հարցը: «Մեծ մասամբ գիտնականին համարում են «քյասիբ մարդ, որը ի՞նչ կարող է անել»: Նման վերաբերմունք նկատում եմ երիտասարդ սերնդի մոտ, նոր ավարտողների, դպրոցականների մոտ: Ամեն ինչ նյութականով են պայմանավորում»:
Գիտնականի և գիտության ընկալված չլինելու մասին փաստում է նաև քիմիական գիտությունների թեկնածու Մերի Մանուկյանը, որը արդեն 10 տարի գիտության ոլորտում է: Նա դասավանդում է Մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ): Խոստումնալից ուսանողներին առաջարկում է գիտության ոլորտ մտնել, սակայն քչերն են համաձայնում. «Ասում են` ավելի նախընտրելի է սուպերմարկետում աշխատել, քան գիտնական դառնալ»:
Մերին ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնում գիտաշխատող է: Սիրած գործունեությամբ զբաղվելու համար զուգահեռաբար դասավանդում է ՀՊՄՀ-ում` ֆինանսապես իրեն ապահովելու համար: Որպես գիտաշխատող ստանում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը և գիտությունների թեկնածուի համար նախատեսված 10 հազար դրամ հավելավճարը: Այլ աշխատանքի անցնելու առաջարկները դեռևս մերժում է` հույս ունենալով, որ ֆինանսական խնդիրները կկարգավորվեն, և ստիպված չի լինի հեռանալ գիտությունից:
«Մեր ողջ կյանքը քիմիա է: Շատ հետաքրքիր է երևույթի էությունը պարզելը, պատճառահետևանքային կապերը հասկանալը: Երբ հետազոտության մեջ որոշակի հաջողության ես հասնում, մեծ հոգեկան բավարարվածություն ես ունենում, դա անփոխարինելի զգացողություն է»,- ասում է Մերին` բացատրելով գիտության ոլորտում մնալու իր դրդապատճառները:
«Կրտսեր գիտաշխատողներն էլ նվազագույն աշխատավարձ են ստանում, և դժվար է նրանց համոզել, որ գիտական աստիճան ստանալուց հետո էլի շարունակեն աշխատել նույն ոլորտում,- ասում է Մերին:- Մեծ մասամբ երիտասարդները, որոնք ուզում են գիտությամբ զբաղվել, հեռանում են երկրից»:
Մերին նշում է, որ գիտական գործունեությանը խոչընդոտում է ոչ միայն ցածր վարձատրությունը, այլև նյութատեխնիկական բազայի մաշվածությունը, գիտափորձերի համար պակասող նյութերը, պայմանները:
Սակայն նման պայմաններում անգամ բացահայտումներ կատարվում են: Օրինակ` իր հետազոտությունների արդյունքում սինթեզել է այնպիսի միացություններ, որոնք դեղաբանական ակտիվություն ունեն, լվացող, ախտահանող, հակամանրէային հատկություն ունեցող նյութեր են և արդյունավետությամբ գերազանցում են բժշկության մեջ ներկայումս կիրառվող նյութերին: «Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դրանց ամբողջական ուսումնասիրությունը կատարված չէ, այդ պատճառով էլ լիովին երաշխավորել բժշկության մեջ կիրառելու համար չենք կարող»:
«Պետությունը գիտությունից պահանջում է մրցունակ աշխատանք, լավ արդյունքներ, բայց չի ստեղծում համապատասխան պայմաններ այդ արդյունքներին հասնելու համար: Շատ դեպքերում արտասահմանյան գիտնականների հետ մրցել չենք կարող նյութատեխնիկական բազայի պատճառով»,- ասում է երիտասարդ քիմիկոսը:
Նրա կարծիքով` գիտության որակը կլավանա, եթե գիտնականը պատշաճ վարձատրություն ստանա, էլ ստիպված չլինի այլ աշխատանքի մասին մտածել, այլ միայն գիտությամբ զբաղվի, երբ գիտափորձերի համար կլինեն բոլոր նյութատեխնիկական միջոցները:
Գիտնականի իր ուղին գիտակցաբար է ընտրել նաև ֆիզմաթ գիտությունների թեկնածու 27-ամյա Անահիտ Գոգյանը: Մաթեմատիկոս ծնողները ցանկանում էին, որ դուստրը ծրագրավորող դառնա, ճակատագիրը, սակայն, այլ բան էր նախատեսել. բուհական հայտում թույլ տրված սխալը պատճառ դարձավ, որ Անահիտը հայտը 2-րդ անգամ լրացնի ու այս անգամ արդեն ընտրի Ֆիզիկայի ֆակուլտետը: Թեկնածուական ատենախոսությունն էլ պաշտպանել է հայ-ֆրանսիական խորհրդի ներկայությամբ` ստանալով երկու վկայական: ԱՊՀ երկրների երիտասարդ գիտաշխատողների մեջ լավագույնը ճանաչված գիտնականն այժմ աշխատում է ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում:
«Գիտությամբ զբաղվելն ինձ համար նախ և առաջ ազատություն է, հիմա հետ նայելով ինձ որևէ այլ ոլորտում չեմ պատկերացնում: Գիտությունն ինձ տալիս է ազատություն, պարտադրանք, սահմանափակում չկա, նաև հետաքրքիր է, միշտ նոր բան ես սովորում, բացահայտում: Երբ ինչ-որ արդյունք ես ստանում, դա այնքան էմոցիաներ է առաջացնում, որ անփոխարինելի է, միայն դրա համար կարելի է գիտությամբ զբաղվել»:
Անահիտը նշում է, որ կզբաղվի գիտությամբ, քանի դեռ իր ուսերին որոշակի ֆինանսական բեռ չունի. «Հիմա երբեմն մտածում եմ ծրագրավորման լեզու սովորելու մասին, քանի որ չգիտեմ, թե գիտությամբ քանի տարի կարող եմ ապրել ու վաստակել: Եղբայրս հետ է պահում, թե երբ կարիքը լինի, կհասցնեմ: Եթե ընտանիք ունենամ ու ֆինանսական խնդիրներ ունենամ, բնականաբար ստիպված կլինեմ թողնել գիտությունը կամ լավագույն դեպքում ազատ ժամանակ դրանով զբաղվել»:
Անահիտը արտերկրում մի քանի տարով աշխատելու հրավերքներ ստացել է, սակայն մերժել է. Հայաստանից երկար ժամանակով բացակայել չի ուզում, քանի որ հետո վերադառնալը և ադապտացվելը բարդ կլինի. «Անգամ կարճ ժամանակով բացակայելուց հետո վերադառնալիս տարբերությունն այնքան մեծ է, որ սկզբնական շրջանում դեպրեսիայի մեջ ես ընկնում, թե ինչու է իմ երկրում ամեն ինչ այդքան վատ: Ավելի լավ է երկար ժամանակով չգնամ: Գուցե հետագայում փոշմանեմ, բայց սա է իմ ընտրությունը»:
Երիտասարդ գիտնականը հասցրել է զգալ գիտնականի հանդեպ վերաբերմունքի տարբերությունը Հայաստանում և արտերկրում. «Երբ ասում ես գիտնական է, մտածում են ցնդած մարդ է, իր համար ինչ-որ բաներ է անում: Դրսում, երբ լսում են, որ ֆիզմաթ գիտությունների թեկնածու ես, զարմանում են, թե այդ տարիքում արդեն թեկնածու ես: Դրսում դա գնահատվում է, Հայաստանում գիտական կոչումը արժեք չունի»: Պատճառը, ըստ Անահիտի, ֆինանսականն է, երբ գիտնականը ստիպված է այլ բաներով զբաղվել իր ապրուստը հոգալու համար:
Նրա խոսքով` եթե փոքր և ոչ հարուստ երկիր լինելու պատճառաբանությամբ գիտությանը պատշաճ ֆինանսավորում չհատկացվի, գիտությունը կսպանվի, իսկ նման պարագայում «այն աստիճանի դեգրադացիա կապրենք, որ զարգանալու հնարավորություն չենք ունենա»: Բացի այդ, արտասահմանյան ներդրողները միշտ հաշվի են առնում երկրի գիտական ներուժը, կրթական համակարգը:
Գիտությունում պետք է ներդրումներ կատարել ապագայի համար: Օրինակ, դեռ 10 տարի առաջ քվանտային հաղորդակցությունը համարվում էր ֆանտաստիկ բան, գիտնականների ձեռքի խաղալիք: Բայց շարունակեցին ֆինանսավորել գիտնականներին, և այսօր այդ ֆանտաստիկան կիրառվում է առօրյայում ինֆորմացիան մի կետից մյուսը ապահով տեղափոխելու համար:
Իսկ Հայաստանում ոչ միայն համապատասխան ֆինանսավորում չկա, այլև գիտնականի աշխատանքի համար նորմալ պայմաններ չկան. «Ուսումնասիրությունների ժամանակ, եթե որևէ գիտական հոդված է պետք արտասահմանյան աղբյուրներից, Հայաստանում գտնել հնարավոր չէ: Ստիպված դրսի իմ ընկերներին եմ խնդրում, որ տվյալ հոդվածն ինձ ուղարկեն»:
Անահիտը նաև փաստում է, որ եվրոպական լաբորատորիաները բացառիկ պայմաններ ունեն, իսկ մեզ մոտ փորձարարական սենյակ մտնելիս «տպավորություն է ստեղծվում, որ 1940-ից հետո այդտեղ ոչինչ չի փոխվել»:
Գիտնականն ահազանգում է, որ Հայաստանը կանգնած է գիտության լինել-չլինելու հարցի որոշման ճանապարհին:
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ամեն տարի գիտնականների թվի և տարիքի վիճակագրություն են կազմում: Վիճակագրական կորը վերևում է 25 տարեկան հասակում և 60 տարեկան հասակում, մյուս տարիքային խմբերում շատ ցածր մակարդակում է: Ընդ որում, երկրորդ տարիքային խմբի տարիքն աճում է, իսկ երիտասարդներինը ոչ, քանի որ թեկնածուական աստիճանը պաշտպանելուց հետո կա՛մ գիտությունն են լքում, կա՛մ երկրից հեռանում:
«Ֆինանսավորման հարցը լուծվելու դեպքում գիտնականի աշխատանքի որակը կբարձրանա, քանի որ գիտությանն այլևս որպես հոբբի չեն վերաբերվի: Նաև շատերին գիտեմ, որ արտերկրում են աշխատում ու լավ արդյունք ունեն, բայց երազում են Հայաստան վերադառնալու մասին: Եթե ֆինանսավորման խնդիրը լուծվի, այդ գիտնականները կվերադառնան և իրենց աշխատանքը հայրենիքին կծառայեցնեն»:
Անահիտը նշում է, որ եթե պետական մակարդակով գիտության ֆինանսավորման խնդիրը չլուծվի, մոտ 10-15 տարի հետո, օրինակ, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը հանգիստ կարող են փակել, քանի որ գիտնականներ այլևս չեն լինի:
Իսկ խնդրի լուծման առումով այժմ հարմար պահ է. ինստիտուտը հայ-ֆրանսիական գրանտային ծրագիր է իրականացնում, որը առաջիկա 2-3 տարիներին երիտասարդներին կպահի ինստիտուտում: Այսինքն` իսկը ժամանակն է քայլեր ձեռնարկելու և դրանք կյանքի կոչելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
