Թե ինչպես ռուս տղան վրեժխնդիր եղավ քրոջն անարգող թուրքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 12, 2012 13:53

 Արցախյան գոյամարտի 24-ամյա տարեգրության մասին շատ հերոսապատումներ են ստեղծվել: ՇՆորհակալություն նրանց, ովքեր գրել ու դեռ էլ պիտի գրեն մեր ոգորումների մասին: Սակայն ներկայացվող պատումը մեր լսածներից շատ է տարբերվում: Եվ արտառոց է այնքանով, որ մեր կորուսյալ երկիրն ու արժանապատվությունը փրկելու համար ոտքի ելանք, շատ նվիրյալներ էլ նահատակվեցին, իսկ ազգությամբ ռուս, Կուրսկի մարզի Ռելսկ ավանի բնակիչ Վոլոդյա Գեորգիի Միխայլո՞վն ինչ էր կորցրել Արցախում, որ 1993 թ. եկավ ու կամավոր անդամագրվեց մեր պայքարին: Սկզբում լուռ ու մտահոգ, քչախոս էր, ասես այդ պատերազմի ողջ «բեռն» իր ուսերին էր, ու չէր կարողանում թոթափել: Իր քչախոսությամբ նա շատ չանկեղծացավ, ընկերներն էլ իրենց հարցերով նրա «հոգին» շատ չհանեցին: Թեև դրա ժամանակն էլ չկար: Մարտակերտի համար վճռորոշ օրեր էին:

Այնուամենայնիվ, ո՞վ էր նա և ինչի համար էր Արցախ եկել:

Վոլոդյայի մարտական ընկեր, տնտեսագիտական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի  ամբիոնի դոցենտ, ազատամարտիկ Վլադիմիր Դավթյանի հավաստմամբ` 1993 թ. հունվարն էր, երբ նա «Արցախ» կոմիտե եկավ, թե` ուզում է Ղարաբաղ գնալ:

Ինչպես հետո պարզվեց, 1992 թ. Խոջալուից դուրս եկած մի խումբ փախստականներ այդ ավանում են տեղավորվել: Ադրբեջանցի փոխքաղաքապետը փախստական մի ընտանիք է տեղավորում Վոլոդյայի ընդարձակ բնակարանում, որտեղ ինքն ու 16-ամյա քույրն էին ապրում: Նրանց ծնողներն ավտովթարի զոհ էին դարձել, և դեռատի քրոջ խնամքը եղբոր հոգսն էր դարձել: Մի օր, երբ եղբայրը աշխատանքից տուն է վերադառնում, քրոջն ահաբեկված լացուկոծի մեջ է գտնում, հարևաններն էլ փորձում էին աղջկան հանգստացնել:

Երբ Աֆղանստանում կռված տղան իմանում է, որ մարդկային բոլոր սրբություններ կորցրած տմարդի թուրքը, ում տանիք, հաց ու ջուր էր տվել, բռնաբարել է քրոջն ու ընտանիքով հեռացել,  վրեժխնդրությամբ է լցվում, բայց թուրք խուժանի ընտանիքն ասես գետնի տակ էր անցել: Քրոջը Նիկոլաևսկի մարզում ապրող մորաքրոջ մոտ տանելու որոշում է կայացնում, որովհետև այլ մտադրություն ուներ: Թե որ կայարանում է եղբայրը ուտելիք գնելու պատրվակով գնացքից իջնում, պրն Դավթյանն արդեն այսօր չի հիշում, եթե իմանար, որ տղան այս ճակատագրին կարժանանար,  շատ մանրամասներ կիմանար, նրա քրոջը գտնելու և նրան ողջ եղելությունը պատմելու ծանր բեռից էլ վաղուց արդեն ազատված կլիներ:

Կայարանում, Մոսկվա-Թբիլիսի երթուղու գնացքը տեսնելով, եղբայրն անսպասելի որոշում է կայացնում և Թբիլիսի-Երևան երթուղուց հետո Արցախ մեկնում: Սա է ռուս տղայի Արցախում հայտնվելու կարճ ոդիսականը: Թեև առաջին հայացքից տղայի ճշմարտանման այս պատմությանը շատերը, այդ թվում նաև Դավթյանը, հավատացին, այնուամենայնիվ, երիտասարդ դոցենտի հոգու խորքում կասկած առաջացավ. «Գուցե լրտե՞ս է»: Եվ գործի դրեց հենց ռուսի ասած «վստահիր, բայց նաև ստուգիր» կանոնը:

«Ես մեր գյուղի Ժորա Վանյանին (Ներքին Հոռաթաղ) խնդրեցի  տղային հետևել: Անձնագիրը, իհարկե, ձեռքից վերցրել էինք, և այն «Արցախ» միությունում թողեցինք: Տղաներն ասացին, որ շատ լավ է կռվում, որևէ արտառոց բան չեն նկատել, բայց ինքնամփոփ է: Շատ գործողությունների մասնակցեց Ումուդլուից մինչև Մարտակերտի «Պուշկին յալի»  կատաղի մարտերը: Բարձունք, որ քանիցս ձեռքից ձեռք է անցել»,- ցավով վերհիշում է պրն Դավթյանը:

Հիշեցնեմ, որ «Պուշկին յալը» (հրանոթի սար) ռազմավարական մեծ նշանակություն ունեցող բարձունք էր: Հակառակորդը, քաջ  գիտակցելով,որ բարձունքը կորցնելով` կկորցնի նաև Մարտակերտը, ամեն գնով` մեծ զինուժի, վարձկանների օգնությամբ պահում էր բարձունքը: Իսկ երբ մեր ուժերը 1993 թ. հունիսի 26-ին արդեն ազատագրեցին այդ բարձունքը,  հաջորդ օրն իսկ թուրքաթափ եղավ նաև Մարտակերտ շրջկենտրոնը: Այդպիսով Մարտակերտը գրեթե թոթափեց (բացառությամբ մի քանի գյուղերի) գերված մնալու ծանր բեռը:

Վոլոդյան ոչ միայն փորձաշրջանից  պատվով դուրս եկավ, այլև իր պահանջները դրեց. «Ինձ ոչինչ պետք չէ, միայն զենք ու սիգարետ տվեք,  ես Ղարաբաղ պիտի գնամ ու իմ քրոջ վրեժը լուծեմ»: Հավատացին ու վստահեցին նրան և «Արծիվ-23» գումարտակում ընդգրկեցին: Նաև զենք ու սիգարետ տվեցին: Գումար էլ, իհարկե, առաջարկեցին, բայց տղան  հրաժարվեց:  Եվ օրեր անց գումարտակի հետ թեժ կետ` Մարտակերտ տեղափոխվեց:

Դրմբոնի, Հաթերքի ձորակի ազատագրման օրերն էին: Թեև հրաձիգ էր, բայց ամեն տեսակ զենքից գլուխ էր հանում: Պատմության էջերին պահ տանք նաև գումարտակի հրամանատար Սերժիկ Ասլանյանի`ռուս զիվորի կամային հատկությունները բնութագրող անչափ կարևոր հիշողությունները: «Փետրվարի 8-ին ռազմական գործողությունների գոտի մեկնեցինք: Պիտի ասեմ, որ Վոլոդյան միշտ մեր կողքին էր: Մասնակցեց բոլոր մարտական գործողություններին: Տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին: Առաջին մարտը փետրվարի 18-ին էր, հունաբնակ Մեհմանա գյուղի համար: Ռազմավարական նշանակության այս բնակավայրը գտնվում է Մարտակերտի շրջանը երկու մասի բաժանող բարձունքում: Այդ մարտում էլ նա աչքի ընկավ: Այդ քաջ տղան իրեն չէր խնայում, հոգնել, ինչ-որ բանից դժգոհել չգիտեր»,- վկայում  է դրմբոնցի հրամանատարը, որից էլ իմանում ենք, որ փետրվարի 27-ին արդեն սկսվեցին Սարսանգի ջրամբարի ազատագրման մարտական գործողությունները:

Դժվար ու ծանր օրեր էին: 40 օր զօրուգիշեր մղվող մարտերի ընթացքում ռուս մարտիկը միշտ առաջին գծում էր և իր գործողություններով քաջալերում էր անգամ հայ զինվորին, բայց  ամենածանր `«Պուշկին յալի» բարձունքի համար մղվող մարտը, որը և ճակատագրական եղավ մարտիկի համար, դեռ առջևում էր: «Մարտի 19-ին բարձունքն արդեն մեր ձեռքում էր: Ռազմական գործողությանը մասնակցում էր նաև Մոնթե Մելքոնյանը: Մարտի 25-ին Վոլոդյան պահում էր դիրքերը, որպեսզի մենք վիրավորներին կարողանայիք տեղափոխել: Այդ պահին հակառակորդը մտնում է մեր խրամատ և մոտ տարածությունից նռնականետով կրակում: Վոլոդյան զոհվում է իր մարտական հայ ընկերների կյանքը փրկելիս»,- փաստում է հրամանատարը` հավատացած, որ խրամատ մտնողները չեչեն վարձկաններ էին, այլապես ազերին մեր խրամատ մտնելու այդքան համարձակություն չէր ունենա: Զոհվեց քաջասիրտ ռուս զինվորը, բայց նա արդեն հանգիստ էր, որովհետև իր վրեժն արդեն առել էր:

Մարտական ընկերները  նրան թաղում են Դրմբոնում` հերոս զինվորին վայել հագուստով, պատերազմական արարողակարգով, այնպես, ինչպես կհուղարկավորեն հայ զինվորին: Կարճ ժամանակ անց նրա  դին Ստեփանակերտի «Եռաբլուր» է տեղափոխվում: Եվ արցախյան իշխանությունները հավուր պատշաճի հուշաքար են տեղադրում:

Վոլոդյայի մահից արդեն 17 տարի է անցել, քույրն էլ հավանաբար 32-33 տարեկան է դարձել, բայց մինչ օրս եղբոր մասին որևէ տեղեկություն չունի: Միևնույն է, ինչքան էլ անցնի, քույրը չի հավատա, որ իր ցավով, վրեժխնդրությամբ տառապող եղբայրն այդ չարաբաստիկ օրն իրեն մենակ կթողներ գնացքում… Պիտի սպասի եղբոր վերադարձին կամ մի լուրի, թեկուզ 30 տարի էլ անցնի:  Ի՞նչ է մտածում իր միակ եղբոր անսպասելի անհետանալու մասին, որոնո՞ւմ է արդյոք նրան: Սրանք հարցեր են, որոնք մինչ օրս հանգիստ չեն տալիս նաև Դավթյանին. «Հայ ժողովրդին դա պատիվ չի բերում: Շատ անհանգիստ եմ, որ քույրը մինչ օրս չգիտի, որ եղբայրն արդեն վրեժխնդիր է եղել: Այս ուղղությամբ բազմաթիվ որոնումներ եմ արել,Հայաստանում «Ռուսհամագործակցության» նախագահ Վլադիմիր Կրիվոպուստովի օգնությանը դիմել, բայց մինչ օրս որևէ հետք չեմ գտել: Ցավոք, անձնագիրը կորել է: Նա ոչ միայն քրոջ վրեժը լուծեց,  այլև հասկացավ, թե ովքեր են արդար,  և ովքեր նենգ պատերազմ վարողները»,- ասում է դասախոս-ազատամարտիկն ու ոչ պակաս կարևոր համարում դրսի, հատկապես մեր հարևան- բարեկամների տեղեկացված լինելու հանգամանքը, ինչին չհամաձայնելը արդար չէ:

Եթե մեր այս հրապարակմանը նաև այլ լրատվամիջոցներ արձագանքեն, այն ոչ միայն երախտագիտության տուրք կլինի զինվորի լուսավոր հիշատակին, այլև  գուցե այդպիսով օգնենք գտնելու Վոլոդյա (Վլադիմիր) Միխայլովի  քրոջը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 


Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply