Ախտորոշումը` գարնանային սրացում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 12, 2012 7:00

Գարնան զգացումը չափազանց հաճելի է երկարուձիգ ձմեռվանից հետո: Հաճելի, բայց և նենգ: Գարնան ուրախության հետ մեկտեղ եկեք չմոռանանք նաև որ հենց այս եղանակին հիվանդությունները սրվելու միտում ունեն: Մինչդեռ ինչքան հույսեր ենք կապում այս հաճելի ու ռոմանտիկ եղանակի հետ:

Ստամոքսի  և տասներկումատնյա աղիքի խոց

Գարնանն ու աշնանը հատկապես խոցային հիվանդները պետք է հետևեն սննդակարգին, խնայեն ստամոքսն ու աղիքային տրակտը կծու, տաք, աղի կերակուրներից: Ցանկալի է ուտել քիչ-քիչ ու հաճախ: Փորձեք օրաբաժնում օգտագործել А, В, Е վիտամիններ պարունակող մթերքներ: Երբեք մի մոռացեք, որ ալկոհոլն ու սուրճը բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը, իսկ  ծխախոտը գրգռում է լորձաթաղանթը: Այնպես որ,  եթե կարողանաք վատ սովորություններից հետ կանգնել, կկարողանաք առողջ վայելել գարունը` իր ողջ գունապնակով:

Յուրաքանչյուր գարնան անփոփոխ «ուղեկիցներն» են ջրափոսերում թրջված ոտքերն ու ձանձրույթի հասցրած հարբուխը: Գարնան առաջին շնչի հետ շտապում ենք հանել տաք գլխարկները, շարֆերը: Դա է պատճառը, որ  եղանակի առաջին իսկ տաքացման հետ ավելանում է հարբուխով հիվանդների թիվը: Դրան նպաստում է նաև գարնանային ավիտամինոզով պայմանավորված  թուլացած իմունիտետը: Օրգանիզմը յուրաքանչյուր վարակի հանդեպ ընկալունակ է դառնում: Հիվանդության կանխարգելման համար գոնե կարելի է ձեռքերը հաճախակի լվանալ ու հնարավորինս չմրսել:

Դեպրեսիա

Հոգեկան խանգարումների որոշ տեսակներ` շիզոֆրենիան ու դեպրեսիան, գարնանը սրվում են: Դեպրեսիայի հակում ունեցողներին մասնագետները խորհուրդ են տալիս խստիվ հետևել աշխատանքի ու հանգստի հերթագայությանն ու հնարավորինս ազատվել վատ սովորություններից, փորձեք ճիշտ սնվել, ու մաքուր օդին հաճախակի զբոսնել, զբաղվել սպորտով: Օգտակար է ստեղծագործելը: Ընդ որում, դեպրեսիայի դեմ պայքարի գլխավոր մեթոդներից մեկն էլ իրավիճակի փոփոխությունն է. օրինակ` հանգստյան օրերը քաղաքից դուրս անցկացնելը, տանը կահույքի վերադասավորումը նույնպես դրական ազդեցություն են ունենում: Հոգեկան խանգարման հստակ դրսևորումների դեպքում (գերգրգռվածություն, լացկանություն, ապատիա, անքնություն), որոնք  երկարում են մինչև երկու շաբաթ, հարկ է դիմել նեղ մասնագետի օգնության:

Հերպես

Հերպեսն անհանգստացնող վերք է և ողջ աշխարհում ամենատարածված վարակի տեսակ է համարվում: Վարակված է բնակչության 90%-ը: Սակայն միայն 5%-ի մոտ է, որ այն  արտաքին դրսևորումներ է ունենում, մնացածի մոտ սա առանց հատուկ ախտանշանների է ընթանում: Սրացում նկատվում է մրսելուց հետո: Ցավոք, հերպեսից մեկընդմիշտ ազատվել անհնար է: Չկա այնպիսի դեղամիջոց, որը կարող է ազատել այդ վարակից:

Պոլինոզ

Առաջին ծաղկափոշու հետ անխուսափելի «սև օրեր» են սկսվում նրանց  համար, ովքեր տառապում են պոլինոզով: Սա ալերգիկ հիվանդություններից թերևս ամենատարածվածն է: Ծաղկափոշին դառնում է պոլինոզի պատճառ:  Բայց քչերը գիտեն, որ այս ալերգիան ոչ միայն բնության մեջ աճող բույսերից է առաջանում, այլև անվտանգ համարվող սենյակային ծաղիկներից, ինչպիսին, ասենք` խորդենին է, դաշտային ծաղիկներից` յասամանը, հասմիկը, վարդը, մանուշակը:

Ալերգիկ երևույթները դրսևորվում են հարբուխի ձևով, փռշտոցով, քթային շնչառության խանգարմամբ. քթում, քիմքին, աչքերում քորով, խուտուտով, արցունքոտությամբ: Եթե այս գործընթացի մեջ են «ներքաշվում» նաև բրոնխները, ապա հնարավոր է, որ բրոնխիալ ասթմայի նոպա զարգանա (ծաղկափոշու պատճառով ասթմա  զարգանում է հիվանդների 20%-ի մոտ):

Ալերգիաները բազմազան են, բուժումն էլ` ոչ միշտ արդյունավետ, սակայն կան կանխարգելիչ միջոցներ, որոնք  հնարավորություն կտան պարզապես չխորացնելու վիճակը, չհասցնելու բարդացման:

Եթե հանկարծ զգաք, որ մրսած եք ու թուլություն  ունեք, ապա կարելի է հին ժողովրդական մեթոդով թեթևացնել վիճակը. դրա համար հարկավոր է 1/2 գդալ մեղրը և 1/2 կիտրոնի հյութը խառնել տաք ջրի մեջ ու քնելուց առաջ խմել: Առավոտյան զգալիորեն թեթևացում կզգաք:

Եթե հազը խեղդում է ու կրծքավանդակն էլ ցավում, ապա ժողովրդական հետևյալ միջոցն այդ դեպքի համար է. 1 ճաշի գդալ մեղրը խառնել նույնքան օղու հետ, ավելացնել 5 կաթիլ յոդ: Բոլորը միասին լավ խառնել ու գիշերը դրանով շփել մեջքն ու կուրծքը, տաք շալով փաթաթվել ու քնել:

Գաստրիտի սրացման համար առաջարկվում է դեղատնային երիցուկի  1/2 հումքի վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր, հասցնել եռման ջերմաստիճանի, թրմել 10 րոպե: Սառեցնել, քամել ու խմել օրական  3-4 անգամ 1/2 բաժակ ուտելուց կես ժամ առաջ:

Կարոս (նեխուր).1 ճաշի գդալ կարոսի տերևների վրա լցնել  մեկ բաժակ սենյակային ջուր, դնել կրակին ու հասցնել եռման ջերմաստիճանի մարմանդ կրակի վրա (10 րոպե), ապա քամել, սառեցնել ու խմել  օրական 3 անգամ ուտելուց հետո` 1/2 բաժակ:  Նախընտրելի է խաշած  սնունդը: Մի հանգամանք էլ. փորձեք չնյարդայնանալ:

Գարնանը նաև մաշկի խնդիրներ են առաջանում: Եղանակի փոփոխությունն ազդում է նաև ճարպագեղձերի աշխատանքի վրա, հնարավոր  է թարախաբշտի, կորյակների առաջացում: Մաշկը կա՛մ շատ յուղոտում է, կա՛մ էլ չորանում ու թեփոտում:  Ուստի հարկավոր է մաշկը խոնավացնել: Ու ժամանակ առ ժամանակ դիմակներ դնել:

Չոր մաշկի համար հարկավոր է 1 ճաշի գդալ քերած գազարը խառնել 1 ճաշի գդալ սերուցքի կամ թթվասերի  ու տրորած կաթնաշոռի հետ:  Խառնուրդը հարկավոր է քսել մաքուր մաշկին, թողնել 10-15 րոպե, մաքրել գոլ ջրի մեջ թրջած բամբակյա խծուծով, ապա լվացվել սառը ջրով:

Նորմալ մաշկի համար

Մեկ խնձորը քերել,  մեկ  ճաշի գդալ գազարի հյութի ու 1 թեյի գդալ մեղրի հետ խառնել, քսել դեմքին, թողնել 15 րոպե,ապա լվացվել եռացրած ու հովացրած ջրով:

Յուղոտ մաշկի համար

1 ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 ճաշի գդալ նարնջի հյութ և 1/2 թեյի գդալ ձեյթունի ձեթ: Բոլորը խառնել, վրձինով քսել դեմքին մի քանի շերտ,  15 րոպեից սենյակային ջրով լվանալ:

Տրամաբանորեն գարունը պետք է լավ տրամադրություն բերի, սակայն շատերն են բողոքում անկումային տրամադրությունից ու անքնությունից, թուլությունից, երազում  են բազմոցին մեկնվելու ու բոլոր գործերը գրողի ծոցն ուղարկելու մասին: Բանն այն է,որ օրգանիզմը ձմեռվա «քնից» դեռ չի արթնացել, այդ է պատճառը, որ մասնագետները  համառորեն խորհուրդ են տալիս մաքուր օդին զբոսնել: Իսկ սննդաբաններն առաջարկում են բանան, մեղր, դառը շոկոլադ, կանաչի ու կաթնամթերք օգտագործել:

Շատ օգտակար են ժամանակը մտերիմների շրջապատում, հարազատների հետ անցկացնելը, ինչպես և զվարճալի գրքերի ընթերցումն ու կատակերգությունների դիտումը:

Դիտվել է 2209 անգամ:
Print Friendly

Leave a Reply