Կին, պատերազմ և ծաղիկներ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 10, 2012 0:43

Արցախյան պատերազմի ազատամարտիկ Մարիետա Խաչատրյանը չի հիշում, թե պատերազմի տարիներին քանի  Մարտի 8 է տանը դիմավորել ու քանիսը` ռազմաճակատում:

Չի հիշում նաև, թե պատերազմի տարիներին մարտի 8-ի կապակցությամբ ինչ նվերներ է ստացել մարտական ընկերներից: Բայց մի դեպք շատ լավ է պահպանվել նրա հիշողության մեջ: ՙՔարվաճառի ազատագրման ժամանակ տեսա, որ իմ մարտական ընկերներից մեկը` Շահունիկը, սարի լանջից ծաղիկներ է հավաքում: Նայում եմ ու մտածում` լավ, Շահունիկն այսքան քնքո±ւշ է իր ներսում, որ հենց այս պահին այս ծաղիկները տեսավ, նկատեց, ու հիմա էլ հավաքում է: Իսկ երբ վերջում մեկնեց ինձ հավաքած ծաղկեփունջը, կարծես աշխարհն ինձ տված լինեին՚:

Արցախյան պատերազմին ակտիվ մասնակցած կանանցից է Մարիետա Խաչատրյանը, որ 1992 թ. անդամագրվեց Սիսիանի ՙՍիսական՚ կամավորական ջոկատին և մասնակցեց մի շարք մարտական գործողությունների` թե° Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու, թե° Արցախի ազատագրման ու պաշտպանության համար:

ՙՄիտինգներից հետո, որոնց ժամանակ ակտիվ եմ եղել, պետք է շարունակեի սկսած գործը: Պարզապես այն մարդը չէի, որ խոսեր ու գործով չշարունակեր իր խոսքը: Երբ կոչ ես անում, որ պետք է հայրենիքին պաշտպան կանգնել, միայն զենքով կարող ես,- մեկնաբանում է իր անդամագրումը կամավորականների ջոկատին և ավելացնում,- ես այնտեղ իմ անելիքն ունեի, այնտեղ կինն էլ անելիք ուներ՚:

Պատահել է, որ սոված է մնացել, մրսել, բայց համարել է, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետև պատերազմ էր: Պատերազմի արհավիրքներն ու դժվարությունները չի նկատել, որովհետև միշտ զգացել է իր ՙպատվախնդիր ընկերների հովանին՚: Նա մարտական գործողություններին իր ներկայությամբ ապացուցել է, որ երբ կինը զենք է վերցնում, կանգնում տղամարդկանց կողքին ու անձնվիրաբար պայքարում հանուն հայրենիքի սահմանների անձեռնմխելիության, դրանից նրա կանացի կերպարը չի կոպտանում, այլ տղամարդիկ են ավելի բարի, խիզախ ու զուսպ դառնում` պատրաստ ինքնազոհաբերության: Ինչպես նշեց երկրապահ-կամավորականների ՙՍիսական՚ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը. ՙՆա այդ պարագայում այն ոգեշնչող էակը դարձավ, այն ոգին, որի ներկայությամբ ամաչում ես թաքնվել, ամաչում ես պատերազմ չգնալ, ամաչում ես ընկերոջիցդ հետ մնալ՚:

Մարիետա Խաչատրյանը թիկունքային աշխատանքներին կամ բուժսանիտարական ծառայություն իրականացնելու միտք չի ունեցել: Նա մեկնել է ռազմաճակատ` հստակ որոշելով, որ պետք է կռվի տղամարդու պես, իսկական մարտերում:

Մարիետան 1992-1993 թթ. մասնակցել է Սիսիանի և Կապանի սահմանների պաշտպանությանը: 1992-93 թթ. մասնակցել է Լաչինի հարավային և հյուսիսային շրջանների Տիգրիկ, Ղոչազլու, Մալխալաֆ, Սուարասի, Սաֆիան, Գյուլիբերդ գյուղերի սահմանային պաշտպանական մարտերին, 1992 թ. դեկտեմբերին` Զանգելանի շրջանից Կապանը ռմբակոծող կրակակետերի վերացմանը և 11 գյուղերի ազատագրմանը, 1993 թ. հունվարին` Լաչինի հյուսիսային շրջանների պաշտպանությանը, 1993 թ. մարտ-ապրիլ ամիսներին` Քարվաճառի ազատագրմանը, 1993 թ. օգոստոսին` Կուբաթլուի և Զանգելանի շրջանների ազատագրման մարտերին, 1994 թ. հունվարից մինչև հրադադար` Ֆիզուլի-Հորադիզ մարտական գծի ազատագրմանն ու պաշտպանությանը: Նա 1994 թ. հունվարի 26-ին` Ֆիզուլի-Հորադիզ մարտական գծի պաշտպանության ժամանակ, ստացել է ցնցակաթված, բայց նույնիսկ այդ ժամանակ է շարունակել մասնակցել մարտական գործողություններին:

Երբեք չի լքել մարտադաշտը և մարտական ընկերներին: Իսկ թե ինչպես է կռվել, չեն մոռանում նրա մարտական ընկերները. ՙՄարետի պես անձնուրաց զինվորներ հազվադեպ են պատահում: Մարտի ժամանակ նա միշտ առաջինն էր գրոհի նետվում, ու մենք երբեմն հազիվ էինք պահում նրան, որ շատ առաջ չգնա ու չվտանգի իրեն: Նա կռվում էր ինքնամոռաց, նվիրումով և հավատով, որ անպայման պիտի հաղթենք: Նա, իմ կարծիքով, արդարության առաջամարտիկի կերպարի ամենաբնորոշ օրինակն է, գոնե նրանց միջից, ում ես ճանաչում եմ: Ու հենց արդարության ու ազատության մղումն էր, որ նրան դարձնում էր ամենախիզախ մարտիկը կամ ամենատղամարդ կինը՚,- հիշում է Մարիետայի մարտական ընկեր Արսեն Ավչյանը:

Արդարության աննահանջ մարտիկն այժմ էլ, ապրելով իր հայրենի Սիսիանում, պայքարում է: Նա հիմա զենքերը ՙկախել է պատից՚ ու անցել ՙհասարակական կռվի՚: Արցախյան պատերազմի հաշմանդամ ազատամարտիկը մի կիսանկուղային կրպակ ունի, և մանր առևտրով է հոգում իր առօրյա հօգսերը: Բայց չի ակնկալում, որ անձամբ իր համար, որպես Մարտի 8-ի նվեր, ինչ-որ բան կանեն: Նա ամենամեծ նվերը համարում է այն, որ հարգվի իր զոհված ընկերների հիշատակը, իսկ ողջ մնացածներն արժանանան հոգատար վերաբերմունքի և ուշադրության, բարելավվի ազատամարտիկների սոցիալական վիճակը, քանի որ նրանք արդեն ի վիճակի չեն ակտիվ աշխատելու և հոգալու իրենց առօրյա հոգսերը. մեկը հաշմանդամ է, մյուսը` վիրավոր, մնացածն էլ առնվազն ցնցակաթված ունեն:

Չի եղել, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա այցելի Սիսիան, ու Մարիետան նրա երեսին ուղիղ չասի, որ իր մարտական ընկերները պայքարել, վիրավորվել ու զոհվել են հանուն Հայաստանի բարեկեցիկ ու խաղաղ ապագայի: Իսկ եթե նրան չեն թողնում մոտենալ տվյալ պաշտոնյային, ապա նա դա անում է պլակատների միջոցով, միայնակ, առանց հեղաշրջման կոչերի ու փորձերի, միայն հիշեցնելով իր զոհված ընկերների երազանքն ու իղձը` Հայաստանը տեսնել հզորների շարքում:

Եվ մարտիության այս ՙնվերն՚ ակնկալում է մի կին, որը պարգևատրված է ՀՀ ՊՆ ՙՄարտական ծառայություն՚, ՙՎազգեն Սարգսյան՚, ՙՄարշալ Բաղրամյան՚, ՙԾովակալ Իսակով՚, ԼՂՀ ՙՄարտական ծառայություն՚ և ՙՄայրական երախտագիտություն՚ մեդալներով, ԵԿՄ ՙՀուշամեդալով՚ և ՙԱզատագրում՚ ՀԿ-ի համանուն մեդալով:

Տոնդ շնորհավո’ր, քաջ կին:


Դիտվել է 2477 անգամ:
Print Friendly

Leave a Reply