Չեմպիոններց մեկ քայլ ցածր
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | March 13, 2012 7:00
Ընթերցողներին տեղեկացրել ենք, թե ովքեր են եղել օլիմպիական խաղերի հին ժամանակների մեր երկրի երկու հաղթողները, նաև ժամանակակից օլիմպիական խաղերի 13 չեմպիոնները: Ի դեպ, վերջիններս ընդհանուր հաշվով 17 ոսկե պարգևի են տիրացել: Սակայն Հայաստանի ներկայացուցիչներն ունեն նաև օլիմպիական խաղերի14 արծաթե մեդալ, որոնց տերերը նույնպես մեծ հեղինակություններ են: Այդուհանդերձ, արծաթե մեդալը տխուր է համարվում, քանի որ դրանց տիրացել են այն մարզիկները, որոնք կամ նրանց թիմերը մրցակիցներին զիջել են եզրափակչում` պարտվելուց հետո: Փաստորեն, միայն մեկ քայլ չի բավարարել այդ մարզիկներին սխրանք գործելու համար:
Այդպիսիք ութն են: Մարմնամարզիկ Էդուարդ Միքայելյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում երկրորդ մրցանակակիր է դարձել 1972-ին Մյունխենում անցկացված օլիմպիական խաղերում, սուսերամարտիկ Աշոտ Կարգյանն էլ դարձյալ ԽՍՀՄ հավաքականի կազմում արծաթե պարգևի է տիրացել 1980-ին Մոսկվայում կազմակերպված օլիմպիական խաղերում:
Իսկ ահա անհատական մրցումներում օլիմպիական խաղերի պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին են կանգնել ծանրորդներ Վարդան Միլիտոսյանը (1976, Մոնրեալ), Յուրա Սարգսյանը (1980, Մոսկվա), ջրացատկորդուհի Սիրվարդ Էմիրզյանը (1980, Մոսկվա), ազատ ոճի ըմբիշներ Ստեփան Սարգսյանը (1988, Սեուլ), Արմեն Մկրտչյանը (1996, Ատլանտա), հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը (1992, Բարսելոնա):
Հավելենք, որ մեր օլիմպիական խաղերի չեմպիոնների թվում կան այնպիսիք, որոնց մեդալների հավաքածուն զարդարում են նաև արծաթե օլիմպիական մեդալները: Մասնավորապես, Հայաստանի առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն Հրանտ Շահինյանը 1952-ին Հելսինկիում տիրացել է երկու արծաթե մեդալի: Մեր մեկ այլ օլիմպիական խաղերի չեմպիոն Իգոր Նովիկովը Հռոմում (1960) և Տոկիոյում (1964) կայացած օլիմպիական խաղերում է երկրորդ տեղ գրավել: Իսրայել Միլիտոսյան էլ չեմպիոն դառնալուց չորս տարի առաջ Սեուլում (1988) արծաթե մեդալ է նվաճել:
Ցավոք, տևական ժամանակամիջոց է, որ Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվում օլիմպիական խաղերում արծաթե մեդալի տիրանալ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 16 տարի առաջ: Դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Հիշեցնենք, որ նախորդ` 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մերոնք նվաճել են 6 բրոնզե պարգև: Եվ խնդիր է դրված առաջիկա «Լոնդոն 2012»-ի խաղերում փոխել մեդալի գույնը: Եթե չհաջողվի մերոնց ոսկե պարգևի տիրանալ, ապա ցանկալի է, որ այն լինի գոնե մեկ այլ ազնիվ մետաղից` արծաթից:






Facebook
Tweet This
Email This Post
