Հռիփսիմե Ջիլավյան. «Կողմ եմ, որ կանայք բոլոր մարզաձևերով էլ զբաղվեն»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 11, 2012 7:34

Մեր երկրի սպորտի տարեգրությունում կանանց ներդրումը մեծ է: Հայաստանի մարզուհիները ոսկե մեդալների, մրցանակների են արժանացել օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Դժվար չէ ՞ արդյոք այդ ամենը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Այս և սպորտում կանանց մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեցինք մեր ճանաչված մարզուհիներից մեկի` Հռիփսիմե Ջիլավյանի հետ: Նա լողի ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր, փոխանցալողում հին աշխարհամասի ռեկորդակիր է, արծաթե մեդալ է  նվաճել ԽՍՀՄ առաջնությունում, իսկ ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո զբաղվել է դասախոսական, գիտական աշխատանքով: Ջիլավյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի ամբիոնի դոցենտ, Հայաստանի լողի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահության անդամ, ՀԱՕԿի «Կանայք և սպորտը» հանձնաժողովի նախագահ:

– «Կանայք և սպորտը» հանձնաժողովն  ի՞նչ հարցերով է զբաղվում:

– Փորձում ենք հստակեցնել, թե կանայք ընդհանրապես ի՞նչ դիրքորոշում ունեն սպորտի նկատմամբ, ինչպիսի՞ խնդիրների, սոցիալական դժվարությունների են հանդիպում ակտիվ սպորտը թողնելուց հետո: Բանն այն է, որ սպորտով ակտիվորեն զբաղվող կանայք կյանքում ստիպված են շատ բան բաց թողնել: Այդ է պատճառը, որ երբ փորձում են հեռանալ, ստիպված են հարմարվել նոր կենցաղավարությանը, լրացնել կրթության և այլ բացերը:

– Իսկ ձեր կյանքում սպորտն օգնե՞լ է, թե՞ ոչ:

– Իհարկե օգնել է:

– Մանկո՞ւց եք երազել մարզուհի դառնալու մասին:

– Ինը տարեկան եմ եղել, երբ  լողի  կանոնավոր մարզումների եմ հաճախել: Սովորաբար այդ հարցում ծնողներն են նախաձեռնողը: Լող  սկսել եմ պարապել սպորտկոմիտեի շինությունում գտնվող լողավազանում, որն այժմ չկա: Մեր ժամանակներում երեխաներին սովորաբար ծնողներն էին ուղղորդում` զբաղվելու  այս կամ այն մարզաձևով: Ինքս էլ այդ առումով բացառություն չեմ եղել: Ընդ որում, նախկինում ծնողներն այդ հարցում ավելի քաղաքակիրթ էին, քան այժմ:

– Սպորտով զբաղվելու հարցում Հայաստանում բնակվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար որևէ արգելք, բարդույթ կա՞:

– Հայաստանը եվրոպական երկիր է, չկան այնպիսի խանգարիչ հանգամանքներ, որոնք տարածված են Մերձավոր Արևելքի, իսլամական մի շարք երկրներում: Թերևս պատճառն այն է, որ խորհրդային համակարգում սպորտին մեծ ուշադրություն էր դարձվում, այն զարգացնելը քաղաքականություն էր համարվում: Իսկ լողն այն մարզաձևն է եղել, որով զբաղվելու համար կանայք որևէ խնդրի ընդհանրապես չեն հանդիպել, սակայն վերջին տարիներին  վերաբերմունքն ընդգծված փոխվել է: Զարմանալին այն է, որ  որոշ կանայք լողով չեն զբաղվում այն պատճառով, որ ամաչում են, ընկերները թույլ չեն տալիս և այլն: Դա զարմանալի է: Ընդ որում, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողուհիների շրջանում էլ այդ  «վարակը» նկատելի է: 35 տարի է` դասավանդում եմ բուհում և միայն վերջին 3-4 տարիներին եմ այդպիսի երևույթ տեսնում: Սովորողներից ոմանք ասում են, որ չեն կարող լողավազան այցելել այն պատճառով, որ այնտեղ հակառակ սեռի ներկայացուցիչներ կան: Դա արտառոց է, քանի որ նախկինում նման բան չի եղել:

– Գուցե դա նրանից է, որ կանայք այնքան էլ բարեկազմ չեն, խուսափում են  ֆիզիկական թերություններ ունեցող իրենց մարմինները ցուցադրելուց, խնդիրներ ունեն:

– Եթե այդպես էլ լինի, ապա լողի հետ կապ չունի: Երիտասարդ տարիքում  գեղեցիկ սեռի զգալի թվով ներկայացուցիչներ զբաղվում են տաբեր մարզաձևերով, այդ թվում` նաև մենապայքարային, բայց ահա քիչ չեն դեպքերը, որ անգամ չեմպիոնուհիները չեն կարող տղամարդկանց ներկայությամբ ջրավազանում լողի մեջ հմտանալ:

– Դա ինչի՞ հետևանք է:

– Հետամնացության` չկարդալու, չզարգանալու: Այս առումով  հետզհետե ավելի վատ վիճակում ենք հայտնվում: Ցավոտ հարց է:

– Սպորտում մեծ նվաճումների հասնելու համար մարզուհիներն իրենց շատ բաներից են զրկում: Իսկ ի՞նչ են շահում:

– Երկու տեսանկյունից կարելի է հարցը դիտել: Սպորտով զբաղվողները շահում են, քանի որ ավելի բարեկազմ են, առողջ: Հնդկաստանի հին իմաստունները նշել են մի շարք առավելություններ, որոնք տվել է լողը. առողջություն, առույգություն, գեղեցկություն, մաքրություն, մաշկի լավ վիճակ, մտքի պայծառություն, հակառակ սեռի ուշադրություն և այլն: Դա օգնում է: Մյուս կողմից` սպորտին նվիրվողը մանկություն, պատանեկություն գրեթե չի ունենում, քանի որ ամբողջովին տրվում է մարզումներին: Բայց երբ հասնում է նպատակին,  հաջողությունն է ուղեկից լինում, 10-15 տարի սպորտով զբաղված մարզուհին ամբողջ կյանքում վայելում է դրա պտուղները: Նրա առջև կանաչ ճանապարհ է բացվում: Ինքս Եվրոպայի առաջնության մրցանակակիր եմ դարձել15 տարեկանում: Չորս տասնամյակ է անցել, սակայն ես բարձունքում եմ, ուշադրության կենտրոնում: Դա առավելություն է: Այդուհանդերձ, հաջողությունից հետո, եթե արդյունքների անկում է արձանագրվում, խնդիրներ են առաջանում: Կամք է անհրաժեշտ, աշխատասիրություն` նոր իրավիճակներում փորձություններից դուրս գալու համար: Բարձրակարգ մարզուհիներն անհաջողություններից դասեր են քաղում:

– Կարծիք կա, որ ոչ բոլոր մարզաձևերն են կանանց համար: Օրինակ` քիչ չեն այն տեսակետի կողմնակիցները, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բռնցքամարտ, ծանրամարտ, ֆուտբոլ մարզաձևերով չպետք է զբաղվեն, քանի որ նրանց կանացիությունը կարող է տուժել:

– Հնում առհասարակ սպորտը կանաց համար չի եղել: Անգամ օլիմպիական խաղերին նրանց ներկայությունն արգելվել է: Բայց կանայք  միավորվել են, պայքարել և ի վերջո հասել իրենց նպատակին: Այդուհանդերձ, կան մի շարք մարզաձևեր, որոնք վնասում են կանանց առողջությունը, օրգանիզմը: Օրինակ` բարձրակարգ ծանրորդուհիներն այնպիսի ծանրություն են բարձրացնում, որ վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է:  Բյաց եթե մարզումները ճիշտ կազմակերպվեն, նաև վտանգավոր մարզաձևերում կարելի է խուսափել անցանկալի հետևանքներից: Այնպես որ կողմ եմ, որ կանայք բոլոր մարզաձևերով էլ զբաղվեն:

– Սպորտին նվիրված կանայք ընտանիք կազմելու, ամուսնանալու հարցում դժվարություններ չե՞ն ունենում: Վիճակագրությունն ի՞նչ է հուշում, մարզուհիները հիմնականում մարզիկների՞ հետ են ամուսնանում:

– Ոչ միշտ: Պարզապես, սպորտի բնագավառի մարդիկ ավելի հաճախակի են իրար հետ շփվում, դրանով է բացատրվում, որ մարզուհիներն ավելի շատ մարզիկների հետ են ամուսնանում: Սպորտը որոշ առումով խանգարում է, երբ բանն ընտանիք կազմելուն է հասնում: Պատճառն այն է, որ մարզուհիներն իրենց  էությամբ առաջատար են: Իսկ հայկական ընտանիքներում առաջատարի դերը միշտ տղամարդիկ են նախընտրում զբաղեցնել: Եվ այս առումով ոչ բոլոր կանայք են գտնում խնդիրները հարթելու ճանապարհը: Բայց դա շտկելի է:  Ընդ որում, մարզուհիների ամուսինները շահում են, քանի որ ընտանեկան հոգսերի մեծ մասն այդպիսի կանայք իրենց վրա են վերցնում:

– Հետաքրքիր է` ոչ թե մարզուհիների, այլ շարքային կանանց կյանքում սպորտը, ֆիզկուլտուրան ի՞նչ դեր ունեն: Հայաստանի բնակչուհիները կարևորո՞ւմ են դրանց դերն իրենց կենցաղում:

– Տխուր պատկեր է: Չգիտես ինչու, վաղ հասակից կանանց մեծ մասը խուսափում է  ֆիզկուլտուրայով զբաղվելուց և երիտասարդ տարիքից դա անդրադառնում է առողջության վրա: Դժվար չէ նկատել, որ աստիճանաբար նվազում են փողոցում լավ քայլող, բարեկազմ, առողջ դեմքով կանայք: Եվ ցանկալի է, որ անկախ տարիքից, զբաղմունքից և մասնագիտությունից, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ժամանակ գտնեն մարզասրահ, լողավազան հաճախելու, որպեսզի  բարեկազմ մնան, ավելորդ կիլոգրամներից զերծ: Իսկ երբ առողջական խնդիրներ են առաջանում, կանայք արդեն ստիպված են գիտակցել սխալը և անցնել առողջ ապրելակերպի:

– Ի՞նչ կմաղթեք կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

– Կմաղթեմ, որ նրանք միշտ գեղեցիկ լինեն, կյանքում ակտիվ, բարի, 2012-ի օլիմպիական խաղերում էլ մեդալներ բերեն մեր երկրին, ցանկալի է` նաև ոսկե: Վաղուց մեր մարզուհիները օլիմպիական պարգևի չեն արժանացել:

Դիտվել է 1868 անգամ:
Print Friendly

Leave a Reply