«Անառակ որդու վերադարձը». փոքր բյուջեով տպավորիչ ֆիլմ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 1, 2009 17:37
Anarak vordu veradarz

Ռեժիսոր ամուսիններ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը

Շքեղ ավտոմեքենաներ, առանձնատուն, սպասավորներհայկական ընտանիք, որը բարեկեցություն է վայելում: Բայց ընտանիքը շատ չի հեռացել իր գյուղական անցյալից, բարեկամները` վկա: Նրանք հավաքվել են տան կորսված զավակի վերադարձը նշելու առթիվ, սակայն խոսակցությունների մեջ գերիշխում է կարտոֆիլի թեման: Երաժիշտները տուշ են տալիս, խորովածը բերում են

Պրոդյուսեր եւ ռեժիսոր ամուսիններ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի երեւանյան նորամուտը Մոսկվա կինոթատրոնում կայացավ սեպտեմբերի 18-ին: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան եղել էր 2008թ. հոկտեմբերին` Պուսանի (Ճապոնիա) միջազգային փառատոնում: Վերջերս այն ներկայացել է Սերբիայի եւ Մոսկվայի միջազգային կինոփառատոններում:

Ինչպես Ավետարանի կտակում, անառակ որդին, ասես, վերադարձել է հորից (Արմեն Ջիգարխանյան) ներում խնդրելու համար: Կարծես, ամեն ինչ հարթվելու է: Բայց ֆիլմի հեղինակները կամեցել են խոսել ոչ թե աստվածաշնչյան հայտնի առակի, այլ` ժամանակների փոփոխության մասին: «Անառակը» Վահեն` (Ներսես Հովհաննիսյան), որ իր ցանկություններն ու երիտասարդությունը վայելող անհատ է, դեմ է իր հարազատների կենցաղին ու բարքերին: Ընտանիքին դեմ դուրս գալով, նա վերցնում է հարստությունն ու հեռանում: Տանում է փողը` սնանկացնելով նրանց, դրանով իսկ ոչնչացնելով իր համար անընդունելի բարքերը:

Վահեի վերադարձը միակողմանի հաշտություն է եւ երկկողմանի ձախողում: Հայրը ներում է նրան, իսկ ի՞նքը: Արդյոք, նա համաձա՞յն է հոր ապրելակերպի հետ: Եղբայրները նրան չեն ներում: Եթե ավագ եղբոր (Արա Դեղտրիկյան) համար Վահեն անառակ է, որովհետեւ ընտանիքը կորստյան է մատնել, կրտսեր եղբոր համար` նա դիմադրության օրինակ է, ավանդույթից ազատագրված կերպար: Վերադառնալով` նա պարտված է, ասելիք չունի: Նրա պահվածքը բնորոշ է մեկին, ով չի կողմնորոշվել նոր գաղափարների ու ավանդույթի արանքում:p101

Ֆիլմի հեղինակներն արդիական են համարում այսպիսի հերոսին: Նրան տեղափոխել են հայկական միջավայր եւ ստացել են հայկական ժամանակակից ընտանիքի մի մոդել: Բայց Վահեն ազգություն չունի, այլ ունի տուն, ուր վերադառնում է:

Նա արտահայտում է ընտանիքի մասին պատկերացումների փոփոխություններն ու դրանց հետեւանքով առաջացած մտահոգությունները: Երբ Վահեն երկրորդ անգամ է լքում ընտանիքին, Ճանապարհին հանդիպած աղջիկը հուշում է նրան Աստծո գոյության մասին, որը ենթադրում է` կրկին վերադարձ:

Փոքր բյուջեով լիամետրաժ խաղարկային ֆիլմի ստեղծումը (գործողությունները ծավալվում են առանձնատանը), ժամանակի չափը (ֆիլմի տեւողությունը 1.15 րոպե է, նկարահանումները տեւել են 14 օր) նորություն է հայկական խաղարկային կինոյում եւ օրինակ, որ հնարավոր է սեղմ միջոցներով կինո նկարել:

Դիտվել է 3308 անգամ:
Print Friendly

Leave a Reply