ԴԱՏ ՀԱՅԱՎԱՐԻ. մեղավոր ես, եթե չուզեն անմեղ ճանաչել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 9, 2012 14:12

Ներդրողների իրավունքների խախտումներին վերաբերվող հարցերի քննարկման նպատակով՝ օրերս «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցում հրավիրվել էր Հայաստան-ԱՄՆ տեսակամուրջ՝ սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանների, ԱԺ պատգամավորների,  ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին  տեղակալի, ՀՀ սփյուռքի փոխնախարարի և այլոց մասնակցությամբ:  Ընդ որում  տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը մասնակցում է տեսակամուրջին հատուկ Նարեգ Հարթունյանի գործով, որը նույնիսկ օրակարգում չկար: Ա.Ալավերդյանն անտեսելով իր պաշտոնական դիրքն ու Ն.Հարթունյանի սահմանադրական իրավունքները` կատարեց անհիմն հայտարարություն.

«Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ «մեր հայերի» գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, և, ցավոք սրտի, այդ նորմալ երևույթն ուղեկցվում է հարկերը չվճարելով»:

(«մեր հայեր»  ասելով, արդյոք  ՊԵԿ նախագահի տեղակալը նկատի ունի սփյուռքահայերին, ովքեր այլ կերպ բնորոշում  են հայրենասիրություն  խաղացող, բայց իրականում շահամոլ հայի տեսակը)

Ա.Ալավերդյանը մասնավորապես նշեց, որ Ն. Հարթունյանի ընկերությունը երեք տարի շարունակ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել է մակարոնեղեն և ալյուր, որի արդյունքում ամբողջ շրջանառությունը ցույց չի տրվել այն գնով, ինչ իրականում եղել է:

ՊԵԿ-ի ներկայացուցիչը վստահ է, որ կեղծ խանութի միջոցով (այդպիսի խանութ գոյություն չունի) մլն-ավոր դրամների իրացում է կատարվել, իսկ փաստաթղթերում ցույց է տրվել ավելի ցածր վաճառք, քան իրականում եղել է: Տարբերությունը կազմել է 20 տոկոս, որի հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 70 մլն դրամի վնաս` չհաշված տույժերն ու տուգանքները:  Բոլոր խանութները, այդ թվում` շուրջ 40 վկաների բացատրությունները հաստատում են այն փաստը, որ ապրանքներն ավելի թանկ են իրականում վաճառվել, իսկ գումարը դրամարկղ չի մուտքագրվել:

Ա. Ալավերդյանը նաև հիշեցրեց, որ այս գործում քրեական տարրեր կան, որովհետև դրամարկղից կանխիկ գումար է հանվել առանց փաստաթղթերի, 11 աշխատող է պահվել առանց հրամանագրերի, գործող աշխատակիցների աշխատավարձերը ցույց է տրվել ավելի, քան իրականում եղել են: Քրեական գործն արդեն ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան:

Փաստորեն, նման հայտարարություն տարածելով  բարձրաստիճան պաշտոնյան ամենակոպիտ կերպով խախտեց ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը:                     Ա.Ալավերդյանը շտապել է հայտարարել, որ Նարեգ Հարթունյանը հանցագործ է դեռ  այն  ժամանակ, երբ քրեական գործը միայն նոր՝ այդ օրը, դատարան չէր էլ հասել:

Հիշեցնենք, որ անձի մեղավորությունը հաստատվում է միայն օրինական ուժի մեջ մտած  դատավճռով, և որևէ  մեկը, այդ թվում նաև հարգարժան պարոն Ալավերդյանն իրավունք չուներ Հարթունյանի մեղավորության վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ հանդես գալ:

Տեղեկացնում ենք , որ Ն.Հարթունյանն արդեն  հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՊԵԿ-ի` հրապարակային հայտարարությունները  հերքելու և որոշակի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջների մասին: Ն.Հարթունյանն իր հայցադիմումով պահանջել է արգելել ՊԵԿ-ին նմանաբովանդակ  հրապարակային հայտարարություններ տարածել, քանի որ նման վարքագծով ՊԵԿ-ը փորձ է անում ներգործել դատական իշխանության վրա և  կաշկանդել դատարաններին անաչառ լինել Հարթունյանների  գործով: Ստացվում է, որ Ա.Ալավերդյանը մասնակցում էր հեռուստակամուրջին մեկ առաքելությամբ` վարկաբեկել Հարթունյանների   բարի համբավն ու  հեղինակությունը, ստվեր նետել բարեգործ ընտանիքի վրա.  «Ես չեմ կարծում, որ «Ցար» ապրանքանիշի ալյուր կամ մակարոնեղեն վաճառելը Հայաստանում զուտ բարեգործական նպատակներ է հետապնդել»,- ի թիվս իր նախորդ հայտարարությունների՝ ամպագորգոռ մեղադրանքով իր «տեսակետն» այս բառերով է արտահայտել պարոն Ալավերդյանը:

Որևէ  պետությունում որևէ պետական պաշտոնյա դժվար թե իրեն դրսևորեր այնպես, ինչպես իրեն դրսևորեց Ալավերդյանը:

Գուցե իրեն  ինքնակոչ և այն  էլ բարձրագույն դատարան է համարել պարոնը… Ինչևէ, տեսնենք, թե ինչ բարոյական, իրավաբանական և նյութական պատասխան կտա Ա.Ալավերդյանը ներկայացված գործով: Իսկ վերջինիս կողմից տարածած հայտարարությունը չհերքելու դեպքում Ն.Հարթունյանը հետամուտ է լինելու գործը հասցնել մինչև Մարդու իրավունքների  եվրոպական դատարան, և ստիպել, որ պետությունը վճարի իր պետական ծառայողի անպարկեշտ վարքագծի համար:

 

Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներ

 

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply