«Բացված սահման». թուրքերի հետ զբոսանք

Uncategorized | | October 1, 2009 17:25

Հանրապետության Հրապարակի կանգառում երթուղայինի եմ սպասում: Կողքիս մոլորված արտասահմանցիներ են, փորձում են բացել թիվ 76-ի դուռը: Թուրքերենը հասնում է ականջիս: «Կարո՞ղ եմ ձեզ օգնել»` ասում եմ: Երեք հոգի են, ուզում են տեսնել Երեւանը: Վաղը` գիշերը, թռնում են Ստամբուլ:

Ջան Յուրդանուրը սպորտային հագուստի ապրանքանիշ ունի: Խոշոր ֆիրմա է, մասնաճյուղեր ունի 36 երկրներում: Այշեգյուլը նրա երիտասարդ կինն է, ռուսերենը չմոռացած մոլդովուհի: Երրորդը` Ջանի իրավաբանն է: Պտտվում է զույգի շուրջը, փորձում է կարգավորել շեֆի հանգիստը: Ինքն է առաջարկել գալ Հայաստան: Շտապում է ասել.«Դինքի հուղարկավորությանն ենք մասնակցել»:

Մանղալի վրա խորոված են ուզում: Գնում ենք Պռոշյան փողոց: Պատմում եմ. «Մեր անկախության առաջին տարիների հիշարժան փողոցներից է»: Ջանը հարուստ է, բայց հարուստները քծիբ են լինում: Վախենում եմ Պռոշյանի էլիտար ռեստորանները տանել, մտածում եմ մի հասարակ տեղ գնանք:

Հայաստանով մեկ պտտվել են: Սարից սունկ են բերել հետները, ուզում են խորովել տալ: Մի տեղ, վերջապես, համաձայնեցին, նստեցինք: Կուպե առաջարկեցին` խեղդոց էր: Հենց մուտքի սեղանի մոտ էլ տեղավորվեցինք: Էստեղ իկրա են եփում, հոտը բռնել է տարածքը, մեր քիթն էլ է ընկել: Առաջարկեցին` համը փորձել: Ջանը երեք բանկա գնեց, որ հետը տանի:

Խորոված սունկի հարցը հեշտ լուծվեց, խոհարարը Ջանի հետ սկսեց թուրքերեն խոսել: Ղարաբաղից էր Արմենը: Հիմա հերթով ուտելիքները բերում են, հյուրերս շատ են հավանում: Մեկ էլ մարմնավաճառ աղջկերքը սկսեցին ելումուտ անել: Վայ մամա ջան, էս մարդկանց ո՞ւր բերեցի…

Հայկական հին երաժշտություն են ուզում լսել, բայց ամենահինը` Արամ Ասատրյանն էր: Արմենը փրկում է դրությունը` ադրբեջանական երաժշտություն է առաջարկում: Մթնոլորտը լավ է` չհաշված, որ Այշեգյուլը դեռ շոկի մեջ է: Մտքում իրան ասում եմ. «Սիրուն ջան, ես սենց տեղեր չեմ գալիս»:

Դուրս ենք գալիս, քայլում ենք Մաշտոցի պողոտայով: Իրավաբանի պապերը Երեւանից են. «Դե Թուրքիայում թուրք չկա»: Դե. «Իմ պապերն էլ Բուրսայից են»: Գիտի կատակում եմ: Ազգանունս Տողրամաջյան է` Դողրամաջը, հյուսն: «Ինչի Բուրսայում հայեր եղե՞լ են»` զարմանում է: Պաղպաղակներով հանդիպման կենաց ենք խմում:

Առնո Բաբաջանյանի արձանի մոտ Ջանը երկա~ր կանգնում է, ոնց որ եղբոր հուշարձանին նայի: «Ի՞նչ եք մտածում, պարոն Ջան»: «Հեչ: Քեզ հանդիպելուց հետո Երեւանն ավելի սիրեցի»: Իսկ մենք Հյուսիսային պողոտան չենք սիրում, որովհետեւ Օպերայի շենքը էս «դռակոնների մեջ» չի երեւում:

Երեւանի հատակագծի պատկերն եմ գտնում, ցույց տալիս: Ջանը հարցնում է. «Իշխանությունների հետ ո՞նց ես»: «Ոչ իշխանության հետ եմ, ոչ էլ ընդդիմության, մարդկանց հետ եմ»: Ջանը արմատներով ալբանացի սոցիալիստ- անարխիստ է, ժամանակին Թուրքիայում բանտ նստած: Հրանտ Դինքի հետ նույն ընդհատակյա կազմակերպության անդամ է եղել:

Հյուսիսային պողոտայում մի պապիկ շվի է նվագում: Ջանը առատորեն մանրադրամ է լցնում, նստում է կողքը ու ականջը մոտեցնում գործիքին: Պապիկը նվագելը վերջացնում է, երկուսով սկսում են թուրքերեն խոսել: Պապը մի քանի քաղաքների անուն է տալիս, բայց չեմ հասկանում, թե ոնց է եկել-հասել Երեւան:

Հրապարակի աղբյուրից անցնում ենք` Այշեգյուլը ծարավում է: Արտաքին գործերի նախարարության դիմաց տեղավորված դաշնակները հաստատ ջուր կունենան: Գետնին, քնապարկերի մեջ մարդիկ կան, տեսարանը մի քիչ վախենալու է: Դաշնակները ցույց են անում հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Հարցնում են. «Ովքե՞ր են»: Բայց գիտեն, թե ովքեր են ու ինչի համար: Երկու օր հետո ռադիոյով լսում եմ գովազդը.«Գնացեք եւ մասնակցեք ստորագրահավաքին, մի ուրացեք ցեղասպանությունը, ձեր նախնիների կանչը»:

Երկրորդ օրը Հռիփսիմե եկեղեցում մոմ ենք վառում: Մուտքի մոտ նստած մի տատիկ կարծում է թուրքահայեր են: Խնդրում է եկեղեցու ծաղիկներից տանել Դինքի գերեզմանին: Ջանը հուզվում է, բոլորս` այսինքն: Կողքից մեզ հետեւող պահակը ժպտում է ու թուրքերեն հաջողություն մաղթում: Գեւորգյան ճեմարանի ուսանողները շարքով անցնում են, երեւի մի 100 հոգի: Ջանի խելքին փչում է բոլորին ձեռքով բարեւել:

Ետդարձի ճանապարհին պարզվում է, որ Ջանը ուզում է 200 գլուխ ցուլ գնել ու տեղափոխել Թուրքիա: Փաստորեն բիզնեսմեն է: Որտե՞ղից անասնատեր գտնենք: Գյուղատնտեսության նախարարությունում ավելի լավ կիմանան: Քշում ենք ուղիղ փոխնախարար Ռուխկյանի մոտ: Խեղճ չինովնիկին շոկի մեջ ենք գցում: Բայց մենք մեղավոր չէինք, քարտուղարուհին տեղում չէր:

Փոխնախարարի խոսքով` 200 գլուխը թիվ չի: Բայց ո՞նց են տանելու: Դե, հենց հայ-թուրքական սահմանները բացվեն: Ռուխկյանը նաեւ ասետրինա է առաջարկում: Ձուկն իր գծով է: «Մոսկվան մեզանից է առնում»: Գնում ենք Ռուխկյանի մատնանշած «Մոնտե Կրիստո» ռեստորանը` ասետրինա փորձելու: Հրազդանի կիրճում ենք: Ջանը տեսնում է կիսատկլոր տղամարդկանց ու գոռում` «ջուր կա ստեղ»: Մեքենայից իջնում է, համարյա վազում:

«Էս հոկտեմբերի 10-ին սահմանները կբացեն»` վստահ է Ջանը: Օդակայան գնալուն մնացել է 2 ժամ: Նա դեռ ուզում է անասնատերերի հետ հանդիպել: Վարորդն առաջարկում է գնալ Զովունի: Էնտեղ եզդիներ են: Իրավաբանը քրդերեն բլբլում է, անասունների գները հարցնում: Հայաստանում կենդանիների շուկա կա Ապարանում, Մարտունիում ու Հոկտեմբերյանում: Վերջինը սահմանին ամենամոտն է:

Ճանապարհին զուգարան են ուզում, բա հիմա` ի՞նչ անենք: Ես ու վարորդը իրար ենք նայում: Մի հարմար տեղ պահում է: «Ո՞ւր ուղարկեցիր»: «Էնտեղ գարաժներ են, մարդ չկա»: Վերադառնում են, Ջանը վարորդի բուռը 100 դրամ է դնում` զուգարանի վարձը: Հռհռում ենք:

Արդեն գնալու ժամանակն է: Գրանդ Քենդի ենք մտնում, գրիլյաժ ու կիս-կիս ենք առնում` մոլդովուհու սիրած կոնֆետներից, ծիրանաչիր: Ջանն առաջարկում է հատուկ դրոշներ կարել` ձիթենու մեջ հայկական ու թուրքական դրոշները միասին: Հաջող ենք անում իրար: Եթե Ստամբուլ ուզենամ գնալ` տոմսի կեսը Ջանը տալիս է: Ասում եմ. «Գուցե հաջորդ գարուն գամ»: «Ուշ է, շուտ արի»:

Օդանավակայանից զանգում են. «Կարին, դե մենք արդեն թռնում ենք, հաջող»:

Դիտվել է 2466 անգամ:
Print Friendly

Leave a Reply