21-րդ դարի խարանը. երբ ծռվում է ողնաշարդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 9, 2012 10:29

Դուք աշխատում եք անդադա՞ր, լարված ռիթմո՞վ, համակարգիչը ձեր անբաժան ուղեկիցն է նույնիսկ ժամանցի պահի՞ն. այդպես` ամիսներ կամ տարիներ: Ուրեմն` մեծ է հավանականությունը, որ խնդիրներ կունենաք ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային կամ պոչուկային հատվածներում: Բուժհիմնարկներում բոլոր հարցումները վկայում են, որ կտրուկ ավելացել են ողնաշարի վնասման կամ մկանային լարվածության ֆոնի վրա դիմող հիվանդների թիվը:

Բայց բոլոր այդ խնդիրներից կարելի է խուսափել, կամ էլ ճիշտ թերապիայի դեպքում` խուսափել բարդություններից; Այս թեմայով զրուցեցինք «Դելտա կլինիկ» բժշկական կենտրոնի կինեզիոլոգ Խորեն Ավետիսյանի հետ:

Պարոն Ավետիսյան, ի՞նչ պատճառներով են առաջանում ողնաշարային դեգեներացիաները:

Դուք շատ ճիշտ նշեցիք` «դեգեներացիա», որովհետեւ ողնաշարային հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած են ողերի եւ աճառային սկավառակների (դիսկերի) դեգեներատիվ փոփոխություններ: Հնարավոր են նաեւ մկանա-կապանային համակարգի կոնստրուկտիվ եւ ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք էլ ներազդում են մեր նյարդային համակարգի վրա: Դեգեներացիաների պատճառը հիմնականում մարմնի դիրքն է: Հայտնի է, որ  ողնաշարը ամենաքիչը ծանրաբեռնբած է հորիզոնական դիրքում, կանգնած դիրքում ծանրաբեռնվածությունը մեծանում է, նստած դիրքում առավել եվս: Մարդու ողնաշարի գոտկային հատվածի վրա ծանրությունը 4 ագամ ավելի մեծ է, երբ նա կանգնած է` համեմատած պառկած դիրքի հետ:

Ընդհանուր առմամբ` ողնաշարային հիվանդությունների առաջացման պատճառները շատ տարբեր են: Դրանցից հիմնականներն են. կանգնած դիրքից դեպի առաջ կռանալը, երկար նստած դիրքը` առանց ձեռքերին կամ հենակին հենվելու, ծանր ֆիզիկական աշխատանքները: Երեխաների մոտ շատ հաճախ առաջանում են ծռվածություններ (սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ)` կախված սխալ դիրքերից, եւ կանգնած, եւ նստած, եւ պառկած վիճակում:

Շատ տարածված են ծռվածությունները եւ ողնաշարային տարատեսակ հիվանդությունները, որոնք առաջանում են համակարգչի դիմաց երկար նստելու պատճառով: Նաեւ շատ են վնասում հասունացման շրջանում որոշ սպորտաձեւեր եւ տարատեսակ պարային խմբակներ, որտեղ երեխաներին եւ պատանիներին սխալ դիրքով ծանրաբեռնում են: Այդ դեպքերում երբեմն կարող են առաջանալ նույնիսկ անբուժելի ողնաշարային հիվանդություններ: Իհարկե պարը կամ սպորտը ինքնին չի կարելի դիտարկել վտանգ ողնաշարի համար, խնդիրը` ճիշտ դիրքերով վարժություն անելու մեջ է հիմնականում, այստեղ մեծ է իհարկե մարզչի դերը: Ողնաշարի համար նույնիսկ կարեւոր է, որ երեխան ճիշտ կրի իր դպրոցական պայուսակը: Ցանկալի է, որ դպրոցականները պայուսակները կրեն երկու ուսերով, ոչ թե միակողմանի:

Որքա՞ն են տարածվել ողնաշարային հիվանդությունները` կենցաղում համակարգիչների լայն կիրառումից հետո:

Ողնաշարային հիվանդություններից մարդիկ տուժել են բոլոր ժամանակներում: Դրանք տարածված են ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեց մարդկանց մոտ: Տղամարդկանց մոտ գրեթե 2 անգամ ավելի հաճախ, քան կանանց` սա կարելի է բացատրել անատոմիական եւ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, նաեւ այն փաստով, որ տղամարդիկ շատ հաճախ զբաղվում են ֆիզիկական ծանր աշխատանքով: Շատ տարածված են ողնաշարային խնդիրները կանանց մոտ հղիության շրջանում եւ ծննդաբերությունից հետո, որոնք պետք է անհապաղ վերացվեն համապատասխան վերականգնողական աշխատանքների միջոցով:

Շատ հաճախ պարանոցա-կրցքային եւ գոտկա-սրբանային ցավեր են առաջանում ֆիզիկական ակտիվության բացակայության պատճառով: Անշուշտ` համակարգչի առջեւ միեւնույն սխալ դիրքով երկար ժամանակ անցկացնելը եւս հղի է վտանգներով: Հետազոտությունները ցույց են տվել, որ համակարգչի և հեռուստացույցի դիմաց երկար, անշարժ նստելու արդյունքում առաջանում է իրանի մկանների դեզադապտացիա, որն էլ կարող է առաջացնել ֆիզիկական տրավմային համահավասար ցավային սինդրոմ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հաճախակի փոփոխել դիրքը նստած  ժամանակ, կատարել թեթեվ մարզանքներ:

Ինչպե՞ս կարելի է խուսափել ողնաշարային հիվանդություններից:

Նախ` պետք է խուսափել սխալ դիրքերից եւ ծանրաբեռնվածությունից, մրսացնելուց` հատկապես գարնանային եւ աշնանային փոփոխական եղանակներին, յուրաքանչյուր ցավային սիմպտոմի դեպքում պետք է դիմել համապատասխան բժշկին, որպեսզի ախտորոշվի կոնկրետ հիվանդությունը: Պետք չէ ցավերի ժամանակ փորձել ինքնուրույն ախտորոշել եւ ստանդարտ հակաբորբոքային ցավազրկողներ ընդունել: Ողնաշարային հիվանդությունները շատ տարատեսակ են, եւ դրանցից յուրաքանչյուրը հատուկ բուժման եղանակներ ունի: Բնակչության մեծ մասը ողնաշարային հիվանդություններ ասելով նկատի ունի կամ իշիասը, կամ օստեոխոնդրոզը, կամ էլ ռադիկուլիտը: Հաճախ` օստեոխոնդրոզի տակ հասկանում են աղերի կուտակումը ողնաշարի երկայնքով, բայց դա իրականում սխալ պատկերացում է, նման բան գոյություն չունի: Իրականում օստեոխոնդրոզը ողնաշարի ողերի կամ դիսկերի դեֆորմացիան է, իսկ իշիազը նստանյարդի բորբոքումն է: Նաեւ ասեմ, որ ողնաշարի հիվանդությունների դեպքում ցավային սիպտոմները հիմնականում արտահայտվում են մկանային եւ նյարդային համակարգի միջոցով: Ռադիկուլիտը ընդհանրացված հասկացություն է,որը նշանակում է նյարդարմատի բորբոքում և սեղմվածություն, այն կարող է առաջանալ ողնաշարի յուրաքանչյուր հատվածում: Տարբերում են պարանոցային, կրծքային եւ գոտկասրբանային ռադիկուլիտ, որոնք հիմնականում առաջանում են ոչ միայն նյարդարմատի բորբոքումից, այլ նաեւ այնպիսի ֆակտորներից, ինչպիսիք են տրավմաները, սառեցնելը, կոմպրեսիան եւ այլ ողնաշարային փոփոխություններ:

Ինչպե՞ս են բուժվում ողնաշարային հիվանդությունները:

Բուժման հիմնական եղանակները, կախված հիվանդությունից, դա բուժական մերսումներն են, մանուալ թերապիան, բուժական ֆիզկուլտուրան, որոշ դեպքերում` դեղորայքային նշանակումները եւ այլ կոնսերվատիվ բուժման եղանակները, եթե խնդիրը չի պահանջում վիրահատություն: Խորհուրդ կտամ բոլորին` հետեւողական լինել իրենց ողնաշարի նկատմամբ, քանի որ այն հանդիսանում է մեր հիմնական հենաշարժական համակարգը, իսկ առողջ ողնաշար ունենալու դեպքում մարդկանց կյանքի որակը անհամեմատելի բարձր կլինի:

Զրուցեց` Սամվել Ավագյանը

News.am

Դիտվել է 3323 անգամ:
Print Friendly

Leave a Reply