Ձեռքբերումները չեն ազդում ադրբեջանական բանակի մարտունակության ավելացման վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 12:50

Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է «Ռազմական հավասարակշռությունն աշխարհում 2012 թվականին» զեկույցը:

Փաստաթղթում անդրադարձ է արվել նաև Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի վիճակին: Բրիտանացի փորձագետները նշել են, որ չնայած մեծ է ռուսական ազդեցությունը հայկական զինված ուժերի վրա, այդուհարդերձ հայ զինվորականները փորձում են դասեր քաղել նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքում:

«Ադրբեջանի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով հայկական զինված ուժերը հիմնականում կենտրոնացել են երկրի տարածքի պաշտպանության վրա: Չնայած հայկական ռազմական դոկտրինը հիմնականում կրում է ռուսական մտածելակերպի ազդեցությունը, սակայն երկրից դուրս իրականացվող ռազմական առաքելությունների, այդ թվում Աֆղանստանում միջազգային կոալիցիային ցուցաբերած աջակցությունը, նպաստում է, որ հայ զինվորականները դասեր քաղեն նաև իրենց գործընկերների հետ համագործակցությունից», -նշում են բրիտանացի փորձագետները:

Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի օդային ուժերը, հիմնակում լուծում է տեխնիկական խնդիրները և օդային տարածքի պաշտպանությունը իրականացնում է Ռուսաստանի ռազմական ավիացիան` Հայաստանի տարածքում գտնվող ավիաբազայի միջոցով:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակին, ապա ըստ փորձագետների, այստեղ պետք է «անցում կատարվի խորհրդային մոդելից»:

«Չնայած ռազմական ծախսերը շարունակում են աճել` շնորհիվ նավթային եկամուտների, և ադրբեջանական բանակը ձեռք է բերել մի շարք ժամանակակից զինատեսակներ, ինչպես օրինակ “С-300” համակարգեր, սակայն բոլոր այդ ձեռքբերումները չեն ազդում ադրբեջանական ուժերի պատրաստվածության ավելացման վրա»:

Փորձագետների խոսքերով, թեև ադրբեջանական բանակը բավականին ուժեղ կապեր ունի թուրքական բանակի հետ, սակայն այստեղ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան:

«Խոսքը, հատկապես, ռազմաօդային ուժերի մասին է, որտեղ բավական ցածր է անձնակազմի վերապատրաստման և սպառազինության տեխնիկական վիճակի մակարդակը», ասված է զեկույցում:

Tert.am

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply