Հայ ժողովրդական երգի թագուհու փառքի գաղտնիքն այն է, որ չի «կուրացել» ծափահարություններից

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 9, 2012 12:43

Կանանց միջազգային օրվա եւ մայրության ու գեղեցկության տոնի առթիվ «Արմենպրես»-ը նախատեսում  է ողջ ամսվա ընթացքում հարցազրույցների շարք ներկայացնել յուրաքանչյուր ոլորտում հաջողության հասած եւ հասարակության կողմից մեծ ճանաչում գտած կանանց հետ: Ներկայացնում ենք հայ ժողովրդական երգի թագուհի Օֆելյա Համբարձումյանի հարցազրույցը:

 -Տիկի’ն Համբարձումյան, սովորաբար ընդունված է կանանց բնորոշել որպես թույլ սեռի ներկայացուցիչներ: Համամի՞տ եք արդյոք այդ բնորոշմանը:

Թույլ սեռի ներկայացուցիչնե՞ր… չե’մ կարծում: Կան կանայք, ովքեր լավ էլ ուժ ունեն պայքարելու, աշխատելու: Ես բախտ եմ ունեցել շփվելու եւ գործ ունենալու նրանց հետ: Այ տեսեք, թե հիմա որքան կին պատգամավորներ, քաղաքական գործիչներ ունենք, որը խոսում է նրանց ուժեղ լինելու եւ ամուր կամք ունենալու մասին: Իսկ ահա արվեստի ասպարեզում կանայք մեծամասնություն են կազմում, որը շատ գովելի է եւ շատ պատասխանատու: Բոլոր ասպարեզներում հայ կանայք համառ կերպով առաջ են գնում, ընտանիք կազմում, երեխաներ ունենում: Կարծում եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնում մեր օրերում: Տեղաշարժը եւ հաջողությունն ակնհայտ կերպով է երեւում:

-Մենք ընդունում ենք, որ հայ ընտանիքները կազմվում են մեկ ընդհանուր բանաձեւով` տղամարդը տան գլուխն է. իսկ կինը`պարանոցը: Կարելի՞ է այս բանաձեւն ընդհանրացնել բոլորի համար:

Դա մի ժամանակ էր ճիշտ, իսկ հիմա այդ բանաձեւը չի աշխատում: Այս դարում ես տեսնում եմ, որ երկու սեռերի ներկայացուցիչները հավասարվել են իրար, նույնիսկ հաճախ կինն ավելի առաջ է ընկնում: Տղամարդն ու կինն այսօր նույն աշխատանքն են իրականացնում եւ միասին  պայքարում` միասին ուժեղանալու ակնկալիքով:

-Ձեզ կոչել են ժողովրդական երգի թագուհի: Ո՞րն  է եղել եւ շարունակում մնալ Ձեր փառքի եւ հմայքի գաղտնիքը:

 Այդ անունը կնքվել է ժողովրդի կողմից, եւ եթե նրանք այդպես են համարում, ինձ մնում  է միայն համաձայնել եւ երջանկանալ: Ամեն անգամ այդ կոչումը լսելիս ոգեւորվում եմ ու ցանկանում մինչեւ կյանքիս վերջ թագուհի մնալ, որպեսզի արդարացնեմ ժողովրդի վստահությունը:

Ամեն կին էլ ունի իր հմայքի գաղտնիքը: Իմ գաղտնիքն այն է, որ շատ չեմ ոգեւորվել ամեն հաջողությունից, չեմ կուրացել ծափահարություններից: Արել եմ այն, ինչ ինձ է տրվում: Միգուցե հենց սա՞ է գաղտնիքը;

-Ինչպիսի՞ն է Օֆելյա Համբարձումյանը տանը եւ դրսում: Շա՞տ է տարբերվում միմյանցից:

Ես իմ կյանքի մեծագույն ձեռքբերումը համարում եմ այն, որ կարողացել եմ կազմել երջանիկ ընտանիք: Կարողացել եմ աշխատել եւ տանը կարգ եւ կանոն հաստատել: Դրան էլ ավելացրած`  դրսում եղել եմ սիրված: Ինձ մնում է միայն շնորհակալ լինել բախտից, որ նման ամուսին եմ ունեցել, որը երբեւիցե անախորժություններ չի պատճառել մեզ:

-Սիրու՞մ եք լինել խոհանոցում, զբաղվել տնային հոգսերով:

Էլ ինչ մայր, ով չի պատրաստում իր ընտանիքի համար: Խոհանոցում գտնվել միշտ էլ շատ եմ սիրել: Իհարկե լինում են պահեր, երբ հոգնում ես, բայց դա շուտ է անցնում: Իսկ երբ դրան էլ ավելացրած բարձր գնահատական են տալիս, ավելի շատ եմ ոգեւորվում:

-Այսօր մարտի 8-ն է: Փոխվու՞մ է արդյոք Ձեր ինքնազգացողությունը տոն օրերին:

Այդքան էլ չէ, քանի որ կինը միշտ մնում է կին եւ մայր: Ընտանիքի, հայրենիքի նկատմամբ մարդը մնում է մարդ` անկախ օրվա խորհրդից:

 -Տոնը տոն, իսկ այն ենթադրում է նաեւ նվերներ: Սիրում եք արդյոք նվերներ ստանալ:

 Նվերներ չեմ սիրել եւ չեմ սիրում ստանալ: Ինձ բավարար է լոկ մարդկային ջերմ վերաբերմունքը, իսկ ահա նվիրել շատ եմ սիրում: Չկարծեք, որ համեստությունս բնական չէ, ուղղակի չեմ սիրում, երբ մարդիկ պարտավորված են ինչ-որ բան անում:

-Ձեր մաղթանքը հայ կանանց եւ աղջիկներին:

 Ցանկանում եմ, որպեսզի նրանք լինեն առողջ եւ կարողանան պայքարել իրենց հաջողությունների համար: Հայ մայրը, հայ կինը մեծ սիրտ ունի, հուզվել գիտի եւ երբ ընտանիք է կազմում, կանգնում է մեծ պատասխանատվության առջեւ: Ես ցանկանում եմ, որ նրանք միշտ երջանիկ լինեն եւ նրանց աչքերում արցունք չլինի:

 Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply