Աշխարհը եռում է ընտրական ու նախընտրական կրքերից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 8, 2012 11:41


Տարածաշրջանում նախորդ տասնօրյակը թեժ ընտրական էր. Սիրիայում, Իրանում, ապա Ռուսաստանում: Երեք ընտրություններն էլ ցույց տվեցին, որ հանրությունը դեմ է Արևմուտքի միջամտությանը տարածաշրջանային գործերին:
Փետրվարի 26-ին սահմանադրության հանրաքվե իրականացվեց Սիրիայում: Այստեղ ընտրատեղամասեր ներկայացավ ընտրողների ավելի քան 60 տոկոսը: Ընտրություններին մասնակցած քաղաքացիների 89,4 տոկոսը կողմ արտահայտվեց նոր սահմանադրությանը: Այն ենթադրում է երկրում բազմակուսակցական համակարգ հաստատել: Նոր սահմանադրության համաձայն` նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով և չի կարող անընդմեջ վերընտրվել երկու անգամից ավելի:
ԱՄՆ-ն և Եվրոպան սիրիական հանրաքվեն համարեցին ՙներկայացում՚, սակայն Ռուսաստանն ու Չինաստանը ողջունեցին նոր սահմանադրությունը` համարելով այն հետագա բարեփոխումների հիմք:
Մարտի 2-ին խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Իրանի Իսլամական Հանրապետությունում: Մեջլիսում պաշտոնների մեծ մասը ստացան այաթոլա Ալի Համենեի կողմնակիցները: Ահմադինեժադի կողմնակիցները խորհրդարանում կունենան 290 աթոռներից ընդամենը 14-ը:
Ընտրություններին արձանագրվեց մասնակցության բարձր ցուցանիշ` 64 տոկոս: Ընտրակեղծիքների և ընտրախախտումների մասին լուրեր չեղան: Ընտրությունները գնահատվեցին որպես արևելքի համար զարմանալիորեն հանգիստ:
Մարտի 4-ին նախարարների խորհրդում ելույթ ունենալով` երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ իրանական ժողովրդի ակտիվ մասնակցությունը ընտրություններին աշխարհին ի ցույց դրեց, որ հանրությունը պաշտպանում է իսլամական հանրապետության կառուցվածքը:
Պաշտոնական Թեհրանն էլ ընտրությունները հաջողված է համարել` հայտարարելով, որ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն անտեղի են Իսլամական Հանրապետությունը համարում համաշխարհային հանրության ՙիզգոյ՚:
Ահմադինեժադի և նրա կողմնակիցների պարտությունը, սակայն, չի նշանակում, որ Իրանի արտաքին քաղաքականությունը կփոխվի: Իրանի միջուկային ծրագրի հարցում Ալի Համենեի դիրքորոշումն ավելի խիստ է, քան Ահմադինեժադինը: Այնպես որ ներքին տարաձայնությունները որևէ կերպ չեն ազդի Իրանի արտաքին քաղաքականության վրա:
Փոխարենը ընտրությունները ցույց տվեցին, որ արևելյան երկրում էլ կարող են լինել քաղաքակիրթ ընտրություններ:
Ընտրություններից հետո Արևմուտքի ռազմատենչ հայտարարություններն էլ կարծես մեղմվել են: ԱՄՆ-ում անցկացված հարցումները ցույց են տվել, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու կողմնակիցների թիվն աստիճանաբար նվազում է` 42 տոկոսը դեմ է արտահայտվել: Հարցվածների 70 տոկոսն էլ կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է պայքարի Իրանի միջուկային ծրագրի դեմ:
Մինչ ընտրությունները թե° իրանական ընդդիմությունը, թե° արևմտյան քարոզչությունը ընտրությունները բոյկոտելու կոչեր էին անում: Իրանի դեմ կիրառված տնտեսական պատժամիջոցները հանգեցրել էին իրանական ռեալի արժեքի կտրուկ անկման, ինչը բնակիչների շրջանում լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացրեց: Չնայած առկա դժգոհություններին` ընտրություններին արձանագրվեց բարձր մասնակցություն, ինչը վկայեց, որ հանրությունը պաշտպանում է Իրանի միջուկային ծրագիրը և որդեգրած քաղաքականությունը:
Մարտի 4-ին էլ ՌԴ-ում կայացան նախագահական ընտրություններ, և առաջին փուլում քվեների 64 տոկոսով հաղթանակեց կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը: Երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն` Գենադի Զյուգանովը, քվեների քանակով եռակի զիջում էր Պուտինին` ընդամենը 17,19 տոկոս:
Ընտրություններին հաջորդեցին բողոքի ցույցերը, ընտրակեղծիքների և ընտրությունների արդյունքները չընդունելու մասին հայտարարությունները:
Ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամ անց Մանեժնայա հրապարակում Պուտինն արտասվախառն ելույթ ունեցավ և հայտարարեց. ՙՏեղի ունեցածը ոչ միայն ՌԴ նախագահի ընտրություններ էին, այլ նաև թեստ մեր ժողովրդի համար: Մենք ապացուցեցինք, որ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել մեզ: Մենք ապացուցեցինք, որ մարդիկ իրոք կարող են փոփոխության նկատմամբ ձգտումը տարբերել քաղաքական սադրանքներից, որոնք միայն մեկ նպատակ ունեն` խարխլել ռուսական պետականությունը և զավթել իշխանությունը: Ռուս ժողովուրդը ցույց տվեց, որ նման սցենարները մեր հողում չեն անցնի: Շնորհակալություն նրանց, ովքեր ՙայո՚ ասացին հզոր Ռուսաստանին՚:
Ընտրություններից առաջ իրականացված սոցհարցումներով պարզ էր դարձել, որ ռուսաստանցիների 62 տոկոսը վստահ է Պուտինի հաղթանակին, իսկ նրա օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 63-64 տոկոսը: Ընտրություններից հետո կարծիքներ հնչեցին, որ ընտրակեղծիքներով ապահովվել է Պուտինի քվեների մոտ 10 տոկոսը: Սակայն անգամ առանց այդ 10 տոկոսի Պուտինը հաղթանակելու էր:
Ընտրությունները ցույց տվեցին, որ ռուսները կողմ չեն լիբերալ գաղափարներին, այլ կողմ են միասնականության պահպանմանը, ազգայնականությանը:
Տարին ընտրական է, այնպես որ ընտրական թեժ կրքերը դեռ կծավալվեն Եվրոպայում ու ԱՄՆ-ում:
Առաջիկայում` ապրիլի 22-ին, նախագահական ընտրություններ տեղի կունենան Ֆրանսիայում:
Նոյեմբերին էլ նախագահական ընտրություններ տեղի կունենան ԱՄՆ-ում:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply