Լոռիում հիմնվում է «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 17:40

7598_am_1

ՀՀ կառավարությունն այսօր Վանաձորում կայացած արտագնա նիստում հաստատել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը։ Մարզպետ Արամ Քոչարյանին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում մշակել ծրագրի իրականացման աշխատանքային պլանը:

ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունն իր որոշմամբ Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին, Հաղպատ վանական համալիրները, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել է զբոսաշրջության կենտրոն՝ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն, հաստատել դրա զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները։

Նիստին մասնակցող ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ողջունել է կառավարության արտագնա նիստեր անցկացնելու պրակտիկան եւ արել մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ։

ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է մաքսային մարմիններում ներդրված ինքնահայտարարագրման գործընթացի պարզեցմամբ, փաստաթղթային շրջանառության եւ մաքսային հսկողության ավտոմատացմամբ։

ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Սահմանվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը ՀՀ տարածք կարող են ներմուծվել առանց կրկնակի հարգորոշման (проб) եւ հարգադրոշման։ Օրինագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՀՀ ներմուծել եւ շրջանառել եվրոպական ստանդարտներին համապատասխանող թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին», «Պետական տուրքի մասին» , «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերին։ Օրենսդրական այս փաթեթն ուղղված է մեր երկրում խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն, մի ոլորտ, որին վերաբերող որոշումները, վարչապետի դիտարկմամբ, հաճախ խեղաթյուրվում են։ Տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է այդ օբյեկտների համար, անկախ գործող սեղանների թվից, տարեկան հաստատագրված վճար գանձելուն։ Առաջարկվում է, որ խաղատները վճարեն 400-ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները` 50 -ական միլիոն։ Նշված օրինագծերը սահմանված կարգով ներկայացվելու են ՀՀ Ազգային ժողով։

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply