20 հոգով 200 թոշակառուի փող են ուտում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 9, 2012 11:27

Ազգային Ժողովը կարգազանց պատգամավորներին 200 թոշակառուի թոշակի չափ գումար է վճարել:
Օրերս Panorama.am կայքը հրապարակել է մի նյութ, ըստ որի` ՙնախորդ 4.5 տարիներին ներկայիս խորհրդարանում ներկայացված մեծամասնական ընտրակարգով ընտրված որոշ պատգամավորներ, հատկապես նրանք, ովքեր իրենց ներկայությամբ ո°չ տաք, ո°չ էլ սառը դերակատարում են ունեցել երկրի օրենսդրական դաշտում, որքան գումար են վաստակել: Ընդ որում վաստակել` առանց օրենքներ գրելու, հանձնաժողովների նիստերին մասնակցելու, գործուղումների մեկնելու ու միջազգային կառույցներում երկրի դեմքը պահելու, քաղաքացիների հարցերը ԱԺ-ում ներկայացնելու և այլն՚:
ԱԺ պատգամավորների աշխատավարձերի պաշտոնական դրույքաչափը կազմում է 300 000 դրամ: Ըստ հիշյալ հրապարակման` ԱԺ-ում մեծամասնական ընտրակարգով ներկայացված 41 պատգամավորներից ուղիղ կեսն անգամ չի ներկայանում նիստերի, էլ չհաշված մնացած լիազորությունները, որ օրենքով են ամրագրված, սակայն անտեսվում են: Իսկ այդ 20 պատգամավորներին անցած հինգ տարիներին ուղղակի կոճակ սեղմելու կամ էլ առհասարակ երկրում չգտնվելու համար տարեկան պետական բյուջեից 3 մլն 600 հազար դրամ աշխատավարձ է տրվել, ինչը հինգ տարվա կտրվածքով կազմում է 18 մլն դրամ:
Ֆիզիկապես ԱԺ-ում ներկա չգտնված, բայց պատգամավոր ՙաշխատած՚ պատգամավորներից են, ըստ Panorama.am-ի, ՙՌուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբոն), Զոհրաբ Զոհրաբյանը (Արաբկիրի Զորոն), Լևոն Սարգսյանը (ալրաղացի Լյովը), Հարություն Փամբուկյանը, Ռուբեն Սադոյանը, ինչպես նաև Վերսանդ Հակոբյանը, Արմեն Պուրտոյանը, Սեդրակ Սարոյանը, Տիգրան Արզաքանցյանը, Մարտուն Գրիգորյանը, Հրանտ Մադաթյանը՚:
Նշված անունները, հասկանալի է, հոլովվում են ոչ միայն Հայաստանի ՙօրենսդիր՚ ու ՙքաղաքական՚ ոլորտներում, այլև գործարարության բնագավառում` ինչքան էլ որ նրանք նշեն, թե գործարարությամբ չեն զբաղվում, այլ միայն ինչ-ինչ բիզնեսներում ՙփայատեր՚ կամ ՙսեփականատեր են՚:
Ինչևիցե, մի բան պարզ է, որ նրանցից յուրաքանչյուրին այս 5 տարիների ընթացքում տրված աշխատավարձի գումարով նույն ժամանակահատվածում 10 թոշակառուի թոշակ կարելի էր ապահովել: Սա այն դեպքում, եթե ընդունենք, որ յուրաքանչյուր թոշակառուն ամսական կստանար 30 հազար դրամ թոշակ, ինչն այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ: Իսկ եթե բոլորին միասին տրված աշխատավարձերի գումարը դիտարկենք, ստացվում է 200 թոշակառուի 5 տարվա թոշակ: Հետո էլ ասում ենք, թե Հայաստանի բյուջեն շռայլ չէ սոցիալական հարցեր լուծելիս…

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply