Ո՞վ կտա մեզ այսօր նրա համառությունն ու համբերությունը

ԷՍՍԵ | | March 9, 2012 8:31

Մարտի 9-ին Ռաֆայել Իշխանյանը կդառնար 90 տարեկան Հոբելյանական տարեթիվ է: Նրա հարազատներն ու մտերիմները կայցելեն քաղաքային պանթեոն` նրա շիրմին, կհարգեն նրա հիշատակը ու հետո երեկոյան սեղանի շուրջը հիշողություններին կտրվեն:
Ասում են` Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է մայրաքաղաքի դպրոցներից մեկին (Աջափնյակում) Ռաֆայել Իշխանյանի անունը տալ: Ավելի լավ նվեր, անշուշտ, հնարավոր չէր մտածել նրա ծննդյան տոնի առթիվ, քանի որ ամբողջ կյանքում նվիրված էր հայկական կրթության գործին: Ուզում ես հավատալ, որ սա առաջին խոստումնալից քայլն է այդ մեծ գիտնականի ու քաղաքացու առջև մեր պարտքերը մարելու ճանապարհին:
Սակայն այս հոբելյանը մեզ համար հիշելու առիթ չպիտի լինի միայն, այլ խոստովանության: Քանի որ մարդիկ կան, որոնց օրացույցով չէ, որ հիշում ես, ու հատուկ արարողություններով չէ, որ հարգանքի տուրք ես մատուցում: Քանի որ այնքան շքեղ է նրանց ներկայությունը քո կյանքում, այնքան մեծ ու այնքան շատ, որ երկրային կյանքից հեռանալով էլ` տեղը դատարկ չեն թողնում, միշտ քեզ հետ են:
Սխալ բան անելիս ասես թիկունքիդ նրա հայացքն ես զգում, մտածում ես` կասեր` քեզանից չէի սպասում: Լավ բան ես անում, էլի թիկունքիդ նրա հայացքն է` քաջալերող ու գոհ ժպիտով: Կյանքում լավ բան ես տեսնում, մտածում ես` ափսոս չտեսավ: Վատն ես տեսնում, նույնիսկ թեթևություն ես զգում, որ չտեսավ:
Բայց հիշելը քիչ է, մտքումդ նրան հաշիվ տալը քիչ է, նրա սկզբունքներին հավատարիմ մնալը քիչ է: Մի տեսակ չմարած պարտքի զգացում կա, որ չի հաղթահարվում: Պարտավոր ես նրա նման համառ ու անկոտրում լինել, պայքարել այն ամենի դեմ, ինչ մեզ խորթացնում է մեզնից ու հետ տանում: Բայց տեսնում ես, որ նրա ուժը չունես, հոգնում ես, հուսահատվում: Մտածում ես` խորհրդային մեքենան, կոմունիստական վարչակարգը նրան չկոտրեցին, իսկ մենք հիմա այսպես ընկրկել ենք սոցիալական դժվարությունների ու քաղաքական ուժերի խաղերի առջև: Մտածում ես` եթե չլիներ նրա համառությունը, արդյոք ՙԼեզվի մասին՚ օրենքն այդպես ժամանակին կընդունվե՞ր, արդյոք հիմա բոլոր հայ երեխաները հայկական դպրոց կգնայի՞ն:
Բայց հիմա ամեն օր հայոց լեզուն ոտնահարում են հեռուստաէկրանին: Ի՞նչ դիմադրություն կա, բացի խոհանոցային անօգուտ փնթփնթոցներից. իբր հոգնել ենք արդեն, իբր օգուտ չկա: Փորձեցինք պայքարել, երբ ձեռք բարձրացրին ՙԼեզվի օրենքի՚ վրա, բայց էլի մինչև վերջ չտարանք, հաշտվեցինք, երբ այնուամենայնիվ արեցին իրենցը:
Մենք` նրա ուսանողներս, դաստիարակվեցինք նրա ոգով, յուրացրինք նրա սկզբունքները, նրա տված գիտելիքները մեր հերթին ջանասիրաբար հաղորդեցինք մեր սաներին, բայց չունեցանք նրա քաղաքացիական եռանդն ու համառությունը:
Մի ամբողջ գիտաճյուղ զարգացրեց` գրքագիտությունն ու գրադարանագիտությունը, հսկայածավալ մատենագիտական գործունեություն ծավալեց, բայց այսօր այդ ոլորտում խղճուկ իրավիճակ է` 30-40 տարով հետ շպրտված: Չկան նրա ամենօրյա հրապարակումներն ու հորդորները, որոնք սթափեցնում էին մեզ:
Ճակատագրական 88-ին առաջին անգամ թողեց լսարանն ու գրասեղանը և հայտնվեց քաղաքական շարժման մեջ` երիտասարդների կողքին, թողեց պատմագիտությունը, լեզվաբանությունը և սկսեց քաղաքական հոդվածներ գրել երրորդ ուժի բացառման և անկախության գաղափարների շուրջ: Այդ ամենը համառորեն առաջ տարավ ու սերմանեց: Ունե՞նք այսօր որևէ մեկս այդ խիզախությունը:
Մութ ու ցուրտ տարիներին օրվա մի մասը խորհրդարանում էր կռիվ տալիս, մի մասը` Ազգային գրադարանում, մյուս մասն էլ հիվանդանոցում` հիվանդության դեմ, գիշերներն էլ մոմի լույսի տակ հերթական հրապարակախոսական հոդվածն էր գրում, որ առավոտ շուտ հասցնի խմբագրություն: Ո՞ւնենք այսօր նրա կորովն ու աշխատասիրությունը:
Մեղավոր ենք ու չհամարենք, որ եթե այսօր հիշում ենք նրան, հիշատակում նրա գործերը մեր հրապարակումներում, նրա անտիպ գործերը տպագրության պատրաստում կամ հուշեր գրում, ուրեմն մարում ենք մեր պարտքը: Մենք նրանից նրա հետևողականությունն ու համառությունը պիտի ժառանգեինք, դա է, որ մեզանում այսօր ամենից շատ է պակասում:
Անահիտ Հարությունյան

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply