Փորձառու վարսահարդարը կանանց խորհուրդ է տալիս կարևորել արտաքին տեսքը և միշտ գեղեցիկ լինել

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 9, 2012 10:31

ՙ«Սիրում եմ, որ կինը գեղեցիկ ու խնամված է լինում,- ասում է 30 տարվա փորձ ունեցող վարսահարդար Ռուզաննա Ղազարյանը,- կանայք պետք է հասկանան, որ գեղեցկութունը, լավ արտաքինը բարձր տրամադրության գրավական է: Ամեն անգամ հայելու առջև կանգնելիս կանայք պետք է վստահ լինեն, որ գեղեցիկ են: Իսկ եթե ինչ-որ թերի բան նկատեն, անպայման պետք է լրացնեն»:

Իր 30-ամյա փորձառությամբ Ռուզաննա Ղազարյանը ոչ միայն շատ կանանց է գեղեցկացնում, այլև իր գործի գաղտնիքները փոխանցում է իր աշակերտներին: Ինքն էլ երբեք չի մոռանում իր ուսուցիչներին: «Պրոֆեսիոնալ վարպետ-ուսուցիչներ եմ ունեցել` Տարոնը, Քնարիկը, որոնց անունները ժամանակին շատերն են իմացել,- ասում է նա,-նրանք ոչ միայն պրոֆեսիոնալ էին, այլև մեծ պատասխանատվությամբ էին սովորեցնում. իրենց համար պատվի հարց, էր, որ իրենց աշակերտները լավ վարսահարդարներ դառնան, դրա համար էլ ջանք չէին խնայում»:

Ռուզաննա Ղազարյանի կարծիքով` այսօրվա ոչ բոլոր վարսահարդարներն են տիրապետում վարսահարդարման դասական ոճերի գաղտնիքներին: «Մենք հիմա գտնվում ենք ամպիր դարաշրջանի ոճի մեջ, քանի որ օգտագործում ենք բազմատեսակ կեղծամներ, շինյոններ,- ասում է նա,- ընդհանուր առմամբ, ոճը գրեթե նույնն է, բայց սանրվածքներն ու կտրվածքներն ավելի են կատարելագործվել` թե գործիքների, թե´ զանազան աքսեսուարների և թե´ նյութերի առումով: Բայց ես գլուխ եմ խոնարհում իմ վարպետների առջև, քանի որ նրանք կարողանում էին հիանալի աշխատանքներ կատարել առանց այդ ամենի: Այն ժամանակ, օրինակ, չկային լաքեր, փոխարենն օգտագործում էին սպիրտ կամ կանիֆոլ` մի փոքր օդեկոլոնի հետ խառնած: Ավելի ամուր ու բնական էր լինում»:

Վարսահարդարը հիշում է նաև, թե ինչպես էին իրենք սովորում հատուկ դազգահների վրա մազեր գործել, որոնք դառնում էին կեղծամներ: «Հիմա, որ ժամանակակից մազ գործողներին ասում ենք` մենք դա 30 տարի առաջ ենք արել, զարմանում են»:
Ռուզաննա Ղազարյանն իր առաջին քայլերը սկսել է 1982 թ. ` Չարենցի փողոցում գտնվող «Օլիմպիա» գեղեցկության սրահից, որի անունն, ի դեպ, դրել էին ի պատիվ 1980 թ. Մոսկվայում անցկացված 20-րդ օլիմպիական խաղերի: Վաստակած առաջին 3 ռուբլին մինչ օրս պահում է:

Շատ անվանի հաճախորդներ է ունեցել` Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի ընտանիքների անդամները, Արթուր Ութմազյանի մայրը` Հրաչուհի Ջինանյանը, անվանի երգչուհիներ: Հիշում է, որ երբ նոր էր սկսել աշխատել, նկարահանվում էր «Շնչառություն» գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերակատարուհու` Գալյա Նովենցի մազերը հարդարելը «Օլիմպիա» գեղեցկության սրահում իրեն են վստահել:

Մրցույթների շատ է մասնակցել, բայց կրկին հիշում է առաջինը: «Մրցույթն անցկացվում էր Յուրմալայում,- հիշում է նա,- մասնակիցները պետք է աբստրակտ սանրվածքներ անեին: Հայաստանից մասնակցում էինք 12 հոգի, ես ամենաերիտասարդն էի: Մրցույթին մասնակցում էին ոչ միայն սովետական երկրների ներկայացուցիչներ, այլև եվրոպական»:

Քանի որ մրցակիցները պրոֆեսիոնալ և փորձառու վարսահարդարներ էին, Ռուզաննան մտադրվում է մի այնպիսի յուրահատուկ բան անել, որ ուշադրություն գրավի: Երբ նրան հարցնում են` ի՞նչ է մտադիր անել, պատասխանում է. «Ինձ միայն ժամանակ տվեք»:

Մրցույթը սկսվում է, մոտ մեկ ժամ անցնում, բայց Ռուզաննան դեռ գործի չէր անցել: Փոխարենն արդեն պատկերացնում էր` ինչ է անելու: «Ինձ մի գեղեցիկ ուկրաինուհի էին տվել` որպես մոդել: Երկար, բաց գույնի մազեր ուներ,- պատմում է նա,- մազերին այնպիսի տեսք տվեցի, կարծես սև մազերով աղջիկը բաց գույնի ցիլինդր դրած լիներ: Կտրած մազերը նույնպես օգտագործեցի. դրանցից ստացա գեղեցիկ կոմպոզիցիա և դրեցի «ցիլինդրի» հատվածում»:

Ռուզաննան այնքան է ոգևորվում իր մոդելով ու իր աշխատանքով, որ անգամ նրա դիմահարդարումն է անում: Նա հաղթում է «Օրինակելի վարպետ» անվանակարգում:

Խոսելով ժամանակակից սանրվածքների մասին` նա նկատում է, որ կանանց մազերը գրեթե չեն տարբերվում մեկը մյուսից: «Մեր հարսներին գեղեցկացնելու համար էլ են վարսահարդարները շատ միանման սանրվածքներ ընտրում,- ասում է նա,-պատճառաբանում են` իբր հաճախորդն է այդպես ուզում: Բայց պրոֆեսիոնալ վարսահարդարը չպետք է առաջնորդվի միայն հաճախորդի ցանկությամբ, այլ պետք է իր գաղափարներն ու ոճը ներկայացնի, հաճախորդին բացատրի, որ իր դիմագծերին, դեմքի կառուցվածքին այս կամ այն սանրվածքը համապատասխան չէ»:
Օգտվելով տոնական առիթից` վարսահարդարը մի քանի խորհուրդներ ու մաղթանքներ հղեց կանանց: «Մեր կանայք շատ են հոգնում. աշխատանք, տան հոգսեր և շատ ժամանակ չեն տրամադրում իրենց արտաքին տեսքին,- ասում է նա,- բայց գոնե իրենց տոնին թող բոլոր կանայք շատ գեղեցիկ լինեն»:
Ինչ վերաբերում է խնամքին, ապա վարսահարդարը կարծում է, որ պարտադիր չէ անպայման օգտվել խնամքի թանկարժեք միջոցներից, այլ կարելի է տնային պայմաններում էլ լավ խնամք տանել: Նա ասում է, որ մարդու գլխին 99 տեսակի մազ է աճում, ուստի պետք է լուրջ վերաբերվել մազերի խնամքին: «Օրինակ` այս շրջանում ցուրտ եղանակի, գլխարկների, գլուխը շատ տաք ջրով լվանալու հետևանքով մազերը յուղոտվում են, փայլը կորչում է,- հիշեցնում է նա,- կարելի է եղինջի թուրմով ցողել գլուխը, յուղոտ մազերի դեպքում` խնձորի քացախի խառնուրդով ցողել: Չոր մազերի դեպքում էլ կարելի է լողանալուց առաջ գերչակի յուղ կամ ձվի դեղնուց քսել մազարմատներին: Մի խոսքով, նման միջոցները շատ են և բոլորին հասանելի, բայց կանայք հաճախ ծուլանում են և չեն անում»:
Ռուզաննա Ղազարյանն իր խորհուրդներն առաջին հերթին ինքն է կիրառում, և արդյունքն ակնհայտ է. չնայած արդեն տատիկ է, նրան հաջողվում է գեղեցիկ ու երիտասարդ մնալ:

Դիտվել է 3132 անգամ:
Print Friendly

Leave a Reply