Ըստ ուկրաինացի փորձագետի`Կովկասում ամեն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 17:52
mhm44027-copy

Ձախից` Մալխաս Գուլաշվիլի, Վիկտոր Լիտովկին, Օքսանա Անտոնենկո

«Ժամանակն է, որ Կովկասը դառնա չեզոք գոտի և հեռու մնա համաշխարհային նշանակության պատերազմներից և խոշոր երկրների շահերի բախման կետ լինելուց»,- այսօր Երևան-Կիև տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազրի» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մալխաս Գուլաշվիլին: Տեսակամուրջի թեման էր «Նոր աշաշխարհաքաղաքական լանդշաֆտ Մեծ Կովկասում»:

Գուլաշվիլիի կարծիքով` 2008-ի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմ, իրականում, պայքար էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: 2 խոշոր երկրների պայքարից, սակայն, «ամենաշատը տուժեց Վրաստանը»:

Գուլաշվիլին ասում է, որ կովկասյան բոլոր երկրները պետք է միավորվեն` առկա կոնֆլիկտները լուծելու համար և ստեղծեն միասնական տնտեսական գոտի: Որպես նշվածին հասնելու ուղի՝ Գուլաշվիլին առաջարկում է ստեղծել Կովկասի անվտանգության խորհուրդ: Սակայն, ըստ նրա, պետք է հանրային քննարկումներ ծավալվեն` միասնության հասնելու ուղիներ գտնելու համար:

Ըստ վրացի քաղաքագետի` բիզնեսը սահմաններ չի ճանաչում. այն ինտերնացիոնալ է. «Չկա հավերժական թշնամություն, այլ կան մշտական շահեր»:

ԱՊՀ երկրների ինստիտուտի ուկրաինական մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Կորնիլովի խոսքով` Կովկասում այժմ ամեն ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի թույլտվությամբ և համաձայնությամբ, անգամ «Թուրքիան Ռուսաստանի հետ համաձայնեցնում է իր կովկասյան քաղաքականությունը»: Գուլաշվիլին էլ ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր չէին ձեռնարկվի առանց ՌԴ-ի և ԱՄՆ-ի համաձայնության:

«Գարդարիկ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կոստանտին Մատվիենկոն ասում է, որ Կովկասը շահերի բախման վայր է, քանի որ այն կարևորագույն ճանապարհների խաչմերուկ է. բացի այդ, հարուստ է բնական ռեսուրսներով ու նաև տուրիզմի մեծ պոտենցիալ ունի: Ըստ ուկրաինացի փորձագետի` Կովկասում իր շահերն ունի նաև Ուկրաինան, որը նախապատրաստվում է 2017-ին հանել ռուսական Սևծովյան նավատորմը Սևաստոպոլից, որպեսզի խուսափի Վրաստանի հետ հնարավոր կոնֆլիկտներից. Աբխազիայի ջրային տարածքները հսկող ռուսական Սևծովյան նավատորմի հենակետն այժմ ուկրաինական Սևաստոպոլ քաղաքն է:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply