Արթուր Բաղդասարյան. «Տղամարդիկ ՕԵԿ-ին լքել եւ դավաճանել են, կանայք՝ ոչ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2012 15:01

Այսօր «Անի» հյուրանոցում մարտի 8-ի առիթով «Օրինաց երկիր» կուսակցության կազմակերպած կուսակցական կանանց մեծարման ցերեկույթում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «15 տարիների ընթացքում հարյուր հազարավոր կանայք քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իմ օգտին եւ այսօր հրաշալի առիթ է նաեւ բոլոր կանանց շնորհակալություն հայտնելու: Այն կանանց, ովքեր դժվարությունների պահին, փորձությունների պահին եղել են հաստատակամ, կանգնել են մեր կողքին, որի շնորհիվ ՕԵԿ-ը 15 տարի անց Հայաստանի ամենաազգեցիկ, ամենակայացած քաղաքական կառույցներից մեկն է: ՕԵԿ-ը վերջերս անդամակցեց ԵԺԿ-ին՝ դառնալով ճանաչելի նաեւ ամբողջ աշխարհում»:

Ա. Բաղդասարյանի կարծիքով այն տղամարդիկ, ովքեր չեն կարողանում ներել կանանց փոքրիկ թերությունները, չեն կարող զգալ կանանց հզոր ուժը, առավելություններն ու արժանիքները, որոնք հաջողություն են բերում յուրաքանչյուր տղամարդու: Նա գոհ է, որ իր կյանքն այնպես է դասավորվել, որ քաղաքական դժվարին պայքարում իր կողքին մշտապես ուժեղ եւ նվիրյալ կանայք են եղել. «Իսկ նվիրված կնոջ ուժը հզոր է, մեծ լիցքեր է տալիս յուրաքանչյուր մարդու՝ ձգտելու հասնել առավելին»:

Արթուր Բաղդասարյանը նշեց նաեւ, որ ՕԵԿ-ի 60 տոկոսը կանայք են, հետեւաբար ՕԵԿ խորհրդարանական խմբակցության օրինաստեղծ գործողությունների արդյունքում մշակված ու ընդունված օրենքների գերակշիռ մասն ուղղված է կանանց սոցիալական խնդիրների լուծմանը եւ կյանքի պատշաճ պայմանների ապահովմանը: «Մեր հեղինակած օրենքների շնորհիվ Հայաստանում ներդրվեց առողջապահության սերտիֆիկացման համակարգ եւ անվճար պոլիկլինիկական ծառայություն, պետությունն օրենքի ուժով երաշխավորում է մոր եւ մանկան անվճար բուժօգնությունը՝ սկսած հղիության ընթացքից, մինչեւ անվճար ծննդօգնություն, երեխայի խնամքի նպաստը 3000-ից դարձավ 18 000, առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվեց 50 000 դրամ, սկսած երրորդ երեխայից՝ 430. 000, պետական կառավարման գործընթացում կանանց եւ տղամարդկանց համար օրենսդրորեն ամրագրվել են հավասար հնարավորություններ, օրենսդրորեն արգելվել է գենդերային խտրականությունը եւ այլն: Օրենքների մի մեծ փաթեթ, որոնք վերաբերվում են կնոջը, ընտանիքին, երեխաներին եւ կանանց հուզող խնդիրներին»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ը քաղաքական դաշտում բացառիկ է կնոջ նկատմամբ իր որդեգրած հետեւողական քաղաքականությամբ:

Հաշվի առնելով առաջիկա գործընթացների տրամաբանությունը, կուսակցության նախագահը խնդրեց համակցվել, զորակցել միմյանց բռունցք դառնալ. «Մեր նպատակները ազնիվ են, մեր երազանքները բարի են, պայքարի ոգին անկոտրում է: Սա մեզ տալիս է լիիրավ հիմք, որ պնդենք՝ ՕԵԿ-ը հաղթելու է»:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ իր ողջույնի եւ շնորհակալական խոսքում ասաց, որ եթե ինքը նորից ծնվեր եւ ՕԵԿ-ը նորից ստեղծվեր՝ առանց մեկ վայրկյան անգամ մտածելու նորից կլիներ ՕԵԿ-ի շարքերում:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply