Հոգեբանի կարծիքով` նվերի բացարձակ արժեքը նշանակություն չունի, եթե այն սիրելի մարդու կողմից է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 8, 2012 13:01

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է. տոն, երբ տղամարդիկ հաճախ կանգնած են լինում նվեր ընտրելու բարդ խնդրի առջեւ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, դեռ հատուկ հոգեբանական հետազոտություններ չեն անցկացվել, թե հատկապես ինչ է պետք նվիրել կանանց տոն օրերին, սակայն բոլորի համար մի բան պարզ է` կինն այդ օրերին շատ է ցանկանում գտնվել ուշադրության կենտրոնում: «Ամենից կարեւորն այն է, որ մարդիկ իրենց սիրելի կանանց նվերներ մատուցելիս մի փոքր հաշվի առնեն կնոջ անհատական հայացքները, ճաշակը, նախասիրությունները»,- նշեց հոգեբանը` ավելացնելով, որ  պետք է նվիրել այնպիսի առարկաներ, որոնք մարդուն կպատճառեն գեղագիտական հաճույք:

Նրա խոսքով` հաճախ նվերի ընտրության հիմքում ընկած է լինում հասարակության կարծիքը, բայց չպետք է մոռանալ, որ նվիրելիս գործ ունենք անհատական հոգեբանության հետ եւ այդ դեպքում սխալվելու հավանականությունը մեծանում է: «Նվերն արժի այնքան, որքան նվիրողը: Եւ եթե կինը բարձր է գնահատում այն մարդուն, ումից նվեր է ստանում, այդ դեպքում նվերը կարող է լինել սիմվոլիկ»,- ասաց Նալչաջյանը` հավելելով, որ  այն դեպքում, երբ կինը նվերը ընկալում է որպես սիրելի մարդու մի մասնիկ, այդ իմաստով նվերի բացարձակ արժեքը նշանակություն չունի:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply