Անմոռաց հանդիպումներ Իշխանյանի հետ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | March 8, 2012 12:56

Շատերի կյանքում են լինում ճակատագրական պահեր, ճակատագրական հանդիպումներ, ճակատագրական մարդիկ… Ինձ համար ճակատագրական եղավ անվանի հայերենագետ, մատենագետ, պատմաբան Ռաֆայել Իշխանյանի հետ հանդիպումը։
1980—ականների սկզբներին, կարդալով նրա հոդվածները, ապա մոտիկից ծանոթանալով անվանի հայագետի հետ, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի երիտասարդ ճարտարագետս հանկարծ զգացի, որ մեծ սխալ եմ գործել մասնագիտությանս ընտրության հարցում եւ ճակատագրի կամոք շրջվեցի դեպի հայագիտություն։ Սկսեցի կլանված կարդալ հայոց լեզվին, հայ ազգագրությանը, բանահյուսությանը, բարբառագիտությանը վերաբերող հիմնարար գրականությունը, հրապարակել գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածներ, նույնիսկ սկսեցի առաջին բանաստեղծություններս գրել… Եվ այս ամենի «մեղավորը» զարմացած մանկան մաքրամաքուր հայացքով, հրեշտականման այդ մարդն էր՝ անվանի գիտնական եւ ազնիվ մտավորական Ռաֆայել Իշխանյանը… Թեեւ նախքան նրան հանդիպելը, լինելով Մարո Մուրադյանի ղեկավարած «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր կազմի անդամներից, բանահավաքչական աշխատանքներ էի կատարում, լրագրողական հույզերով էի ներշնչվում՝ կարդալով Մարգո Ղուկասյանի հայրենաշունչ հրապարակախոսությունները, այնուամենայնիվ, հենց այս հանդիպումը ինձ համար բախտորոշ եղավ…
Ես միշտ զարմանում էի, որ մեծաթիվ բարեկամներ ունեցող Ռաֆայել Իշխանյանը նաեւ գրեթե ոխերիմ թշնամիներ ուներ, որոնք նրան մեղադրում էին այլատյացության, մասնավորապես ռուսատյացության մեջ։ Սակայն առաջին իսկ անգամ լինելով նրա տանը, տեսնելով Լեւ Տոլստոյի ոսկետառ 22—հատորյակը՝ խնամքով դասավորված նրա հարուստ գրադարանի ամենապատվավոր տեղում, առավել քան համոզվեցի, որ իր հայրենիքն ու լեզուն անսահմանորեն սիրող մտավորականը, որ այնքան լավ գիտեր նաեւ ռուս գրականություն, պաշտում էր Պուշկինին, Լերմոնտովին, բնօրինակով արտասանում էր նույնիսկ վրացի եւ ադրբեջանցի գրողների ստեղծագործություններից, չէր կարող այլատյաց լինել…

«Գիլգամեշը», Խումբաբան եւ… խատուտիկը

Ճարտարապետի տունը լեփ—լեցուն էր։ Ռաֆայել Իշխանյանին հրավիրել էին հայերենի ծագմանը եւ հայոց պատմության հնագույն շրջանին նվիրված դասախոսություն կարդալու, իսկ «Ակունքին»՝ հնագույն ժողովրդական երգերով հանդես գալու։
Կարդալով գիտնականի՝ հատկապես հայերի եւ հնդեվրոպացի—արիների նախահայրենիքին նվիրված «Գարունի» վերջին հրապարակումները՝ ակունքցիներս ոգեւորվել էինք հաճելի հանդիպման կապակցությամբ, եւ ես առիթը բաց չթողեցի ծանոթանալու սիրված գիտնականի հետ։ Դասախոսությունից հետո եւ համերգից առաջ մոտեցա նրան, ասացի, որ իմ մայրենի բարբառում մի հետաքրքիր հնագույն փոխառություն եմ նկատել. խատուտիկ ծաղիկը, որ բարբառով «խմբաբա» է կոչվում, հավանաբար շումերական «Գիլգամեշ» դյուցազներգության հերոսներից մեկի՝ Խումբաբա հրեշի անունն է կրում։
Իսկույն պայծառացավ.
–Իհարկե, դա անկասկած շումերական կամ աքքադական փոխառություն է, մանավանդ որ, խատուտիկի անունը գրեթե բոլոր բարբառներում հրեշի հետ է կապվում… Տեսնո՞ւմ եք՝ որքան հին շերտեր ունի հայերենը։
Այնուհետեւ, իմանալով, որ ծնունդով Նախիջեւանի վերջին հայաբնակ մեծ գյուղից եմ, հետաքրքրվեց օրեցօր իսպառ հայաթափվող Նախիջեւանի ճակատագրով։
Առաջարկեցի աշնանը միասին մեկնել Նախիջեւան։ Առաջարկս ընդունվեց, թեեւ մեկնեցինք ավելի ուշ՝ 1984—ի նոյեմբերին։

Ճանապարհին

Ազնաբերդ մեկնեցինք երեքով. մեզ միացավ ընկերս՝ այն ժամանակ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բաժնի վարիչ Հովհաննես Զաքարյանը, որ Ռաֆայել Իշխանյանի ուսանողն էր եղել։
Գյուղ հասնելու համար կտրում—անցնում ենք Երեւան—Նախիջեւան խճուղու մեծ մասը, ապա Ղվրախ կոչվող գյուղի կողքով թեքվում ձախ, անցնում ադրբեջանաբնակ գյուղերի շարանն ամփոփող Ղարաբաղլար գյուղով։ Ռաֆայել Իշխանյանի ուշադրությունը գրավում է գյուղի երկայնքով ձգվող ցեխաշեն տների խղճուկ պատերին ու ցանկապատերին, նույնիսկ մարագներին, գոմերին ու աթարի դեզերին փակցված միեւնույն մակագրությունը։
–Ի՞նչ է գրված,–հետաքրքրությամբ հարցնում է նա։
–«Լենին քյուչասի»՝ «Լենինի փողոց»։
Մի լավ զվարճանում ենք ադրբեջանցիների «առաջնորդասիրության» բուռն դրսեւորման վրա։

Նորահայտ բարեկամական կապ

Ռաֆայել Իշխանյանը շատ հավանեց Ազնաբերդը։ Հիացավ նրա հինավուրց այգիներով, ընկուզենիներով ու նշենիներով, սառնորակ Նշաղբյուրի ջրով, Սուրբ Գրիգոր եկեղեցու՝ Հովնաթանյանների ձեռքով արված որմնանկարներով…
–Ո՞ւր էր, թե Արեւմտյան Հայաստանի բոլոր բնակավայրերը թեկուզ այսպես՝ օտարի իշխանության տակ, պահպանված լինեին։
Իմ հայրական տանը ծանոթացավ 85—ամյա տատիս հետ, որ հորեղբորս ընտանիքի հետ էր ապրում եւ մեր կողմերի ավանդական տարազի պարզեցված տարբերակն էր կրում։ Ուշադրությունը գրավեց տատիս հնավանդ Թեբուր անունը, ասացի, որ բարբառով փետուր է նշանակում։ Ամենազարմանալին կատարվեց երեկոյան՝ թեյի շուրջ զրույցի ժամանակ. պարզվեց, որ մենք բավական մերձավոր խնամիական կապ ունենք Իշխանյանների հետ. տատիս եղբոր դուստրը ամուսնացած է Ռաֆայել Իշխանյանի տիկնոջ՝ Բյուրակնի քեռորդու հետ։

Ադրբեջանցիները «ճիշտ» են…

Նախիջեւան քաղաքում Ռաֆայել Իշխանյանին ցույց եմ տալիս հայկական արդեն միակ՝ Սուրբ Գեւորգ եկեղեցին, որ ոչ ավել, ոչ պակաս՝ մարզադպրոց է դարձել, Մոմինե խաթունի պարսկական դամբարանը, որի շինարարությունը ադրբեջանցիներն իրենց «ազգային շինարարական հանճարին» են վերագրում, դամբարանի շուրջը տեղակայված բացօթյա «թանգարանում» ցուցադրված հայկական խոյաձեւ տապանաքարերը՝ ամբողջովին քերված կամ աղճատված հայերեն արձանագրություններով, Նախիջեւանի պատմության թանգարանը, որի սրահներից մեկում ցուցադրված հայկական եկեղեցիներն ու խաչքարերը չարաբաստիկ «աղվանական» պիտակն են կրում…
–Է՛, ի՞նչ ասեմ, Արտա՛կ ջան, սրանք էլ երեւի մեղք չունեն. նվեր են ստացել՝ պիտի ասեն իրենցն է, բա ի՞նչ պիտի անեն… Հո չե՞ն ասի՝ սրանք մերը չեն…

Անսպասելի «ծանոթություն»

Մեծոփ գյուղում ենք։ Պատմական Շահապունիք գավառի երբեմնի ծաղկուն այս բնակավայրում, որ նաեւ իմ երկու նախատատերի ծննդավայրն է, այլեւս հայ չկա, անունն էլ օտարահունչ Բադամլու է դարձել։
Ռաֆայել Իշխանյանը ջուր է խմում աման—չաման լվացող ադրբեջանուհու տված բաժակով, «բաջուն» իր լեզվով շնորհակալություն հայտնում եւ շրջվում դեպի կողքին կանգնած հինգ—վեց տարեկան մանչուկը.
–Անունդ ի՞նչ է,–դարձյալ ադրբեջաներեն հարցնում է պրոֆեսորը։
–Ռափայիլ…–անսպասելի պատասխանում է տղան։
Զարմանալին այն էր, որ հինկտակարանյան այդ անունը ադրբեջանցիները հազվադեպ են կրում, սակայն Ռաֆայել Իշխանյանին «հաջողվեց» առաջին իսկ ծանոթության ժամանակ հանդիպել իրեն անվանակից փոքրիկ ադրբեջանցուն։

Վերջին հանդիպումը

1995—ի փետրվարի 2—ն էր։ Արդեն գիտեի, որ Ռաֆայել Իշխանյանի առողջական վիճակը շատ է վատացել։ Որոշել էի մոտակա օրերին անպայման այցելել։ Այդ մտքերով մետրո մտնելուն պես իմ ընկերներից Հովհաննես Զաքարյանին եւ «Լեզվագետ» կենտրոնի տնօրեն Վաչագան Սարգսյանին տեսա։ Առաջարկեցին իրենց միանալ. զարմանալիորեն պարզվեց, որ հիվանդանոց են գնում՝ Ռաֆայել Իշխանյանին տեսնելու։ (Ի միջի այլոց, երեքս էլ ծնվել ենք նույն թվականի մայիսին՝ Ավարայրի 1500—ամյակի օրերին եւ անկախ մեր կրթությունից (Հովհաննեսն ավարտել է պետական համալսարանի բանասիրական, Վաչագանը՝ մաթեմատիկայի, ես՝ ճարտարագիտականի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետները) երեքս էլ առանձնահատուկ խանդավառությամբ հայագիտությանն ու հայերենագիտությանն ենք նվիրվել եւ Ռաֆայել Իշխանյանին համարում ենք մեր համար մեկ ուսուցիչը։
Ուրիշ կարծիք լինել չէր կարող, եւ միասին գնացինք հանրապետական հիվանդանոց՝ այն հիվանդասենյակը, որտեղ, ցավոք, արդեն անհույս վիճակում էր գտնվում ուսուցչապետը։
Հիվանդասենյակում նրան ծանր վիճակում տեսանք, արդեն նույնիսկ դժվարությամբ էր շնչում։ Տիկին Բյուրակն Չերազ—Անդրեասյանը նրա մոտ էր։
Մեզ տեսնելով՝ մի պահ կարծես պայծառացավ, սակայն անմիջապես հիվանդության ծանր կնիքը կրկին դրոշմվեց դեմքին։
–Տղանե՛ր ջան, շատ վատ եմ արդեն, գրեթե չեմ կարողանում խոսել… Եթե ուզում եք հաղորդակցվել, խնդրում եմ՝ «թարգմանչի» միջոցով…
Եվ ցույց տվեց տիկին Բյուրակնին…
…Մեր կարճատեւ հանդիպումից ուղիղ երեք օր անց Ռաֆայել Իշխանյանը հեռացավ այս աշխարհից։ Նրանից լսած վերջին նախադասությունն էր՝ «Տեսնենք Աստված ինչպես կորոշի…»։ Ինչ—որ ավետարանական խորհուրդ կար այդ հանդիպման մեջ՝ երեւի խաչելության կամ նորածին Փրկչի մահճին այցելող երեք հովիվների, երեք մոգերի դրվագները հիշեցնող խորհրդավոր մի բան…
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

hhpress.am

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply