Չպետք է բռնանալ կնոջ կամքին, որ շրջապատի աչքին իսկական տղամարդ երևաս

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 8, 2012 12:27

Մեր հասարակությունը չի հանդուրժում գեղեցիկ, կայացած կանանց: Թեև կա  մարդկանց մի խումբ, որ  ընդունում և ընկալում է կնոջն իբրև անհատականություն ու տղամարդուն իրավահավասար, սակայն մեծամասնությունն անհանդուրժող է գեղեցիկ կանանց նկատմամբ: Կարող է տարօրինակ թվալ. գեղեցկությունն իբրև խոչընդո՞տ:

Թվում է` հատկապես գեղեցիկ կանայք պետք է որ ավելի հարթ ճանապարհ ունենան, նրանց առաջ փակ դռներ չկան, բայց արի ու տես, որ գեղեցկությունը միշտ չէ, որ ներվում է: Ասածը հիմնավորելու համար բերեմ մեկ-երկու օրինակ. գեղեցիկ կնոջից միշտ ակնկալիքներն ավելի շատ են, հետևաբար,  նրա առջև գրեթե միշտ խնդիր է ծագում` ապացուցել, որ գեղեցիկ լինելուց զատ նաև խելացի ես: Գեղեցիկ կանանց նաև ավելի շատ են փորձում օգտաործել, և  վերջապես, նրանց ավելի շատ են սահմանափակում:

Անշուշտ, կան նաև բացառություններ, բայց` շատ հազվադեպ:

Իրեն գեղեցիկ չհամարող գեղեցկուհին…

Առաջին անգամ Ռուզանին տեսնելով` թվաց` Վերածննդի արվեստագետների կտավների բնորդուհիներից մեկն է հայտնվել:

Յուրահատուկ արտաքինին գալիս է լրացնելու զարմանալիորեն պարզ, մարդամոտ, լուսավոր ու համեստ էությունը,  և ի հակադրություն չափազանց նուրբ դիմածերին` ուժեղ, համառ բնավորությունը:

ՙԵրբեք չեմ կարծել, որ գեղեցիկ եմ: Ճիշտ է, կողքից շատ են ասում, բայց ես ինձ գեղեցիկ չեմ համարում, ոչ էլ ոգևորվում եմ, երբ ասում են այդ մասին,  բայց շատ հաճախ նոր միջավայրում հայտնվելիս ստիպված եմ լինում լարված լինել, որպեսզի արտաքինով պայմանավորված` ինչ-որ վերաբերմունքի չարժանանամ՚:

Ռուզանի խոսքերով` իր կյանքում հաճախ են դեպքեր լինում, երբ իր նկատմամբ դրսևորվում  է արտաքինով պայմանավորված հատուկ վերաբերմունք. ՙԵղել են իրավիճակներ, երբ նույնիսկ ասել են, թե ՙբլանդինկայի՚ տեսք ունեմ, ու հնարավոր է` նաև բնավորությամբ ՙբլանդինկային՚ հատուկ գծեր ունենամ… Իրականում ինձ շատ է նվաստացնում, երբ ինչ-որ հարցում ինձ ընդառաջում են, քանի որ համարում են, որ գեղեցիկ եմ: Ես չեմ ուզում իմ արտաքինով պայմանավորված ինչ-որ բանի հասնել, հասկանո՞ւմ եք, արտաքինը պետք է լրացնի, բայց ոչ առաջ անցնի բնույթից ու հնարավորություններից: Ես չեմ ուզում ինձ ցուցափեղկին դրված ապրանք զգալ…՚,-ասում է Ռուզանը:

Կարելի է կարծել`  արտաքինը շատ հարցեր է լուծում, սակայն Ռուզանի խոսքերով դրա վրա հույս դնելը կամ դրանով առաջնորդվելը վերածվում է առևտրային հարաբերությունների, ցածրացնում, նվաստացնում կնոջը, և ստացվում է, որ կինն իր արտաքինն աճուրդի է դնում` իբրև իր հաջողության գրավական: Դա միաժամանակ կնոջնը ստիպում է սահմանափակվել,  չձգտել. ինչո՞ւ ջանք թափել ինչ-որ բանի համար, ինչո՞ւ զարգանալ,  եթե պարզապես կարող ես արտաքին տվյալներն օգտաործելով` շատ բաների հասնել:

Քանի որ իրեն երբեք գեղեցիկ չի համարել, Ռուզանը շեշտը դնում է միայն իր ինտելեկտի վրա:

Երբ գեղեցկությունը խանգարում է

Ռուզանը  մասնակցել է գեղեցկության մրցույթների,  մոդելային նախածերի (ՙՄիս յոթ մայրցամաք -2009՚, ՙ2009- Միս աշխարհի արքայադուստր՚, ՙ2011- Ռուսկի սիլուետ՚ և այլն), նկարահանվել տարբեր կարճամետրաժ ֆիլմերում, ստացել տիտղոսներ, սակայն նրա համար գլխավոր ձեռքբերումները դրանք չեն, և ոչ էլ դա հիմնական աշխատանքն է:  Ռուզանը լրարգող է, այս պահին աշխատում է իբրև ՓիԱր-ի մասնագետ, անչափ կարևորում է աշխատանքը, ուսումը, կայունությունը, ինքնուրույնությունը, որ անձամբ ինքն է ձեռք բերում, իր ջանքերով հասնում դրան:

Սակայն արդյոք համատեղելի՞ են մոդելային աշխատանքի և նրա մասնագիտական հաջողություններն անձնական կյանքի հետ, եթե հաշվի առնենք, որ և ՓիԱր մասնագետի  աշխատանքը և մոդելային կարիերան ենթադրում են նաև շփում տարբեր մարդկանց հետ:

Իրականում  գեղեցկությունը նաև բերում է մի շարք լուրջ խնդիրներ, որոնք հաճախ հաղթահարել պարզապես չի ստացվում, քանի որ Հայաստանում կան աշխատանքներ, որոնց վրա հայ տղամարդիկ տաբու են դրել: Այդ աշխատանքների թվում է նաև մոդելայինը:

Գրեթե չես հանդիպի հայ տղամարդու, որը կհամաձայնի, որ իր կինն աշխատի իբրև մոդել, մասնակցի գեղեցկության մրցույթների, աշխատանքի բերումով տարբեր երկրներ մեկնի և այլն: Որպես կանոն, կարող ես լսել. ՙՈ՞նց կարող ա պատահի, որ իմ սիրած աղջկան լողազգեստով հեռուստատեսությամբ ցույց տան, կամ նրա լուսանկարներն այստեղ-այնտեղ լինեն, նրան մի հազար հոգի նայի….՚:

Ահա կնոջը ստիպում են հրաժարվել իր սիրած աշխատանքից` պահանջելով ընտրություն կատարել իր և աշխատանքի միջև:

ՙԵս այնպիսի մարդ եմ, որ սիրում եմ ինքս հասնել ինչ-որ բանի, սիրում եմ պայքարել, հաղթահարել դժվարությունները: Մոդելային աշխատանքը իմ հիմնական աշխատանքը չէ, քանի որ կարծում եմ` գեղեցկությունն անցողիկ է, և ժամանակի ու  ներուժի հիմնական ներդրումը կատարում եմ իմ հիմնական մասնագիտությունում, բայց դեմ չեմ նաև մոդելային աշխատանքին, քանի որ այն նույնպես աշխատանք է, ընդ որում` լուրջ աշխատանք: Եթե կարող ես, պետք է աշխատես:  Սա էլ հարգանքի արժանի աշխատանք է՚,-բացատրում է Ռուզանը: Նա անձամբ երբեք հատուկ քայլեր չի արել, որ իրեն կանչեն, նկատեն, հրավիրեն մասնակցելու ինչ-որ մրցույթի: Պարզապես շատ պատահական տեսել են, հրավիրել, նա ուղղակի  չի մերժել այդ հրավերները:

Իսկ արդյոք դրա հետ հաշտվո՞ւմ են հայ տղամարդիկ

Իրականում հայ տղամարդկանց մեծ մասը  չի սիրում ուժեղ կանանց. ՙՆրանց դաստիարակում են  բռնակալական ոգով: Դասական տարբերակն այն է, որ կինը աշխատի, սակայն պետք է անպայման ինչ-որ գրասենյակի տնօրեն լինի, որ նրան ոչ  ոք ՙչասի` ինչ անի՚, կամ պետք է հանգիստ, չերևացող մի տեղ լինի: Մի խոսքով, այնպիսի աշխատանքներ, որոնցով առանձնապես աչքի չես ընկնի և ուշադրության կենտրոնում չես լինի: Քանի որ  տղամարդիկ չեն հանդուրժում ուժեղ կանանց՚:

Աշխատանքի, անկախության ու սիրելի մարդու միջև ընտրության առաջ կանգնե՞լ է արդյոք Ռուզանը: Կոնկրետ պատասխանից խուսանավում է.  ՙԻնձ  աշխատանքն անհրաժեշտ է ոչ թե տնից դուրս գալու, այլ լիարժեքության համար: Տարբերություն չեմ տեսնում` կին, թե տղամարդ, երկուսին էլ աշխատանքն ու աշխատանքային հաջողություններն անհրաժեշտ են: Իսկ եթե քո առաջ դնում են խնդիր` ընտրելու աշխատանքը կամ սիրած մարդուն, նշանակում է` քեզ կոտրում են, քեզ քո էությունից դուրս են սիրում, ոտնահարում քո իրավունքները: Իսկ կոտրված էությամբ կարո՞ղ ես սիրել… Եթե սիրում է, չի կոտրում, ու եթե սիրում է, քո առաջ ՙկամ, կամ՚ չի դնում,  եթե սիրում է, քեզ չի կորցնում…՚:

Ռուզանը խորապես համոզված է, որ ուժեղ կնոջը պետք է հենց ուժեղ տղամարդ, որը երբեք կնոջ հաշվին չի փորձի իրեն ուժեղ զգալ և չի փորձի փոխել կնոջ իրական էությունը` շրջապատի աչքին իսկական տղամարդ երևալու համար:


Մարիամ
 ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Դիտվել է 2364 անգամ:
Print Friendly

Leave a Reply