Կին քաղաքական գործիչն առավել խոցելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 15:56


Կանանց միջազգային տոնին ընդառաջ. այսօր` մարտի 7-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում քաղաքականության մեջ կանանց դերի և հնարավորությունների մասին բանախոսում էին երկու կին քաղաքական գործիչներ` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը և Հայաստանի Սոցիալ-դեմոկտրատական հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Բանախոսները նշեցին այն խոչընդոտները, որոնք խանգարում են քաղաքականության մեջ կանանց ակտիվ ներգրավվածությանը:
«Քաղաքականության մեջ խաղի կանոնները լրիվ այլ են, տղամարդկանց մեջ պայքարը լրիվ այլ բնույթ է կրում և երբ կինն է մտնում այդ պայքարի մեջ, նա շատ խոցելի է դառնում այդ պայքարի մեջ, և պետք է շատ ամուր ջղեր ու կամք ունենաս, որպեսզի կարողանաս ապացուցել քո լիդերության իրավունքը»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա հետ համակարծիք է նաև ՀՅԴ կուսակցության անդամ Լիլիթ Գալստյանը: Ըստ նրա` «Քաղաքական մշակույթն ու ավանդույթները, կարծրատիպերը, ներկուսակցական դեմոկրատիան խաթարող հանգամանքներ են իրական քաղաքականության համար: Մեր կուսակցությունների մեծամասնությունը իրական կուսակցությունների գաղափարախոսության վրա չեն կառուցված, ուր կան կուսակցական ժողովներ, բանաձևեր և այլն»:
Պատգամավորը համոզված է, որ Հայաստանի մերօրյա կուսակցությունների մեծամասնությունը հարուստների կլուբներ են` ըստ շահերի և իշխանությունում տեղ ունենալու համար մղվող պայքարի: Եվ այս միջավայրում, ուր խաղի կանոնները հիմնված է նյութի վրա, կանայք մրցունակ չեն:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply