Այսօր տարեցների միջազգային օրն է. 40 տարվա լրագրողը ստանում է 40 000 դրամ թոշակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 1, 2009 18:07

Երբ ծաղկեփունջը ձեռքիս այցելեցի 85-ամյա Նազիկ Ղազարյանին, զարմացավ. հիշեցրի, որ այսօր տարեցների միջազգային օրն է:

Վաստակավոր լրագրողի կյանքն ու անցած ուղին շատ հետաքրքիր էր:

«1940 թվականին Պուշկինի դպրոցն ավարտեցի, ընդունվեցի համալսարան, պատերազմը սկսվեց,-պատմում է Նազիկը,-Քննություններ հանձնելիս մի հաճելի տղայի հետ ծանոթացա` Շահեն Թատիկյան, գրող էր: Մտքումս ասացի՝ ինչ լավ է, կուրսում միասին կլինենք: Այդպես սկսվեց իմ ու Շահենի մտերմությունը»:

Սակայն այդ մտերմությունը երկար չշարունակվեց, քանի որ Շահենին շուտով զորակոչեցին (նրա հետ միասին նաև կուրսի տղաներից մեծ մասին): Իսկ վերջին կուրսում, երբ Շահենը վերադարձավ, արդեն այն գեղեցիկ ու կենսուրախ երիտասարդը չէր. հենակներով էր ու հյուծված:

«Ուսանողական տարիները շատ ծանր էին,-պատմում է Նազիկը,-ամբողջ քաղաքը մթության մեջ էր: Գիշերը մարդիկ լուսամուտները ծածկում էին սև ծածկոցներով, որպեսզի ռմբակոծություն սկսվելու դեպքում` լույսերը չմատնեին բնակավայրերը»:

Ուսանողական տարիներին մի երիտասարդ կար` Վոլոդյան, ով մութ գիշերներին Նազիկին ուղեկցում էր մինչև տուն: Վոլոդյան ևս ուսանող էր, օպերայի երաժիշտների համար նոտաներ էր արտագրում (պատճենահանում չկար) և դրանով փող վաստակում: Գրեթե սիրավեպ էր սկսվել, երբ նրան ևս զորակոչեցին: Երկու ամիս անց սև թուղթը եկավ: Այդպես պատերազմը Նազիկի կյանքից խլեց երկու տղամարդու, իսկ ճակատագիրն այդպես էլ նրան չպարգևեց իր կեսին գտնելու այլ հնարավորություն:

Նազիկը սովորում էր բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնում:

«Ուզում էի լավ թարգմանիչ դառնալ, որպեսզի հայ գրականությունը թարգմանեի ու տարածեի ռուսերեն լեզվով,-ասում է նա,-սակայն ճակատագրի բերումով դարձա լրագրող»:

Նազիկին նկատեց իր դասախոսներից մեկը, ով այդ ժամանակ փոխարինում էր «Կոմունիստ» թերթի խմբագրին և առաջարկեց աշխատանքի անցնել «Կոմունիստ»-ում:

«Իսկույն համաձայնեցի,-պատմում է Նազիկը,-մտածեցի` նյութապես կօգնեմ ընտանիքիս, քանի որ եղբայրս բանակում էր, հայրս էր միայն աշխատում. բացի այդ, կմնամ Երևանում (այն ժամանակ ավարտելուց հետո գործուղում էին շրջաններ)»:

Նազիկը «Կոմունիստ» թերթում աշխատել է 40 տարուց էլ ավել: Սկզբում լրագրող է եղել, հետո դարձել գրական աշխատող, ապա ավագ գրական աշխատող, պատասխանատու քարտուղարի օգնական և վերջում արդեն` պատասխանատու քարտուղար: Այդ պաշտոնից էլ նա 1987 թվականին գնացել է թոշակի:

Առաջին ներգաղթի ժամանակ, երբ սփյուռքահայերը ժամանել էին Հայաստան, Նազիկն ու հայտնի ֆոտոլրագրող Նեմրութը գնացել էին իրադարձությունը լուսաբանելու:

«Հիշում եմ, գնացքը եկավ, սփյուռքահայերն իջան, բոլորը գոչում էին «ուռռա˜, եղբայրներ, քույրեր»: Մի լավ, ճոխ նյութ պատրաստեցինք,-պատմում է Նազիկը,- սակայն մի քանի օր անց խմբագրությունը ներգաղթածներից մեկից բողոք-նամակ ստացավ, որ իրեն շատ վատ պայմաններով կացարան են տվել: Գնացի նամակի հետքերով: Այդ կինը հայտնի կինոդերասանուհի էր: Երբ ներս մտա, տեսա նրան` տխուր կանգնած հողե հատակին, իր դաշնամուրի կողքին, շատ ազդվեցի: Ասում էր` ախր դաշնամուրս կփչանա այստեղ: Մեր թերթը միջնորդեց, և նրան Սևան հյուրանոցում մի սենյակ տվեցին»:

Նազիկն ինձ խնդրում է, որ չգրեմ այս մասին, ասում է. «Ես շատ եմ հարգում իմ սովետական երկիրը և չէի ուզենա, որ դրանով սևացնեմ»:

1986 թ. Նազիկ Ղազարյանին շնորհվեց վաստակավոր լրագրողի կոչում: Հպարտությամբ ցուցադրելով վկայագիրը` վաստակավոր լրագրողն ասում է.

«Մեր ժամանակ դժվար էր այս կոչումին հասնելը, այսօր լրագրողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն առաջ գնալու, մասնագիտական ավելի լուրջ կրթություն ստանալու, բացի այդ, այսօրվա լրագրողներն ավելի համարձակ ու ազատ են: Նրանք կարող են գրել այն, ինչ ուզում են, իսկ մենք ուզում էինք գրել, սակայն չէինք կարող»:

Նազիկի կարծիքով, սակայն, խորհրդային մամուլը բարոյական տեսակետից ավելի բարձր էր, գրվածքը, ձևավորումը կիրթ էր, էթիկա կար. «ազատություն հո չի՞ նշանակում հայհոյել ու մերկանալ»,-ասում է լրագրողը:

Նազիկը տխրում է, որ  այսօրվա երիտասարդությունը չի սիրում կարդալ, և գիրքը դուրս է մղվում մեր առօրյայից, մինչդեռ ինքը վեց տարեկանից կարդում էր:

«Արդեն չեմ կարողանում կարդալ, կատարախտ ունեմ,-ասում է նա,-աչքս վիրահատության կարիք ունի: Բժիշկն ասաց, որ մոտ 180.000 հազար դրամ է հարկավոր վիրահատության համար, իսկ 40.000 դրամ թոշակով, որը բարձր թոշակ է համարվում, ինչպե՞ս պիտի այդ գումարը հավաքեմ»:

Դիտվել է 2088 անգամ:
Print Friendly

Leave a Reply