Հայ-բելգիական առևտրաշրջանառությունը նվազել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 16:01

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, ընդունելով Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ հայ-բելգիական հարաբերությունները նորմալ են զարգանում թե տնտեսության բնագավառում, թե միջխորհրդարանական հարաբերությունների կտրվածքով եւ թե արտգործնախարարությունների երկխոսության մակարդակով:

«Բայց, ցավոք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը որոշակի ուղղումներ է մտցնում թանկարժեք քարերի գների հետ կապված. դրանով պայմանավորված մեր երկկողմ առեւտրաշրջանառությունը 2009թ-ին պակասել է»,-ընդգծել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը Հայաստանի առանձնահատուկ վերաբերմունքը Բելգիայի նկատմամբ պայմանավորել է նաեւ այն հանգամանքով, որ Բելգիան, որը ևս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապաստան է տվել Ցեղասպանությունից մազապուրծ հայերին:

Նշելով, որ հայ-թուրքական հարաբերություններում լուրջ զարգացումներ են տեղի ունենում, եւ պատմական պահ է` Բելգիայի խորհրդարանի ղեկավարը Սարգսյանին խնդրել է ներկայացնել գործընթացի վերաբերյալ իր տեսակետը:

«Մեր ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ Ցեղասպանության փաստը եւ դրա ծանրագույն հետեւանքները»,-ընդգծել է Սարգսյանը` շարունակելով. «Ծանր էր Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, բայց մյուս կողմից` մենք հարեւաններ ենք եւ պարտադրված ենք հարաբերություններ ունենալ: Սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթացը: Բայց հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում մոռանալ կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը»:

Հանրապետության նախագահը Բելգիայի Սենատի նախագահին ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply