ՀՅԴ բյուրոյի դիտարկմամբ՝ սահմանը բացելուց առաջ պետք է լուծել 53 տնտեսական հիմնախնդիր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 16:22

Արծվիկ Մինասյան«Թուրքիայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մոտ 3 անգամ ավել է հայ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ից»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի հետ բանավեճի ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ ՀՅԴ բյուրոյի կատարած ուսումնասիրության` հայկական տնտեսությունում կա 53 հիմնախնդիր, որոնք հրատապ լուծում են պահանջում, և առանց դրանց լուծման, Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսապես անշահավետ է Հայաստանի համար: Հարցերը շոշափում են տնտեսության բոլոր ճյուղերն ու առկա խնդիրները` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, գնագոյացում …

«Հետո ին՞չ, ԵՄ երկրներում ՀՆԱ տարբերությունն ավելի մեծ է, ուրեմն ինչու՞ ենք մենք այդ երկրների հետ մտնում առևտրային հարաբերությունների մեջ,- հակադարձեց Վարդան Այվազյանը,- Իսկ այն, որ Թուրքիան հարուստ երկիր է, ավելի լավ է շփվել հարուստ հարևանի հետ, քան աղքատ»:

Վարդան Այվազյան«Շատ պարզ պատճառ կա, որովհետև Թուրքիան Հայաստանին դիտում է որպես թշնամի և հակառակորդ երկիր,- ասում է Մինասյանը,- Եվ չի կարելի Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան հարաբերությունները դիտել նույն հարթության մեջ»:

Այվազյանը համաձայն է, որ հայկական տնտեսությունում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն պնդում է, որ այն միայն դրական ազդեցություն կունենա: «Ամենավատագույն դեպքում անգամ մենք կունենանք մոտ 30 տոկոս արտահանման և ներմուծման աճ, ինչպես նաև մոտ 3 տոկոս ՀՆԱ աճ»,- ասում է նա:

«Բացի այդ, Թուրքիան, 70 միլիոնանոց շուկա լինելուց բացի,  ԵՄ հավակնորդ երկիր լինելով՝ Հայաստանի հետ առևտուր անելիս պետք է կիրառի արտոնյալ ռեժիմ»,- ասում է Այվազյանը:

Թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը հայկական տնտեսության առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու համար, Այվազյանն ասում է, որ գործընթացի՝ բարեհաջող ավարտ ունենալուց հետո ստեղծվելու են հանձնաժողովներ, այդ թվում նաև՝ տնտեսական հանձնաժողով:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply