ՀՀ վարչապետի մրցանակներով կխրախուսվեն լավագույն կին գործարարները և գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ լավագույն համայնքապետերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 19:19

Կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը։
Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը վարչապետը շնորհավորել է խորհրդի կին անդամներին. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց ցանկանում եմ շնորհավորել ձեզ մարտի 8-ի առթիվ, մաղթել այնպիսի սեր, որը կփայփայի, կխնայի ձեզ և կերկարացնի ձեր կյանքը: Այսօր դուք մեր հասարակության ամենակարող ուժն եք, կանգնած եք տղամարդկանց կողքին, օգնում եք մեզ հաղթահարելու բոլոր դժվարությունները և այն հաջողությունները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, մեծապես պայմանավորված են ձեզանով»:
Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը զեկուցել է «Լավագույն կին-գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հայեցակարգի մասին: Նա նշել է, որ մեր երկրի տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին-գործարարների նվաճումների գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի 4` «Լավագույն կին-գործատու», «Լավագույն կին-նախաձեռնող», «Մարզի կին-բարեգործը» և «Կին-արտադրողի լավագույն ապրանքանիշը» ուղղություններով: Խորհուրդը հաստատել է ներկայացված հայեցակարգը, մրցույթի հայտարարման ժամկետ սահմանել 2012 թ. մարտի 12-ը: ՀՀ վարչապետի մրցանակների շնորհման արարողությունը տեղի կունենա 2012 թ. ապրիլի 5-ին:
Հաջորդիվ հավանության է արժանացել «Լավագույն համայնքապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հայեցակարգը: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասներ է ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ: Նշվել է, որ տեղական ինքնակառավարման բնագավառում գենդերային խնդիրների լուծմանն աջակցության և համայնքային մակարդակում որոշումների ընդունման հարցում կանանց դերի բարձրացման նպատակով ՀՀ վարչապետի մրցանակներ կշնորհվեն «Լավագույն քաղաքապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» և «Լավագույն գյուղապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» անվանակարգերում:
Նիստում հաստատվել են մրցութային երկու հանձնաժողովների կազմերը: Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին, այլ մրցանակների տրամադրման առաջարկություններին և մրցանակների հանձնման արարողությունների ձևաչափին առնչվող հարցեր:
«Լավագույն կին-գործարար» և «Լավագույն համայնքապետ՝ գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում` http://www.gov.am/am/councils/reports/5/:

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply