Ժորժ Սանդ. տղամարդու կյանք

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | March 7, 2012 17:46

Նրան արական  կեղծանունն ավելի էր սազում, քան իր անունը:  Սանդ կեղծանունը շատ համահունչ է իր ոչ կանացի ցանկություններին: Նույնիսկ նրա ամուսինն էր բողոքում, ասելով, որ «ամուսնացել է ոչ թե կնոջ, այլ իսկական տղամարդու հետ», իսկ կյանքի վերջում խնդրեց Նապոլեոն III կայսերը`  Պատվավոր լեգիոնի շքանշանով պարգևատրել իրեն` «բարդ ընտանեկան կյանքի համար»: Իսկ կի՞ն, թե տղամարդ էր իրեն զգում Սանդը: Իհարկե կին-անհատականություն, որոնք այնքան էլ շատ չէին 19-րդ դարի Փարիզում: Այսօր նա անգերազանցելի  փիար անող կլիներ, հաջողակ գրող` ոչ պակաս հայտնի Պաուլո Կոելիոյից կամ էլ Ջոան Ռոուլինգից և իհարկե, կլիներ համընդհանուր ուշադրության կենտրոնում  ու թերթերում տպագրվող բամբասանքների մշտական թեման: Այս բոլոր դերերում նա հանդես է եկել գրեթե 200 տարի առաջ: Անդրե Մորուան ասել է.«նրա վեպերը  լի են այնպիսի հերոսներով, որոնց մասին երազում են կանայք, սակայն դրանք, ավաղ, գոյություն ունեն միայն նրանց երևակայության մեջ»: Իսկ այն ինչ նա էր գրում, այսօր էլ կարելի է հրատարակել «Սիրավեպ» կամ էլ «Կանացի հայացք» մատենաշարով:

Իրականում նրան կոչում էին քնքուշ` Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն  անունով: Նրա մեջ աննման կանացիությունը միշտ հակամարտության մեջ էր տղամարդուն հատուկ  խելքի հետ, գնչուական արյունը եռում էր` որպեսզի տեղ զիջեր արիստոկրատական սառնությանը: Նրա մայրը գնչուհի էր,իսկ  հայրը, ասում էին, լեհական թագավորի ապօրինի ծոռն էր, մարշալ Սաքսոնացու թոռը: Հայրը վաղ էր մահացել և Ավրորան մնացել է երկու կրակի արանքում. արիստոկրատ տատը տանել չէր կարողանում հարսին` «այդ գնչուհուն», իսկ աղջիկն աշխատում էր իրեն տղամարդավարի պահել և մորն էր պաշտպանում: Դեռատի Ավրորան անգլերեն սովորեց  Փարիզի կաթոլիկ վանքում,  հետո վերադարձավ տատիկի կալվածք` Նոան: 17 տարեկանում նա դարձավ կալվածքի ժառանգորդը, իսկ 18-ում ամուսնացավ բարոն Կազիմիր Դյուդվանի հետ,  մի մարդ որը զուրկ էր խորությունից և բավականին տաղտկալի էր, բայցև անվտանգ: Նա  ընդունակ չէր ընթերցանությունից բավականություն ստանալ, մինչդեռ Ավրորան կարծես շարունակ գրականություն էր զառանցում: Ամուսինը հանդարտ ընտանեկան կյանքի էր ձգտում, իսկ կինը համոզված էր, որ գլխավորը կրքոտ ու վսեմ սերն է: Ամուսության հետ Ավրորան համակերպվեց միայն որդու` Մորիսի ծնունդից հետո: 1831-ին նա սկսեց իր պայքարը երջանկության համար: Այդ պայքարը շատերն են  շփոթում  ֆեմինիզմի հետ: Ախր, եթե Սանդը մի տող անգամ չգրեր, միևնույն է , նրա անունը հայտնի կլիներ բոլորին, քանի որ այն ամենը ինչին երկար ձգտում էին ֆեմինիստները 20-րդ դարում, Սանդը մտածել է 100 և ավելի տարի առաջ:

Ըստ օրենքի, ամուսինների ընդհանուր կարողությունը պետք է տնօրիներ տղամարդը: Ավրորան պայքարում էր տղամարդու և կնոջ իրավահավասարության, եկամուտների  տնօրինման  և ամուսնալուծության հավասար իրավունքների համար: Ամուսնական դավաճանության համար կնոջը կարող էին բանտ նստեցնել, մինչդեռ նույն արարքի համար տղամարդուն խրախուսում էին:« Կինը պետք է տղամարդուն մերժելու իրավունք ունենա»,-պնդում էր նա: Այդուհանդերձ, նա ֆեմինիստ չէր:  Նրա համար կարևորը` ինչի համար  պայքարում էր ու ինչն իսկապես  նրան անհրաժեշտ  սիրած մարդու  կողքին լինելն էր:

Սիրային հեղափոխություն

Նա վաղ հասկացավ, որ սիրուն հակադրվել  նշանակում է` սերը նոր զենքով  զինել: Ու որոշեց չընդդիմանալ: Նրա սիրեկանների շարքն ընդգրկում էր անհայտ ու նշանավոր մարդկանց,  որդու դասատուներին ու մեծ գրողների: Նա  տեղափոխվեց  սիրեկաններից մեկի` Ստեֆան դը Գրանսանիայի մոտ, ապա որոշ  ժամանակ անց վերադարձավ իր կալվածք և աղջիկ ունեցավ` Սոլանժին, ումի՞ց, հայտնի չէ: 1831-ին ամուսնուց  խղճուկ ռոճիկ ստանալով,  տեղափոխվեց Փարիզ: Այնտեղ ի հայտ եկավ մի երիտասարդ` Ժյուլ Սանդո անունով, ում հետ նա ապրեց  սեն Միշելի ծովափնյա տանը: Հենց նրա շնորհիվ Ավրորա Դյուդվանը դարձավ Ժորժ Սանդ:

Սանդը գրել սկսել է հանուն փողի: Առաջին վեպը  հրատարակիչները խոտան համարեցին, սակայն նա շատ շուտով դարձավ աղմկահարույց ռեպորտյոր: Հոդվածների մի մասը գրում էր Ժյուլի հետ, իսկ 1831-ին  ծնվեց  նրանց առաջին համատեղ վեպը` «Ռոզն ու Բլանշը»: Սակայն Ավրորան հանրաճանաչության էր ձգտում, իսկ  Սանդոն միայն խանգարում էր: Հաջորդ գիրքը `«Ինդիանան» նա ստորագրեց արդեն միայն իր` Ժորժ Սանդ գրական կեղծանունով(այն թեթևակիորեն հիշեցնում էր Սանդոյի անունը): 1832-ին ավարտվեց նրանց համագործակցությունը, մահացավ  տկար սերը: Այդ իրադարձությունն Ավրորան ի նպաստ իրեն օգտագործեց. բաժանվելով, նա ստիպեց ողջ Փարիզին խոսել իր ու Մարի Դորվալի` Սանդոյի նոր  սիրուհու  փոխհարաբերությունների մասին: Ժյուլը նույնիսկ ինքնասպանության փորձ կատարեց. մի քանի տարի անց նույնիսկ  Սանդի հանդեպ տածած սիրո մասին վեպ գրեց, սակայն հանրաճանաչության առումով նա հեռու էր Ավրորայից:

 Անխոհեմության նորաձևություն

Սանդն  իրեն միշտ համարել է անճոռնի` գեր, ցածրահասակ ու մռայլ: Այդուհանդերձ, ստիպեց հիանալ իրենով: Բանաստեղծ Ալֆրեդ դը Մյուսեն պնդում էր, որ Սանդը  հմայիչ էր.«Երբ առաջին անգամ տեսա նրան, նա կանացի զգեստով էր, ոչ թե տղամարդու կոստյումով, ինչով հաճախ նա այլանդակում էր իրեն… նրա աչքերը վառ փայլում էին ու առատ մազերի ստվերի տակից այդ փայլը գերում էր, խոցում մինչև սրտի խորքը: Իսկ ճակատին անվերջանալի մտքերի դրոշմն էր»:

Նա նորաձևություն էր արարում`անխոհեմության ու ինքնավստահության  նորաձևություն: Եղել են դեպքեր, երբ տիկնայք հետևելով նրան, հագնում էին տղամարդու կոստյում: Մի անգամ Բալզակը ճանապարհորության ուղևորվեց, իր հետ տանելով ծանոթին` հմայիչ Կարոլինա Մարբուտիին: Վերջինս տղամարդու կոստյում էր հագել ու ամենուր ներկայանում էր որպես Բալզակի քարտուղար: Ճանապարհորդությունից Կարոլինան  հիացած էր, չնայած բոլորը նրան Ժորժ Սանդի հետ էին շփոթում. էլ ու՞ մտքով կարող էր անցնել այդպիսի հագուստով ճանապարհորդելը:

Սանդն իրեն այնքան անխոհեմ էր պահում, որ նույնիսկ անհնար էր  նրան մեղադրելը: Հասարակությունը նրան  չէր էլ մեղադրոմ: Հակառակը` շուտով նրան էին վերագրվեցին  սիրավեպեր, բոլոր հայտնի մարդկանց հետ: Նրա ցուցակում Ֆերենց Լիստի, Գյուստավ Ֆլոբերի և Պրոսպեր Մերիմեի անուններն էին: Ոմանք ասում էին, նույնիսկ, որ Մերիմեի հետ նա ապրել է մեկ շաբաթ, ուրիշներն էլ ասում  էին,  թե` Սանդը  չի հասցրել հանվել,իսկ Մերիմեն արդեն փախել էր: Մյուսեի հետ Սանդը մեկնեց Վենետիկ, որտեղ Մյուսեն հիվանդացավ, իսկ Սանդը հեռացավ նրանից գրողի լավագույն բժշկի հետ: Բալզակն էլ հաստատում էր, որ ինքն է մերժել Սանդին, չցանկանալով նրա ցուցակի հերթական տղամարդը լինել:

Միայն սեր

Իրականում  այդ ամենը բամբասանք էր. ոչ մի ցուցակ էլ գոյություն չուներ: Կար ընդամենը լիարժեք կյանքով ապրելու ցանկություն և այնքան ուժգին, որ նրան չէին ճնշում  սիրեկանների կոտրվող սրտերը, նրանց ինքնասպանության փորձերը, սպառնալիքները (ասում էին, որ մեկը նույնիսկ նրա տամ մոտ  ատրճանակով հսկում էր): Նրանցից յուրաքանչյուրին Ավրորան սիրել է անկեղծ սիրով` թեկուզ մի քանի օրով.«Սիրո կամ ընկերության  մեջ զսպությունը  հիմար տարօրինակություն կլիներ և եսասիրության դրսևորում, սպանելով ցանկացած զգացմունք սկզբում մեր, ապա  սիրած մարդու  մեջ»: Ինքը, հերթական բաժանմանը դիմանալու համար սիրային վեպեր է գրել: Ալֆրեդ Մյուսեի հետ ճանապարհորդությունն, օրինակ դարձավ «Նեն և նան« գրքի սյուժեն, իսկ Ժյուլ Սանդոյի  հետ հարաբերություններն ավելի հասկանալի կդառնան, եթե ընթերցենք «ֆերդինանդը», իսկ «Կոնսուելոյում» կարծես լսվում են Ժորժ Սանդի և Ֆրեդերիկ Շոպենի  նրա  ամնանշանավոր սիրավեպի արձագանքն է: Երբ Շոպենն առաջին անգամ տեսավ Սանդին, Ավրորան 30-ից մի փոքր ավելի էր: Իսկ Ֆրեդերիկը 6 տարով փոքր էր Սանդից: Առաջին տպավորությունը եղավ`«Ինչ տգեղ կին է այդ Սանդը: Նա իսկապե՞ս կին է: Ես խիստ կասկածում եմ»: Շոպենը շուտով կհամոզվի, քանի որ Սանդն իր ողջ զինանոցը գործի կդնի նրան տիրանալու համար:

Նրանց համատեղ կյանքը դժվար է երջանիկ համարել: Շոպենը տանջվում էր թոքախտից: Սանդը տառապում էր նրա հանդեպ տածած սուր մայրական զգացումից: Նա իր երկու երեխաների ու հիվանդ Շոպենի հետ  («իմ 3 երեխայի հետ» ինչպես ինքն էր արտահայտվում) ուղևորվեց Մայորկա: Այնտեղ Շոպենի վիճակը ծանրացավ, ստիպված էին վերադառնալ: Միայն Նոան կալվածքում Ֆրեդերիկի վիճակը թեթևացավ: Տարվա մի մասը նրանք ապրում էին Փարիզում: Շոպենը վաստակում էր դաշնամուրի դասեր տալով, իս Սանդը գիրք էր գրում: Ֆրեդերիկն օգնում էր նրան «Կոնսուելոյի» վրա աշխատելիս: Շոպենը փոխեց նրան (Սանդին միշտ անունով էր դիմում`«Ավրորան հիասքանչ անուն է»), ավելի, քան մնացած բոլոր տղամարդիկ: Նրանք աշխատում էին Սանդին կամազուրկ դարձնել,  վախեցնել, տեղը դնել: Շոպենը` կամաց-կամաց, նրան ենթարկվելով, պարտադրում էր անել այն, ինչ ինքն էր ցանկանում: Հենց Շոպենի հետ էր, որ  Սանդը դադարեց տղամարդու կոստյում կրել, ու հենց նրան էր խնամում ամենահավատարիմ դայակի նման ինն երկար ու ձիգ տարի: Սանդն ու Շոպենը տանջում էին միմյանց, կածես  իրար սերտաճում, իրենց պահում վիրավորված փոքրիկ երեխաների պես. մեկ մայր ու որդի էին, մեկ բուժքույր ու ծանր հիվանդ: Ի վերջո, Սանդը որոշեց, որ Ֆրեդերիկին սեքսը վնաս է ու մերձեցման պահերը գրեթե վերացրեց: Այն Ավրորայից, որին ճանաչում էին նախորդ սիրեկանները, դժվար էր նման բան սպասել: Նա գրում է Շոպենի ընկերոջը.« Շատերը կարծում են, թե ես հյուծել եմ նրան իմ զգացմունքների անսանձությամբ: Իսկ նա մեղադրում է ինձ, որ ես սպանում եմ նրան իմ մերժումներով, այն դեպքում, երբ ես համոզված եմ, որ հակառակն անելով կսպանեմ նրան»: Նրանք բաժանվեցին` Սանդը համարում էր, որ ընկերաբար, Ֆրեդերիկը` թշմամու պես:

Երբ Շոպենը մահանում էր, Սանդին ոչինչ չասացին: Սանդը գտավ, որ դա արդարացի էր.«Ես ինձ չէի ների, եթե մեր հանդիպումը կրճատեր նրա կյանքը թեկուզ մեկ ժամով»:

Տարիներ անց Դյումա-որդին շատ պատահական  կգտնի Սանդի` Շոպենին ուղղված նամակներն այն ժամանակ, երբ Դյումա հայրն ընկերություն էր անում Սանդի հետ: Դյումա-որդին ուսումնասիրեց սիրային նամակագրությունը, հետո դրանք վերադարձրեց Սանդին, որն էլ այրեց նուրբ ու  կրակոտ խոսքերը և  դարի ամենաաղմկալի սիրավեպից միայն բամբասանք ու մոխիր մնաց:

«Կյանքը հաճախ վեպի է նման, ինչով մեր սիրավեպը կյանք չէ», գրել է  նա, մի դարձվածքով բնութագրելով սիրավեպի ժանրը, այն ամենն ինչ կանայք փնտրում են գրքերում, ամենը, ինչ հենց նա գտավ: Կգա ժամանակ, աշխարհը կհասկանա իրեն, կարծում էր Սանդը: Իսկ եթե չհասկանա էլ` կարևոր չէ: Սանդը «Սպարտակ էր` ստրկուհիների մեջ» այս տղամարդկանց աշխարհում սիրեց նրանց ու ուզեց սիրել, գրեց այն ամենի մասին, ինչ ուզում էր:2004-ը Ֆրանսիայում հայտարարված էր Սանդի տարի. կին, որ սիգարներ էր ծխում, սրտեր կոտրում ու անկեղծ ասում.«Մենք չենք կարող մեր կյանքից գեթ մեկ էջ պոկել, չնայած հեշտորեն կարող ենք հենց գիրքը նետել կրակի մեջ»:

Դիտվել է 4089 անգամ:
Print Friendly

Leave a Reply