Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 7, 2012 14:02
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 06-ի երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:
Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը մոտ է Եվրոպային և եվրոպական արժեհամակարգին ոչ միայն պետականաշինության իմաստով, այլև իր վարքագծով` որպես հուսալի գործընկեր թե՛ տարածաշրջանային, և թե՛ միջազգային համատեքստում: Հայաստանը հանդես է գալիս առկա բոլոր խնդիրները քաղաքական բանակցությունների, փոխհամաձայնության, բոլոր կողմերի շահերի հարգման և խաղաղ ճանապարհներով լուծման օգտին: Մենք պատրաստ ենք անել ամեն հնարավորը կանխելու աղետաբեր զարգացումները, վտանգավոր դիմակայությունները, նոր բաժանարար գծերի առաջացումը և գործով ենք ապացուցել մեր մտադրությունների լրջությունը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության իրապես ժողովրդավարական ճանապարհը: «Մենք ձգտում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ հավուր պատշաճի հարգվում են մարդու իրավունքները, երկիր, որտեղ դատաիրավական համակարգը գործում է լիովին անկախ, երկիր, որտեղ կա հավասար մրցակցություն քաղաքական ու տնտեսական դաշտերում, և ամենակարևորը` երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոկ ձև է, այլ նաև բովանդակություն: Սա է զարգացած երկիր և բարեկեցիկ ժողովուրդ ունենալու ճանապարհը, և մենք հետամուտ ենք այն անցնել մինչև նպատակի իրագործում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր Բրյուսելում շարունակվում է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը, որի շրջանակերում առավոտյան Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Օրվա ընթացքում հանդիպում է նախատեսված նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
