ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն մրցակից չի ունենա
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 1, 2009 15:49
Օլիմպիական կոմիտեի 121-րդ նստաշրջանում` հոկտեմբերի 2-ին, կորոշվի 2016-ի օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Այդ իրավունքին արժանանալուն հավակնում են Չիկագոն, Ռիո դե Ժանեյրոն, Տոկիոն և Մադրիդը: Իսկ հոկտեմբերի 9-ին կընտրվի ՄՕԿ-ի նոր նախագահ: Եթե 2016-ի օլիմպիական խաղերի մասնակիցներին հյուրընկալելու համար անզիջում պայքար ծավալվի չորս քաղաքների միջև, ապա ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու մեկ թեկնածու կա` բելգիացի Ժակ Ռոգեն:
Նստաշրջանի աշխատանքը կընդհատվի հոկտեմբերի 3-ին և կանցկացվի օլիմպիական համաժողով, որում կքննարկվեն օլիմպիական կապերի ամրապնդման հարցեր: Նստաշրջանն աշխատանքը կվերսկսի հոկտեմբերի 6-ին: Հաշվետվություններ կլսվեն Վանկուվերում, Լոնդոնում, Սոչիում՝ առաջիկայում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին, կընտրվեն ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի նոր անդամներ:
Ռոգեն հայտնել է, որ 2016-ի օլիպիական խաղերի մայրաքաղաք դառնալու մրցույթում հաղթողը կորոշվի ձայների նվազագույն տարբերությամբ, և այդ քաղաքների երկրների ղեկավարների ներկայությունը կարող է վճռորոշ լինել: Այդ է պատճառը, որ Կոպենհագեն են գալու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Ճապոնիայի նոր վարչապետ Յուկիո Հատոյաման, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը և Իսպանիայի կառավարության նախագահ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն:
Օլիմպիական համաժողովի բացմանը` հոկտեմբերի 3-ին, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:






Facebook
Tweet This
Email This Post
