Արմեն Ռուստամյանը՝արձանագրության մասին. «Եթե ուզում են մեկին թունավորել, բաժակի վրա թույն չեն գրում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 15:18

Այսօր ԱԺ-ում  խորհրդարանական լսումների ընթացքում հնչող ելույթների կեսից ավելին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չլսեց. դահլիճում չէր:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի ելույթին նախարարը նույնպես ներկա չէր: Իսկ Մանոյանն իր խոսքում ևս մեկ անգամ թվեց այն պետությունները, որոնք,  չնայած իրենց տարածքային խնդիրներին, ունեն բաց սահմաններ ու կայուն դիվանագիտական հարաբերություններ:Աջից՝ Կիրո Մանոյան

ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ`  որպես պատմաբան, ասաց, այս փաստաթղթերը ստորագրողները պատմության առաջ պատասխան են տալու: «Ամիսներ առաջ կառավարությունը Ռուսաստանից վարկ ստացավ ու արդյունավետ չօգտագործեց: Խոստացան Հայաստանը դրախտ դարձնել` ճգնաժամի պայմաններում, սակայն ոչ ոք նրանց ստելու համար պատասխանատվության չկանչեց, բայց այս փաստաթղթերի ստորագրման համար պատասխան են տալու»,- իր ելույթում ասաց նա:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ եթե իշխանությունները բանավոր խոսքում ասում են, որ փաստաթղթերում նախապայմաններ չկան, բոլորովին էլ չի նշանակում, որ չկան: «Պարզից էլ պարզ է, որ եթե ուզում են մեկին թունավորել, բաժակի վրա թույն չեն գրում»,-ասաց Ռուստամյանը:Արմեն Ռուստամյան

ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանն իր ելույթում ասաց, որ բոլորն էլ իրենց տեսակետերն ունեն, և պետք չէ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզել: «Մենք մեր ուղին շարունակելու ենք, և մեզ ինչքան քննադատեն, մենք դրանից ավելի առնական ենք դառնալու»,- նկատի ունենալով Հանրապետական կուսակցությանը՝ ասաց նա:

ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանն ասաց, որ իրենք էլ մտահոգություններ ու մտավախություններ ունեն, և որ Հայաստանը գործ ունի «տնտեսական մոնստրի» հետ, բայց դրանով հայկական տնտեսությունը կզարգանա: «Հայաստան ներմուծումները կավելանան 50 տոկոսով, արտահանումը` 30:  1 միլիարդ դոլարով էլ կավելանա առևտրի շրջանառության ծավալները»,- կարծիք հայտնեց նա:


Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply