Ազգային Ժողովը չաշխատող պատգամավորներին 18 մլն դրամից ավելի աշխատավարձ է վճարել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 13:00

2012թ-ը սկսվեց «համամասնական թե՞ մեծամասնական» հռետորական հարցով, որի պատասխանը տվեց ու այդքանով գոնե այս ընտրությունների նախաշեմին վերջակետ դրեց Հանրապետական կուսակցությունը` ոչ ասելով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն: Իսկ սա նշանակում է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կլինեն անձինք, ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով ու ապագա խորհրդարանում դարձյալ կունենանք 41 այդպիսի ազգընտիր: Այլ հարց է, թե նրանք ի՞նչ ճանապարհով, մեթոդներով, ռեսուրսների կիրառմամբ ու մնացածով կդառնան պատգամավոր:

Panorama.am-ը դիմեց Ազգային Ժողովին պարզելու, թե նախորդ 4.5 տարիներին ներկայիս խորհրդարանում ներկայացված մեծամասնական ընտրակարգով ընտրված որոշ պատգամավորներ` հատկապես նրանք, ովքեր իրենց ներկայությամբ ոչ տաք, ոչ էլ սառը դերակատարում են ունեցել երկրի օրենսդրական դաշտում, որքա՞ն գումար են վաստակել: Ընդ որում վաստակել, կրկնվենք, առանց օրենքներ գրելու, հանձնաժողովների նիստերին մասնակցելու, գործուղումների մեկնելու ու միջազգային կառույցներում երկրի դեմքը պահելու, քաղաքացիների հարցերը ԱԺ-ում ներկայացնելու և այլն:

Նախ անդրադառնանք այն հարցին, թե որչա՞փ աշխատավարձ է ստանում ԱԺ պատգամավորը: Ըստ մեր հարցմանը ստացված նամակի` համաձայն «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնական դրույքաչափերի մասին» օրենքի` ԱԺ պատգամավորների պաշտոնական դրույքաչափը կազմում է 300 000 դրամ:

Ճշմարտացի լինելու համար նշենք, որ ԱԺ-ում մեծամասնական ընտրակարգով ներկայացված 41 պատգամավորից ուղիղ կեսը (եթե ոչ ավելին) անգամ չի ներկայանում նիստերի, էլ չհաշված մնացած լիազորությունները, որ օրենքով են ամրագրված, սակայն անտեսվում են: Իսկ հիմա հաշվենք, թե այդ 20 պատգամավորները անցած հինգ տարիներին որքան գումար են ստացել ուղղակի կոճակ սեղմելու կամ էլ առհասարակ երկրում չգտնվելու համար (հասկանալի է, որ նրանց մեծ մասը այդ 300 հազարի կարոտը չեն ու դրանով չէ, որ ընտանիք են պահում, բայց այդ գումարները բյուջեից են ուղղվում, հետևաբար` պետք է ծառայեն նպատակային):

Այսպես, միայն աշխատավարձի վճարման համար այդ 20 պատգամավորներին տարեկան պետական բյուջեից 3 մլն 600 հազար աշխատավարձ է տրվել (խոսքը, կրկնվենք, միայն 20 պատգամավորի մասին է), ինչը հինգ տարվա կտրվածքով կազմում է 18 մլն դրամ: Եվ եթե չխորանանք այն հաշվարկների մեջ, որ կան նաև համամասնական ցուցակով ԱԺ եկած, բայց ոչնչով չաշխատող մեծամասնականներին չզիջող պատգամավորներ (հետևաբար չաշխատող պատգամավորների թիվը հանգիստ կարելի է կրկնապատկել, դուրս գրված պետական միջոցներն էլ հետը), ապա կարելի հստակ ասել, որ այդ միլիոնները ուղղակի փոշիացվում են:

Բայց սա ամենը չէ: ԱԺ-ին ուղղված հարցման մեջ հետաքրքրվել էինք նաև, թե որչա՞փ պրեմիա են ստացել պատգամավորները անցած տարիների ընթացքում: Ըստ պատասխանի` «անցած 4.5 տարիներին պատգամավորներին պարգևատրում է տրվել 6 անգամ` 88 մլն 315.400 դրամ ընդհանուր գումարի չափով»: ԱԺ-ից շեշտել են նաև, թե այդ պարգևատրումը ստացել են ոչ բոլոր պատգամավորները, այնպես որ հստակ նշել, թե քանի՞սն է այս թվում մեր թիրախային` մեծամասնական ընտրակարգով ԱԺ անցած պատգամավորները չենք կարող:

Փոխարենը կոնկրետ անուններ էինք գրել (parliamentmonitoring.am կայքում զետեղված հետազոտության համաձայն` այս պատգամավորները ներկայացված են իբրև ամենից շատ բացակայածներ) ու հետաքրքրվել` Ռուբեն Հայրապետյանը (նեմեց Ռուբոն), Զոհրաբ Զոհրաբյանը (արաբկիրի Զորոն), Լևոն Սարգսյանը (ալրաղացի Լյովը), Հարություն Փամբուկյանը, Ռուբեն Սադոյանը, ինչպես նաև Վերսանդ Հակոբյանը, Արմեն Պուրտոյանը, Սեդրակ Սարոյանը, Տիգրան Արզաքանցյանը, Մարտուն Գրիգորյանը, Հրանտ Մադաթյանը երբևէ ի պաշտոնե մեկնե՞լ են գործուղումների և եթե այո` որքա՞ն գումար են ստացել գործուղման համար:

«Հարցման մեջ նշված պատգամավորներից ԱԺ չորրորդ գումարման ընթացքում մեկ անգամ գործուղման է մեկնել միայն Ռուբեն Հայրապետյանը (16-18.11.2008թ., Մոսկվա), ստանալով 78 158 դրամ գործուղման գումար»,- ասված է խորհրդարանից ստացված պատասխանում:

Նշենք միայն, որ նշված անձանցից գոնե կեսը պատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցությունն ունենալ և կարևոր չէ` մեծամասնական առաջադրմամբ , թե կուսակցական ցուցակի շնորհիվ դարձյալ հայտնվել Ազգային Ժողովում: Սա էլ իր հերթին նշանակում է, որ առաջիկա հինգ տարիներին էլ պետական բյուջեից տասնյակ միլիոններ կմսխվեն ուղղակի նրա համար, որ ԱԺ-ում մեծամասնությունը քվորում ապահովի ու ուզած օրինագիծն անցկացնի:

Մինչդեռ այդ գումարներն ավելի արդյունավետ ծախսելու տեղեր անշուշտ շատ ունենք` միայն սոցիալական ոլորտի «ծակերը» փակելու տասնյակ միլիոններ են պետք և կառավարությունը միշտ դժգոհում է միջոցների բացակայությունից ու նրանից, որ չի կարող նպաստառուների ու կենսաթոշակառուների դառն իրականությունը մեղմել: Գուցե ԱԺ դերակատարման բարձրացման դատարկ խոսակցություններին տրվելու փոխարեն ավելի արդյունավետ կլիներ, նախևառաջ, ինչ-որ վերահսկողական մեխանիզմ ունենալ, ասենք` ԱԺ ստեղծվելիք Էթիկայի հանձնաժողովի շրջանակում, որը վերջապես կվերահսկեր պատգամավորների գործունեությունը, նրանց համապատասխանությունը պատգամավորի մանդատին, իսկ պետությանն էլ, այդպիսով, հնարավոր կլիներ խնայել միլիոնավոր գումարներ:

Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Դիտվել է 1645 անգամ:
Print Friendly

Leave a Reply