Աշակերտին բռնաբարելու մեջ կասկածվող գյուղապետ-ուսուցիչն ազատվել է պաշտոնից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2012 8:59

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդող Ազատ Ղուկասյանը, ով կասկածվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ, դպրոցի տնօրենի հրամանով ազատվել է ուսուցչի պաշտոնից: Այս մասինNEWS.am-ի թղթակից հետ զրուցում նշեց Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը: Նա նշեց, որ գյուղապետը դպրոցում աշխատում էր համատեղման կարգով, այժմ ազատվել է աշխատանքից եւ դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդելու համար մրցույթ է հայտարարվել:

Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հաստատեց, որ այժմ դպրոցում դաս չի տալիս` «ելնելով նախաքննության ընթացքից»: Նրա փոխանցմամբ` ինքը հարցաքննվել է մի անգամ: Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե մի քանի օրից  իրեն կկալանավորեն, գյուղապետը նշեց, որ ինքն այժմ ազատության մեջ է եւ նման բան չկա:

Ինչ վերաբերում է գյուղապետի պաշտոնից Ա. Ղուկասյանին հեռացնելու հնարավորությանը, նշենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` ավագանին, ունենալով որոշակի հիմք, նրա հեռացման պահանջով պետք է դիմի մարզպետին, ով իր հերթին պետք է դիմի Կառավարությանը` քննարկելու նրա հետագա պաշտոնավարման հարցը: «Այդ առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել, եթե համայնքի ղեկավարը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, օրենքները եւ ավագանու որոշումները»,- նշված է այդ օրենքի 17-րդ հոդվածում:  Իսկ ըստ 26-րդ հոդվածի` համայնքի ղեկավարի լիազորությունները պետական լիազորված մարմնի ներկայացմամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե  օրինակ, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման եւ կրում է պատիժը. կամ ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, կասկածվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 142-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարել»), կատարվում է նախաքննություն:

Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ նման բան է եղել, նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ: Հարցին, թե ինչո՞ւ հենց իր անվան շուրջ են նման խոսակցություններ շրջանառվում, Ազատ Ղուկասյանը պատասխանեց, որ իրեն շանտաժ անողներն են խաղում իր բարի համբավի հետ, թշնամիներ ունի, դավադրություն են կազմակերպել եւ այլն` հավելելով, որ ամեն ինչ պարզ կլինի մի քանի օրից, այժմ ավելին չի կարող ասել: «Համոզված եղեք` ով ինչ ասել ա, գրել ա, պատասխան ա տալու դրա համար»,- ասել է գյուղապետը` շեշտելով, որ պատասխանատու է իր ասածների համար եւ շարունակելու է դասավանդել դպրոցում:

Նշենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ամուսնացած է,  ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply