«Քաղաքական ուժերը հաճախ հրաժարվում են մասնակցել բանավեճերին».Ս. Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2012 19:36

«Հ1-ն ու «Հայլուրն» արդեն մոնիտորինգի տակ են, և մենք հիմիկվանից համամասնորեն պետք է անդրադառնանք բոլոր քաղաքական ուժերին,-այսօր Հանրային խորհրդում «Տեղեկատվական տեխնոլոգիաներիների կիրառմամբ նախընտրական քարոզչության կազմակերպման, ընտրողների հետ ինտերակտիվ կապի ապահովման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը,-ինչ վերաբերում է բանավեճերին, մենք երբեք դրանից չենք խուսափել, սակայն փորձը ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը հաճախ հրաժարվում են մասնակցել բանավեճերին, կամ բոլորն ուզում են իշխող կուսակցության հետ մտնել բանավեճի մեջ մտնել, իսկ դա կնշանակի համամասնությունը չպահել»:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանն էլ ավելացրեց, թե հանրայինի զգուշավորությունը լավ օրից չի գալիս:

Սակայն «Սիվիլնեթ» առցանց հեռուստատեսության ներկայացուցիչ Արփի Մաղդուսյանը հակադրվեց այդ տեսակետին, թե բանավեճեր չեն կազմակերպվում, քանի որ քաղաքական ուժերը մերժում են մասնակցել. «Մեր գործը հրավիրելն է, իսկ կգան, թե ոչ՝ իրենց խնդիրը, մենք կհրապարակենք, թե ով չի եկել,-ասաց նա,-իսկ Հանրային հեռուստաընկերությունը երբեք հավասարակշռություն չի պահել, և այսօր դա պահելու խնդիր 100%-ով  դնել, կարծում եմ՝ ազնիվ չէ»:

Հանրային խորհրդի ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Սադոյանը հարց բարձրացրեց. «Եթե երկու կուսակցություններ իրար հետ բանավիճում են, մյուսն էլ չի գալիս, բա ժողովուրդը որևէ կողմ չի՞, չպիտի՞ կարծիք հայտնի»,-ասաց նա-մեր խնդիրը քննարկելն է, թե ինչպես անենք, որ ընտրողները մասնակից դառնան նախընտրական գործընթացներին, դա լինի ինտերակտիվ, մասնակից դառնա նաև ինտերնետ հեռուստատեսությունը, օգտագործվեն համացանցային հնարավորությունները, որպեսզի նախընտրական քարոզչությունն ավելի կենդանի լինի»:

Ըստ Սադոյանի, ընտրողները պետք է գիտակցեն, որ այս ընտրությունները նոր հազարամյակի, նոր էլեկտրոնային դարի ընտրություններ են, և որ նրանք պետք է ավելի ակտիվ լինեն և իրենց մասնակցությունն ուղղակի պահանջեն:

ՀԽ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կիսեց Սադոյանի մտահոգությունը, ապա ավելացրեց, որ քաղաքական բանավեճերի պահանջարկ կա, պարզապես պետք է ասեկոսեներն ու դրսի խոսակցությունները տեղափոխել  հեռուստաեթեր և կլոր սեղաններ: «Առանձին դիտարկման նյութ կարող է լինել հենց այն, որ որոշ քաղաքական ուժեր խուսափում են մասնակցել բանավեճերին կամ դնում են պայմաններ՝ իրենց վեր դասելով»,-ասաց նա՝ կոչ անելով հեռուստաընկերություններին խրախուսել բանավեճերն ու քննարկումները նախընտրական շրջանում:

Քննարկմանը մասնակից Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արամ Գյուրջյանը հայտնեց, որ իրենք հարցում ենք անցկացրել և պարզել, որ քաղաքացիներն ուզում են հետևել քաղաքական բանավեճերին: Գյուրջյանի կարծիքով, հեռուստաընկերությունները բավարար իշխանություն և լծակներ ունեն քաղաքական ուժերին բարոյական պարտադրանք ներկայացնելու, որպեսզի վերջիններս մասնակցեն այդ  բանավեճերին:

Հարություն Հարությունյանն, ամեն դեպքում, վստահ է, որ այս տարվա նախընտրական քարոզչության հնարավորությունը հեռուստընկերություններով բավականին մեծացել է «Սա առաջին դեպքն է, երբ հեռուստաընկերություններում գները սահմանված են ամենացածր սանդղակներով, երբեք նման ցածր գներ չեն եղել»,-ասաց նա:

Հարությունյանը նաև հայտնեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակել է մշտադիտարկման մի նախագիծ, որտեղ սահմանվում է հեռուստաընկերությունների կողմից քարոզարշավները հավասարաչափ և անաչառ լուսաբանելու կարգը: «Փաստաթուղթն առաջիկայում կհրապարակվի, մնում է, որ հեռուստաընկերությունները պահպանեն խաղի կանոնները»,-ասաց նա՝ միաժամանակ հայտարարելով, որ իրենք ունեն բոլոր հնարավորությունները՝ պատժելու պայմաններին չենթարկվող հեռուստաընկերություններին:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply